«Հերթականությամբ լուծելու ենք խնդիրները, բարելավելու ենք Երեւանի վիճակը: Երեւանը կառավարելու ենք արդար կերպով»,-քարոզարշավի մեկնարկին այսօր հայտարարեց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
Քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե Արտակ Զեյնալյանն ինչպես է լուծելու մայթեզրերը փակող շինությունների-կրպակների խնդիրը: Քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Այո, կան շինություններ եւ կրպակներ, որոնք մայթեզրերն անանցանելի են դարձնում, միաժամանակ՝ այդ շինություններն ունեն սեփականատերեր՝ համապատասխան փաստաթղթերով: Ուսումնասիրելու ենք խնդիրը եւ փորձելու ենք լուծել այնպես, որպեսզի հանրային շահը եւ սեփականաշնորհման իրավունքը հավասարակշռված լինեն»:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ արդարությունը վերականգնելիս հաշվի են առնելու մարդու իրավունքները. «Սեփականության իրավունքից զրկումը կարող է լինել միայն համարժեք փոխհատուցման ձեւով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ