Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանաբնակ գործարարների մի խումբ փորձում է տնտեսական սաբոտաժի ենթարկել գործող կառավարությանը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 11,2018 11:18

Բավական երկար ժամանակ համառորեն լուրեր էին տարածվում, թե Ռուսաստանի իշխանությունները ռուսաստանաբնակ հայ գործարարներին արգելում են ներդրումներ անել Հայաստանում։ Նման բազմաթիվ ահազանգեր ստացել է նաեւ «Հայկական ժամանակը»։ Բայց այդ ահազանգերը միջնորդավորված են հասնում բոլորին։ Այդպես էլ չհաջողվեց գտնել կոնկրետ դեպք, կոնկրետ գործարարի, որին արգելած լինեին ներդրումներ կատարել ՀՀ տնտեսության մեջ։

Եվ ուրեմն, ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Այդ «արգելքի» մասին Մոսկվայում, հայ գործարարների հանդիպման ժամանակ խոսեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպումն էլ կազմակերպվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ Ակնհայտ էր, որ այդ լուրերը հասել էին նաեւ ՀՀ վարչապետին, եւ նա էլ է անհանգստացել նման «փաստերով»։ Պարզվեց, որ այդ մասին Փաշինյանը խոսել է Պուտինի հետ եւ այդ մասին նա ակնարկեց գործարարների հետ հանդիպման ժամանակ։ «Ռուսաստանի գործարարների առումով ես մի էսպիսի պրոբլեմ գիտեմ։ Էսօր մարդիկ կան, որ… օրինակ ռուսաստանցի գործարարների շրջանում պտտվում են, ասում են, թե ՌԴ նախագահը դեմ է, ասում է՝ հանկարծ չգնաք, Հայաստանում ներդրումներ չանեք։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այս թեմաների վրա ՌԴ նախագահը ուղղակի ծիծաղում էր ու զարմանում էր, թե ինչպես կարող է ընդհանրապես որեւէ մեկի մտքով անցնել, որ կարող է այդպիսի բան տեղի ունենալ։ Բայց ես ձեզ ասեմ։ Հայաստանում կոռուպցիան բավականին երկար ժամանակ գործել է, եւ ինքը ըստ ամենայնի դեռեւս որոշ հնարավորություններ ունի դեզինֆորմացիաներ տարածելու։ … Հիմա՝ ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո ես ուզում եմ շատ հստակ ձեզ ասել, որ էդ ամեն ինչը անհեթեթություն է։ Ես ասում եմ, որ մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում չունենք ոչ մի պրոբլեմ, որեւէ պրոբլեմ, զրո է մեր պրոբլեմների քանակը։ Եվ մենք ունենք լիակատար ըմբռնում մեր երկրի հարաբերությունների որակի, հետագա զարգացումների իմաստով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Անշուշտ, այնքան էլ դժվար չէ կռահել, թե որտեղ են ծնվում այդպիսի «փաստերը»։ Հեղափոխության օրերին այլեւս նախկին իշխանության որոշ շրջանակներ ջանք ու եռանդ չէին խնայում «Կրեմլից դաբրո ստանալու» տպավորություններ ստեղծել հեղափոխության ընթացքը կասեցնելու եւ իշխող կլանի դիրքերը պահպանելու համար։ Այդ հարցում նրանց ամենայն կերպ օգնում էր նաեւ ռուսաստանաբնակ գործարարների մի խումբ, որը տարիների ընթացքում կարողացել էր որոշակի կապեր ստեղծել ռուսական իշխանության ներկայացուցիչների հետ։ Այդ օգնությունը որեւէ կերպ չխաթարեց հեղափոխության ընթացքը, եւ հիմա նույն խումբը նույն ջանասիրությամբ փորձում է տնտեսական սաբոտաժի ենթարկել գործող կառավարությանը։ Պետք է նկատել, որ նրանց հորինած «թեզիսները» որոշակի ազդեցություն ունենում են ռուսաստանյան բիզնես շրջանակների վրա։

Այդ նույն «թեզիսների» մյուս կետերից է նաեւ Հայաստանում անկայունության սպասելիքները, նույնիսկ քաղաքացիական պատերազմի մոտալուտ բռնկումը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930