Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերացնե՞լ գազելները, թե՞ առայժմ պահել». Քաղաքական ուժերը քննարկում են տրանսպորտային խնդիրները

Սեպտեմբեր 10,2018 20:50

«Երևանի տրանսպորտային խնդիրները. ի՞նչ լուծումներ են առաջարկում թեկնածուները». հատվածներ «Մեդիա կենտրոնում» քննարկումից

Վահե Թորոսյան. «Օրինաց երկիր» կուսակցություն. «Մենք վերջերս ներկայացրինք մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթները եւ շնորհանդեսի ժամանակ ընդգծեցինք մի քանի կարեւորագույն ասպեկտներ: Դրանք վերաբերում էին նաեւ հանրային տրանսպորտին: Այդ սպեկտրները խարսխված են նորարարական մոտեցումների եւ Երեւանի կառավարման ռազմավարության հայեցակարգի հենքի վրա: Իհարկե, տրանսպորտն ամենասպասված եւ խնդրահարույց հարցերից մեկն է: Մենք կարեւորում ենք գծատերերի ինստիտուտի վերացման անհրաժեշտությունը եւ մարդկանց՝ տրանսպորտից արժանավայել օգտվելու հրամայականը: Մենք խոսում ենք տրանսպորտից, բայց ունենք տրանսպորտի կայանման լուրջ խնդիր: Դրա համար պետք է ներդնել ստորգետյա եւ վերգետնյա կայանատեղիների խնդիրը եւ կառուցել դրանք: Եվրոպայի շատ քաղաքներում կան առանձին հոծ գծեր՝ նախատեսված միայն հանրային տրանսպորտի համար: Այսինքն, դա միայն հանրային տրանսպորտի համար է եւ որեւէ այլ մեքենա, անգամ փոքր մարդատար, այդտեղով չի երթեւեկում:

Անհրաժեշտ է ձերբազատվել կյանքի համար վտանգ ներկայացնող գազելներից, երթուղային տաքսիներից եւ դրանց փոխարեն ավելացնել տրամվայների, տրոլեյբուսների, ավտոբուսների թիվը, նախատեսել նաեւ հեծանվային տրանսպորտի զարգացման համար երթուղիներ»:

Մարինե Թորոսյան, «Ժառանգություն» կուսակցություն. «21-րդ դարի մարդու համար առաջնայինը հասարակական տրանսպորտից օգտվելն է: Քաղաքային տրանսպորտը, երթեւեկությունը կենդանի եւ դինամիկ օրգանիզմ է եւ ամեն օր զարգանում է անկախ նրանից, թե մենք ինչ ենք նախատեսել, թե այսօր ինչ ենք անելու: Պետք է վերահսկողություն լինի, թե ամեն օր մայրաքաղաք քանի մեքենա է մուտք գործում եւ դուրս գալիս: Երեւան մուտք գործող տրանսպորտի համար կարելի է ստեղծել կայանատեղիներ, որպեսզի այդ մեքենաները գոնե պիկ ժամերին կենտրոն մուտք չգործեն: Երկրորդը մետրոյի կայարանների ստեղծումն է: Դա երկարատեւ ծրագիր է՝ Աջափնյակ, Չարբախ եւ Հարավ-Արեւմտյան թաղամաս: Պետք է կարողանանք ստեղծել օղակաձեւ երթուղի, որը քաղաքը կբեռնաթափի:

Իհարկե, շարժակազմի փոփոխություն պետք է լինի: Բայց գազելները վերցնել դեն նետելը ես խնդրի լուծում չեմ համարում: Կան երթուղայիններ, այնպիսի շարժակազմեր, որոնք դեռեւս պիտանի են: Կարելի է դրանցով Երեւանի ծայրամասերն իրար կապող երթուղիներ ստեղծել, որպեսզի այդ գազելները կենտրոն չմտնեն: Երեւանում չեն ուսումնասիրվել ընդհանուր օգտագործման կանգառները՝ ինչպե՞ս են դրանք տեղադրվել: Չկան կանգառների սահմանները: Չկա հաշվարկ, թե այդ կանգառները ժամանակի միավորում քանի՞ ավտոբուս են սպասարկում: Իհարկե, ճոպանուղին էլ պետք է ներդրվի: Եվ այն, թե միասնական օպերատորի ներդրման դեպքում Երեւանի քաղաքապետարանը ինչ վերահսկողություն պետք է իրականացնի, ինչ լծակներ պետք է ունենա, որպեսզի ամենօրյա, ամենժամյա վերահսկողություն իրականացնի օպերատորի նկատմամբ, չդառնա գծատերերի պես շահույթ հետապնդող: Ամբողջ աշխարհում ուղևորափոխադրումները շահույթ հետապնդվող չեն եւ սուբսիդավորվում են քաղաքապետարաններից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930