«Կուսակցական չեմ եւ չեմ ուզում դառնալ, բայց ուզում եմ հայտարարել, որ այս պահից «Լույս» դաշինքի համակիրն եմ ու մարտիկը»,-«Լույս» դաշինքի քարոզարշավի մեկնարկին այսօր հայտարարեց Հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով. քաղաքապետի թեկնածուն է Արտակ Զեյնալյանը:
Արմեն Սարգսյանը նշեց, որ մեկ էլ նման հայտարարություն արել է, երբ իր եղբայր Վազգեն Սարգսյանը հիմնել է «Միասնություն» դաշինքը, եւ այդ ժամանակ էլ առաջին անգամ սատարող ելույթ է ունեցել: «Արտակ Զեյնալյանը հրաշալի թեկնածու է, բայց նրանից բացի՝ այլ հրաշալի ավագանու թեկնածուներ էլ կան, որոնց հավատում եմ: Մյուս բոլոր քաղաքական ուժերին մրցակից եմ համարում»,-նշեց Արմեն Սարգսյանը:
Նա նաեւ վստահեցրեց, որ այսուհետեւ կանգնած է լինելու Արտակ Զեյնալյանի թիկունքին. «Երբ տեսնում եմ մյուս կուսակցությունների ծրագրերը, բոլորն իրար նման են, որովհետեւ բոլորն ուզում են, որ այս քաղաքը դառնա քաղաք: Այլ է հարցը, թե ով որքանով կպայքարի դրա համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ