«Ամենակարեւոր եզրակացությունն այն է, որ սոցիալական պաշտպանությունն ու մատչելիությունն առաջնահերթ պահանջում են գաղափարական մոտեցում, հետո՝ տեխնիկական տեղայնացում: Եթե ամեն շենք կառուցելիս առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, հաշմանդամություն ունեցողների համար քաղաքի մատչելիության աստիճանը կբարձրանա»,-հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված այսօրվա քննարկմանը հայտարարեց «Լույս» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, «Ելք» դաշինքի ավագանու ներկայիս անդամ Դավիթ Խաժակյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալու են Երեւանի ավագանու ընտրությունները, որոնց «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
Դավիթ Խաժակյանը փաստեց՝ ներկայում Երեւանի հանրային տրանսպորտում գործող մեծ ավտոբուսներն (մանուշակագույն) ունեին հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված վերելակներ, որոնք, սակայն, այսօր չեն կարող շահագործվել. «Դրանց 60 տոկոսը ներկայում շարքից դուրս եկած է: Հեքիաթի ժանրից է գնել ավտոբուսներ, որոնք հարմարեցված չեն սայլակներին եւ փորձել ձեւափոխել եւ հարմարեցնել: Ուստի կարծում ենք, որ նոր ձեռքբերվելիք ավտոբուսները պետք է ունենան հարթակներ, որոնք չեն վնասվի եւ աշխատանքի պարզ մեխանիզմ կունենան: Այդպիսի ավտոբուսներն ունեն հարմարություններ՝ լսողության, տեսողության եւ տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար»:
Իսկ ահա վերելակների հետ կապված, ավագանու անդամի խոսքով, բարդություն կա. «Նախ, վերելակ մուտք գործելու մատչելիությունը պետք է ապահովենք, ապա ծրագիր գործարկենք, որպեսզի լսելու եւ շոշափելու հարմարանքներ լինեն»:
Դավիթ Խաժակյանի բնորոշմամբ՝ ներկայում որոշ շենքերի բարեկարգման եւ կառուցման աշխատանքները չեն ներառում շենքի մատչելիությունը, իսկ եթե ներառում են, ապա՝ միան առաջին հարկը. «Երբեմն մուտքից այն կողմ իսկ մատչելիության մասին խոսելն ավելորդ է դառնում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ