Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը օգոստոսի 31-ին հրապարակավ շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին, հունիսի 30-ին հրապարակավ չհիշեց Սերժ Սարգսյանի ծննդյան օրը. «Իրատես»

Սեպտեմբեր 11,2018 11:46

Որևէ մեկը նկատե՞ց, որ 10-ամյա ընդմիջումից հետո Պուտինը օգոստոսի 31-ին հրապարակավ շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին, հունիսի 30-ին հրապարակավ չհիշեց Սերժ Սարգսյանի ծննդյան օրը: Ռուսաստանում չեն պատկերացնում, որ ժողովուրդը իշխանության ձևավորման հետ կապ ունի ու կարող է իշխանության կամքից դուրս քայլ անել: Օրինակ, հնարավո՞ր է` մի քանի օր ցուցարարները փակեն Մոսկվայի ելքն ու մուտքը, և Պուտինը ասի. «Ես սխալ էի, N-ը ճիշտ էր», ու հեռանա: Եթե հնարավոր է, ուրեմն ինքն է հեռացել: Եվ իշխանությունը փոխանցել է նրան, ում ցանկացել է: Թավշե հեղափոխության տեղ հասնելու ճանապարհին Մոսկվան փորձեց իշխանության բերել Կարեն Կարապետյանին: Չստացվեց: Արտաքուստ ընդունելով հեղափոխությունը Հայաստանում` Մոսկվան Հայաստանում յուրայինների տոտալ զորահավաք հայտարարեց, որ պիտի պահպանեն իր քաղաքական ու ֆինանսական շահերը Հայաստանում:

Ընտրությունը մեծ չէր, ժամանակը կարճ էր, ո՞վ, եթե ոչ Ռոբերտ Սեդրակովիչը, կարող էր ու պիտի ընդդիմության առանցք ձևավորեր, անգործունակ դարձած Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի պարագայում` հակակշռելու ու զսպելու նոր իշխանությանը, որ արևմտամետ խաղեր չտա: Մոսկվայում հենց այդպիսին են տեսնում Հայաստանի նոր իշխանությանը` անկախ վարած քաղաքականությունից: Արարողակարգային նկարահանման պահին ՌԴ նախագահի հայացքը վկա: Եվ` ժամուկես ուշացումով սկսված հանդիպման բովանդակությունը, որի տեղեկատվությունը առժամանակ կլինի անհասանելի, իսկ հետո հայտնի կդառնա գործողությունների մեջ:

Ձեզ չի՞ թվում, որ պատկերը հակասական է: Հակասության հիմքում պարզ իրողությունն է` Մոսկվայի սպասելիքները Երևանից և Երևանի սպասելիքները Մոսկվայից ավելի շատ հակադրվում, քան համադրվում են: Եթե մշուշի մեջ է` ինչի՞ մասին են վարչապետն ու նախագահը խոսել դեմ առ դեմ, հայտնի է` ինչի մասին չեն խոսել.

1.ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության:

2.Որևէ նախկին պաշտոնյայի ճակատագրի, այսինքն` Միքայել Հարությունյանի, Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի: «Մենք մասնավոր հարցեր չենք քննարկել: Կարծում եմ, որ դա Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների հետագա համագործակցության հարց է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

3.ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին չի հրավիրել Հայաստան, որ ցանկացած հանդիպման պարտադիր մաս է, այլապես կասվեր` հրավերը սիրով ընդունվել է, այցի ժամկետները կճշտվեն: Իսկ Պուտինը, սեպտեմբերի սկզբին Ալիևին Սոչիում հանդիպելուց հետո, ամսվա վերջին գնում է Բաքու:

Ուրեմն ինչի՞ մասին են խոսել` Հայաստանին վաճառվող գազի իրական գնի՞, որը, պարզվել է, Պուտինը չգիտեր, Սիրիայի վերականգնմանը Հայաստանի մասնակցության, որ կարող է պատժամիջոցների տակ հայտնվելու հետևանք հարուցել, Պուտինը հերքել է, որ ռուս գործարարներին արգելել է Հայաստանում ներդրումներ անել ու համաձայն է, որ կոռուպցիոներները պետք է պատժվեն, եթե նույնիսկ ռուսական ընկերությունից են, մասնավորապես` երկաթուղային:

Դատելով ռուսական մամուլից ու ռուս պաշտոնյաների հայտարարություններից` Պուտինի օրակարգում չէին կարող չլինել այն հարցերը, որոնց քննարկումը Փաշինյանը հերքում է: Կա լռության երկու պատճառ` համաձայնություն չի կայացել` ասելիք չկա, քննարկումները շարունակվելու են` ասելիք չկա:

Մոսկվայի վախերը հասկանալի են` կադրային կասկածելի նշանակումներ, անընդունելի պայքար կոռուպցիայի դեմ, վերադարձ 10-ամյա վաղեմության դեպքերին` ընդհուպ նախկին նախագահի ձերբակալություն, ՀԱՊԿ-ի դերի ու նշանակության վերաիմաստավորում: Սա Մոսկվայի համար, մեղմ ասած, խայտառակություն է: Քաղաքական բառապաշարով` արևմտամետություն, որը կամ պիտի հիմնավորվի, կա՛մ դադարեցվի:

 

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930