Թերևս յուրաքանչյուր մարդու համար անառարկելի սկզբունք է` «Հայրենիքի հանդեպ ինչ ես արել, որ չպետք է անեիր, հայրենիքի համար ինչ չես արել, որ պարտավոր էիր անել». այս վերնագրով հոդվածը` հայրենիքի ճակատագրով մտահոգ հարցադրումներով, տպագրված է «Առավոտ», 01.08.2017, «Իրատես», 26.09.2017 լրագրերում:
30 տարի է Հայաստանը գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն` ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, բնապահպանական, բարոյահոգեբանական առումներով շատ խոցելի իրավիճակում` անհեռատես, երկչոտ ռազմաքաղաքական, դիվանագիտական քաղաքականության, նաև երկրի ներքին տնտեսության շատ անարդյունավետ կառավարման հետևանքով: Այսպես. ՀՀԿ-ի և նրա երկու նախագահների` Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի անհետևողական, անհեռատես, երբեմն անպատասխանատու, տնավարի կառավարման հետևանքով երկրի ողջ տարածքում ստեղծվել է բնապահպանական` ջրային, հողային, հանքային պաշարների չարաշահման, վատնման պարզապես աղետալի վիճակ:
Պարոնա´յք, մի՞թե ակնհայտ չէ, որ շատ շուտով, ոչ հեռու ապագայում ջուրը, հատկապես խմելու ջուրը նավթից էլ, ոսկուց էլ թանկ է լինելու, անգին է լինելու. իսկ դուք պարզապես հանցագործ քաղաքականությամբ վատնում, կործանում եք մեր անապակ ջրային պաշարները:
Այսօր առավել, քան աղետալի վիճակում է հայտնվել ռազմավարական բացառիկ արժեք կապուտաչյա Սևանա լիճը: Պարոնա´յք իշխանավորներ, երբ Սևանա լճի մակարդակը բարձրանում էր, ինչո՞ւ չէիք ձեռնարկում ջրածածկ տարածքները արմատապես մաքրելու անտառաշերտից` օրգանական այնքան անցանկալի նյութերից` ապահովելով լճի հետագա անվտանգությունը: Դե, իհարկե, ձեր հետաքրքրությունները այլ էին` բարեկամներով, ընկերներով, ծանոթներով չնչին գներով տարածքներ յուրացնել լճի գեղատեսիլ ափերին` կառուցել ռեստորաններ, հյուրանոցներ, ամբողջ համալիրներ` դրանով իսկ խոչընդոտելով լճի մակարդակի հետագա բարձրացմանը, որը նախատեսված էր դեռ տասնամյակներ առաջ: ԵՎ ահա այսօր հետևանքները աղետալի են. ջրածածկ անտառաշերտը` օրգանական նյութերը փտում են` լրջորեն վտանգելով լճի մաքրությունը, կենսաբանական վիճակը: Անհաշվենկատ, անհեռատես, աններելի փութաջանությամբ ու անտարբերությամբ լճափին հիմնվել են ամեն տեսակի կառույցներ, որոնցից մեծածավալ կոյուղաջրերը, կենցաղային` քիմիական վտանգավոր նյութերով հագեցած աղտեղությունը հոսում է դեպի լիճ, մեծապես ապականելով թե ոռոգման, թե խմելու համար այնքան կարևոր վիթխարի ջրամբարը:
Պարոնա´յք, հսկայական միջոցներ եք վատնել եկեղեցիներ, դղյակներ կառուցել, երբեք չնախաձեռնելով այդ միջոցներով կենսաքիմիական մաքրման կայաններ կառուցել, որ շրջակա բնակավայրերի կոյուղաջրերը չհոսեն խմելու ջրի արժեք ունեցող լիճ. բայց դա ձեզ բոլորովին էլ չէր մտահոգում: Իսկ Ռ. Քոչարյանը, չգիտես ինչ ճանապարհներով միլիարդներ դիզելով, չէր էլ մտածում, հավանաբար չնչին գումարներով ձեռք գցած «Կապուտակ Սևան» հսկայական համալիրը և այնտեղ գտնվող իր առանձնատունը ապահովել մաքրման կայանով, որ ամեն տեսակի ապականություն չհոսի դեպի ժողովրդի հավերժական հարստություն լիճը: Դե, երկրի նախագահը այդպիսի «անկարևոր» խնդիրներով զբաղվելու ժամանակ ու ցանկություն չուներ:
ՀՀԿ-ն և իր երկու նախագահներն իրենց օլիգարխ ընկերներին պատիվ էին արել, անխիղճ եսամոլությամբ հիդրոկայաններ կառուցել գետերի ու գետակների վրա` դրանք պարզապես խցկելով խողովակաշարերի մեջ` վերջ դնելով դրանց գոյությանը, լկտիաբար գյուղացուն զրկելով ոչ միայն ոռոգման, այլև խմելու ջրից: Դե, իշխանավորների ընկեր տղերքն էին, բիզնես էին անում, իհարկե, իրենց էլ բաժին հանում: Ոչինչ որ գետերը զրկվում էին ջրից, իսկ գյուղացու ոռոգման ջուրը վերցնում էին տառապող Սևանից: Ինչպիսի ոչպետական, ոչհայրենասիրական գործելակերպ ու մտածողություն:
Հապա Արարատյան դաշտի ձկնաբուծությունը. ասես ծովային երկիր ենք, Արարատյան դաշտում ձկնաբուծությամբ են զբաղվում ՀՀԿ-ի և նախագահների ընկեր տղերքը` կարճ ժամանակում 15-18 մետրով իջեցնելով , պարզապես հյուծելով սերունդների հավերժական հարստությունը, Արարատյան դաշտի արտեզյան ջրերի մակարդակը: Դե ոչինչ, իշխանավոր տղերքը և նրանց ձկնաբույծ ընկերները թքած ունեին պետական, ժողովրդական շահերի վրա, դե տղերքը այնպես չէին կրթվել ու դաստիարակվել, որ ապրեին ու գործեին պետական մտածողությամբ, հայրենիքի հեռակա շահերով: ԵՎ այդ ձկնաբուծության արդյունքն եղավ այն, որ Արմավիրի Սևջուր գետը դադարեց գոյություն ունենալ, գետի հունով սկսեց հոսել կոյուղաջուր, որով ոռոգվում են Արմավիրի գյուղերի բանջարանոցներն ու այգիները. դե ՀՀԿ-ին ու նախագահներին դա բոլորովին չէր մտահոգում, նրանց բանջարանոցներն ու այգիները ոռոգվում են ժողովրդի հաշվին` խմելու ջրով, ինչպես անում է իշխանավորների նախկին փառապանծ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դե, ՀՀԿ-ի տղերքն են, անփոխարինելի նախագահի թև ու թիկունք, ոչինչ որ ժողովուրդը կեղտաջրով ոռոգված բանջարեղեն է ուտում:
ՀՀԿ-ի և «անփոխարինելի» նախագահների կառավարման տարիներին անխղճորեն ոչնչացվեց «Մայր Հայաստան» հուշարձանի շրջակայքի անտառաշերտը` մեծահարուստ ընկերներին հնարավորություն տալով առանձնատուն-դղյակներ կառուցել անտառի տեղում` մայրաքաղաքը զրկելով պաշտպանիչ անտառաշերտից, թթվածնի աղբյուրից:
ՀՀԿ-ի և նրա ղեկավար գործիչների իշխանության տարիներին չեն ստեղծվել արդյունաբերական ձեռնարկություններ, տնտեսության հիմնական ճյուղ է դարձել հանքարդյունաբերությունը, օտարերկրյա կապիտալի անվերահսկելի շահագործման ներքո` անարդյունավետ, շահամոլական աշխատանքով կործանելով Սյունիքի, Լոռու, Տավուշի, Վայքի բնությունը, Արփա-Կեչուտ ջրամբար-ջրատարով լուրջ սպառնալիքի տակ դնելով Սևանա լճի կենսունակությունը: Ամուլսարի հանքավայրը մեծագույն աղետ է դարձել Ջերմուկ առողջարանի, ողջ քաղաքի, տարածաշրջանի ոռոգման ու խմելու ներքին ջրահոսքերի համար. Թեղուտի հանքավայրը չերաշխավորված, չապահովագրված թունավոր պոչամբարներով պարզապես մեծագույն աղետ է շրջակայքի համար: Դե ոչինչ որ Ջերմուկի առողջարանը լուրջ վտանգի տակ է, ՀՀԿ-ի մեծահարուստները, «անփոխարինելի» նախագահները Իսպանիայում, Իտալիայում, աշխարհի այլ ծագերում կհանգստանան:
Պատկերացնում եք, ՀՀԿ-ն ու նրա նախագահը «անտեղյակ էին» պարզապես ապշեցուցիչ, աներևակայելի չափեր ընդունած կոռուպցիայից, համատարած թալանից, կողոպուտից, իսկ երկրի բախտը, հարստությունը տնօրինում էին մանվելները, սամվելները գագիկները, «անփոխարինելի» նախագահի եղբայրներն ու նրանց «քաջարի» որդիները: Ինչպես պարոն Շարմազանովն էր «միամտաբար» ասում` իշխանությունները տեղյակ չէին այդ ամենից. դե ինչպես տեղյակ լինեին, պարոն, թերևս դուք երկիր չէիք ղեկավարում, այլ ընկեր-ընկեր, տուն-տունիկ էիք խաղում: ԵՎ պարզապես զավեշտ է պատգամավորուհու տիրասեր երազանքը` «դուք դեռ կհիշեք Ս. Սարգսյանին»: Ցավոք, դեռ երկար կհիշենք, քանի դեռ այս երկիրը ուշքի չի եկել նրա և ՀՀԿ-ի թողած ավերակներից:
Խորապես հիասթափեցնող փաստերը, դրվագները պարզապես անհամատեղելի են հայրենապաշտ, պատվախնդիր հայ մարդու համար: Իսկ 2008 թ. ողբերգությունը` անփառունակ նախագահական ընտրություններով, զոհերով, վիրավորներով: 2016 թ. ապրիլին թշնամու «անակնկալ» հարձակո՞ւմ. իսկ ինչո՞ւ անակնկալ, երբ հայտնի էր, որ թշնամին ամեն րոպե կարող է հարձակվել, իսկ դուք, պարոնայք, դղյակներ ու եկեղեցիներ կառուցելու փոխարեն չէիք բարեհաճել սահմանամերձ շրջանները զինել հատուկ ստուգիչ-հսկիչ սարքերով, որ չզոհվեին 100-ից ավելի մեր զավակները, չկորցնեինք տարածքներ:
Պարոնայք ՀՀԿ-ականները այնքան անպատասխանատու են երկրի ճակատագրի համար, որ համարձակվում են հայտարարել` իշխանությունները չգիտեին այդ ամենի` կոռուպցիայի, կողոպուտի, թալանի մասին, պետական միջոցները քեֆը ուզածին պես ծախսելուն, ինչպես անում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պարոնը այս աղքատ երկրում 2017 թ. դեկտեմբերին 1213 հոգուց բաղկացած իր աշխատակազմին որպես լրացուցիչ աշխատավարձ ընդհանուր գումարով վճարել է 275 մլն. դրամ. ընդ որում, նաև իրեն վճարել է 570 հազար դրամ և ոչինչ, որ նրա աշխատավարձը հենց այդքան պատկառելի գումար էր կազմում, իսկ բիզնեսից միլիոնների վաստակ ուներ: Պարզապես ուզում ես զայրույթից ու վիրավորանքից բացականչել` պարոնայք, էս ժողովրդից բոլորովին չե՞ք ամաչում, այդպես եք տնօրինում երկրի բախտը: Պարզապես զավեշտ է, երբ երկրի 2-րդ նախագահը հայտարարում է` իմ նախագահության տարիներին 40 հազար աշխատատեղ է ստեղծվել. պարոնը մոռանում է, որ երկրի ղեկավարը պարտավոր է ինչ-որ բաներ անել: Թերևս, հարկ է ամեն օր մտորել` հայրենիքի հանդեպ ինչ եք արել, որ չպետք է անեիք, ինչ չեք արել, որ պարտավոր էիք անել:
Այնպես որ, ՀՀԿ-ն այնքան մեղավոր է հայրենիքի, ժողովրդի հանդեպ, որ պարտավոր է արժանապատվորեն ներողություն խնդրել և հեռանալ քաղաքական ասպարեզից: Դուք ոչ թե երկիրը ղեկավարել եք, այլ ընկեր-ընկեր, տուն-տունիկ եք խաղացել:
ինչո՞ւ են փաստերն այսքան տխուր. թերևս պետական գործիչների, նաև որոշ զինվորականների հոգիներում դեռևս հայրենապաշտորեն չի հնչել, չի արմատավորվել «կյանքս` հայրենիքին, պատիվս` ոչ մեկին» սրբազան պատգամը: Որպեսզի շատ չծավալվեմ, առաջարկում եմ թերթել «Կյանքս` հայրենիքին, հոգիս` աստծուն, պատիվս` ոչ մեկին» հոդվածը «Իրատես» 23.01.2018., որում արծարծված է մեր ժողովրդի մեջ դարերով, ցավոք, նաև այսօր արմատացած կործանարար էգոիզմը. և փառք մեր արժանավոր հայորդուն` Նիկոլ Փաշինյանին, որը պարզապես դաժան պատերազմ է հայտարարել էգոիզմին, հանուն հայրենիքի, ժողովրդի ոգու ազնվացման:
Չէ որ այսօր ակնհայտորեն ապշեցուցիչ է, անսահմանորեն վիրավորական, երբ պարզվում է, որ Հայաստանի բազմաթիվ գյուղապետեր, թաղապետեր, քաղաքապետեր, սոցիալական աշխատողներ, ցավոք, նաև զինվորական ծառայողներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ զբաղված են եղել թալանով, կողոպուտով` ուրեմն, գողությամբ: Այս ամենի մեղավորը դուք եք, պարոն նախագահներ, պարոնայք պատգամավորներ, որովհետև ժողովրդին չեք առաջնորդել հայրենապաշտությամբ, այլ ձեր ողջ անհայրենասեր գործունեությամբ զարհուրելի էգոիզմ եք սերմանել: Մի՞թե աներևակայելի անպատվություն չէ, երբ երկրի նախագահի եղբայրները, նրանց որդիները, նախագահի հովանավորյալ պատգամավորները, վարչապետերն ու քաղաքապետերը թալանում, կողոպտում են պետությանը, ժողովրդին. արդյո՞ք այդպիսի նախագահը չպետք է բարձրաձայն ներողություն խնդրի ժողովրդից` երկիրը այսքան եսամոլաբար ղեկավարելու համար և արժանապատվորեն լուծարի ՀՀԿ-ն, քանզի դուք իրավունք չունեք նժդեհական կոչվել, իսկ Նժդեհը` «չկա ավելի զարհուրելի թույն, քան առաջնորդի վատ օրինակը, որը շատ վարակիչ է»:
Պարոնայք, հայ մարդուն դաստիարակեք հայրենապաշտությամբ` դպրոցում, բուհում, պետական կառույցներում, քաղաքում, ամենուր, հակառակ պարագայում այս զարհուրելի էգոիզմով մենք շատ բան տանուլ կտանք. դաստիարակեք տաղանդաշատ գրող Վարդան Գրիգորյանի «Դար կորստյան», «Հավերժական վերադարձ» իմաստուն գրքերով, որոնցում անխնա մերկացվում է հայ մարդու դարավոր, նաև այսօրվա կործանարար էգոիզմը, նաև սերմանվում է անհուն հայրենասիրություն, իսկ այս հրաշալի գրքերի տաղանդով ընտրված բնաբաններն անգամ շատ ուսանելի են հայ մարդու համար և այսօր էլ մեծ հնչեղություն ունեն:
***
Հայրենապաշտ, բնապաշտ, սևանապաշտ ընթերցող, այնուամենայնիվ, ներկայացնեմ մի փոքրիկ հատված Կատերինա Միրոնովայի «Մաքուր սրտով» հոդվածից «վօկրուգ սվետա», 2017, թիվ 10:
Հնդաստանի 22-րդ նահանգ Սիկկիմ. փողոցներ` առանց աղբի, խմելու ջուրը` ծորակից: Բնակիչները պնդում են` մենք մեր երկրի ամենաառողջ, ամենաերջանիկ բնակիչներն ենք, որովհետև մեզ մոտ ամենուրեք մաքրություն է: Այս նահանգը, որքան էլ զարմանալի է, Հնդկաստանում է, որն ասես հայտնի է համընդհանուր հակասանիտարական վիճակով: Այնուամենայնիվ, Սիկկիմը բնակավայր է Հնդկաստանում, որտեղ պարբերաբար կազմակերպվում են լուսավորական փառատոներ` զրո աղբ Հիմալայներում նշանաբանով:
Մի քիչ էլ նահանգի սրբազան լճի` 1700մ բարձրությունում գտնվող Կխեչեոպալրի մասին: Բացասական մտքերից ազատվելու, մեդիտացիայի համար պետք է այցելել, իհարկե, ոտաբոբիկ, բարձրությունում ծփացող այդ սրբազան լիճը. լճափին չի կարելի բարձրաձայն խոսել, ծիծաղել, կազմակերպել զբոսախնջույք. ձեռքերը չի կարելի լվանալ լճում, խմել ջուրը, ձուկ որսալ, չնայած լիճը լիքն է ձկներով, խրախուսվում է աղոթքը: Իսկ լճափին կախված պաստառը հիշեցնում է` մաքրությունը գործողությունների ազատությունից առավել քան կարևոր է:
Ուրեմն, հայրենակիցներ, դուք էլ եղեք այդպես հայրենապաշտ, հայապաշտ, բնապաշտ, սևանապաշտ:
Ցավոք, շատերն այդպես չեն ապրել մտածել ու գործել. նրանք ամեն գնով թալանել են, կողոպտել, կուտակել և բոլորովին էլ չեն մտահոգվել, որ հայ ժողովրդի փրկված միակ սրբազան լիճը, սերունդների մեծագույն հարստությունը կործանվում է, գետերը չորանում են, անվերահսկելի, անարդյունավետ հանքարդյունաբերությունը կործանում է մեր փոքրիկ բնաշխարհը:
Այո, մեզանից յուրաքանչյուրն էլ ապրում է միայն առօրյա` ամեն գնով կամ մի կերպ վաստակելու, ուտելու, հագնվելու հոգսերով, բայց ոչ հայրենի բնությունը պաշտպանելու, պահպանելու, շրջակա քաղաքներից, գյուղերից, ափամերձ հյուրանոցներից, ռեստորաններից, հանգստյան տներից, առողջարաններից դեպի սրբազան լիճը հոսող կոյուղային ապականությունը դադարեցնելու մտահոգությամբ: Թերևս համազգային դրամահավաքով մեր պաշտելի Սևանի շուրջբոլորը կառուցենք կենսաքիմիական մաքրման կայաններ` քանի դեռ ուշ չէ:
Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ