Շարունակում ենք ներկայացնել հատվածներ այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկումից՝ «Երևանի տրանսպորտային խնդիրները. ի՞նչ լուծումներ են առաջարկում թեկնածուները» թեմայով։
Հրաչյա Սարգսյան. «Հայք» կուսակցություն. «Մեր կուսակցությունը նույնպես խիստ կարեւորում է մայրաքաղաքում տրանսպորտային հիմնախնդիրը: Պետք է ամեն ինչ անենք Երեւանում բենզինով եւ դիզելային վառելիքով աշխատող տրանսպորտը հնարավորինս կրճատելու համար: Դա էկոլոգիական լուրջ խնդիր է: Պետք է շատացնել էլեկտրատրանսպորտը: Մենք արեւային երկիր ենք եւ հույս ունենք, որ արեւային էներգետիկայի զարգացման պարագայում էլեկտրաէներգիայի սակագինն էապես կնվազի եւ էլեկտրատրանսպորտն ավելի էժան կդառնա թե շահագործողի, թե օգտվողի համար: Միանշանակ է, որ մետրոն պետք է զարգացում ապրի, բարձրացվի տրոլեյբուսային ցանցի որակը եւ ճոպանուղին, բայց ոչ միայն Սարի թաղ-Մարաշ-Կենտրոն:
Երեւանի ռելիեֆը ենթադրում է տարբեր տեղերում այդպիսի հանգույցներ ունենալ: Շատ կարեւոր է օպտիմալ կառավարում ապահովել: Տրանսպորտը բարդերի մեջ բարդագույն համակարգ է: Մեկ միլիոնանոց Երեւան, հարյուր հազարավոր տրանսպորտային միջոցներ: Բոլոր խաչմերուկները պետք է լինեն ավտոմար կառավարվող, երկրորդ գծերում կանգառները պետք է շատ խիստ դատապարտվեն, այսպես կոչված կարմիր գծերը պետք է օպտիմալացվեն, իսկ կենտրոնում ցանկալի է ընդհանրապես վերացնել վերգետնյա կայանատեղիները եւ ինչպես մեր գործընկերները նշեցին, վերգետնյա եւ ստորգետնյա մատչելի կայանատեղիներ լինեն»:
Արթուր Գասպարյան. «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն. «Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ծրագրերն իրարից առանձնապես չեն տարբերվում: Ես կխոսեմ հակիրճ: Բոլոր խնդիրները լուծելու համար առաջինը գումար է պետք: Գաղտնիք չէ, որ Երեւանի բյուջեն չի կարող շատ արագ լուծել այդ հարցը: Հետեւաբար, պետք է բերվեն այլ գումարներ, որոնք այդ խնդիրները կլուծեն: Դրա համար պետք է ծրագրեր մշակվեն: Հավաստիացնում եմ, ամբողջ աշխարհում կան մասնագետներ, որոնք 100, 200 կամ 500 դոլար աշխատավարձով չեն աշխատում: Բայց մշակում են ծրագրեր:
Քաղաքապետարանին կից պետք է ստեղծվի ԲԲԸ, որը կթողարկի բաժնետոմսեր եւ դրանք կպտտվեն շուկայում: Ասիական բանկից կարելի է զրո տոկոսով վարկ վերցնել եւ էլեկտրատրանսպորտը զարգացնել: Հատկապես քաղաքի կենտրոնում կարելի է Աբովյան փողոցի օրինակով երթեւեկը միակողմանի դարձնել: Եվ հաշմանդամների խնդիրը, որոնք ամենատուժածն են տրանսպորտի հարցում լիֆտային համակարգը ներդնել չկարողանալու պատճառով: Քանի դեռ քաղաքապետարանը չի ապահովել նրանց խնդիրը, պետք է գործեն միկրոավտոբուսներ, որոնք հարմարեցված են հաշմանդամներին: Հաշմանդամը ցանկացած ժամին կարող է զանգել եւ այդ տրանսպորտը պետք է գնա եւ նրան անվճար տեղափոխի Ա կետից Բ կետ: Դա քաղաքային իշխանությունների գործն է, քանի դեռ չեն լուծել հարմար տրանսպորտի հարցը: Մեր կուսակցությունը սա շատ կարեւոր է համարում, որովհետեւ մեր շարքերում ունենք շատ հաշմանդամներ, որոնք խնդրել են, որպեսզի այս խնդիրն առաջնահերթ լուծվի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ