«Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի հետագա ճակատագիրն անորոշ է, ու դեռեւս հստակ չի նշվում՝ «Արագիլը» շարունակելո՞ւ, թե՞ դադարեցնելու է իր գործունեությունը։
Հիմնադրամն, ինչպես հայտնի է, գործում էր Հայաստանի նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ նպատակ ուներ աջակցել անպտղություն ունեցող ամուսնական զույգերին, որոնք ցանկանում էին երեխա ունենալ արտամարմնային բեղմնավորման (ЭКО) եւ ներարգանդային սերմնավորման (ВМИ) ճանապարհով։ «Արագիլի» պաշտոնական կայքէջում տեղեկություն կա, որ աշխատակազմն օգոստոսին գտնվելու է արձակուրդում։ Նշվում է, որ աշխատանքներն ու նաեւ գրանցումները կվերսկսվեն սեպտեմբերի 1-ից։ Միեւնույն ժամանակ հաշվետվություն է ներկայացվում հիմնադրամի գործունեության վերաբերյալ՝ 2018 թվականի հուլիսի 17-ի դրությամբ։ Ըստ այդմ, ուղեգրվել են 1445 ամուսնական զույգեր, ավարտել են 1277-ը, հղիացել են 559-ը, ծննդաբերել են 373-ը, ծնվել են 528 երեխաներ (ծննդաբերածների եւ ծնվածների թվի անհամապատասխանությունը պայմանավորված է մեկից ավելի երեխաների ծնունդով)։ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը սկսել է գործել 2011 թվականից։ Հիմնադիրն է «Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։
Վերջինիս նախագահ Էդուարդ Համբարձումյանը տեղյակ չէր հիմնադրամի գործունեությունն ու նոր հայտերը վերսկսելու մասին կայքում տեղ գտած գրառման մասին։ Նա նաեւ չգիտեր՝ Ռիտա Սարգսյանն այսուհե՞տ էլ կհամագործակցի «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի հետ։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում