«Այս ընտրությունները կարեւոր են ողջ ՀՀ-ի համար: Սա որեւէ քաղաքական ուժի հարց չէ, այլ Հայաստանին վերաբերող հարց է, քանի որ հեղափոխությունից հետո ամենամեծ թվով ընտրողներ ունեցող քաղաքն արտահերթ ընտրությունների փորձության միջով է անցնում»,-սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկային միջոցառմանն այսօր հայտարարեց «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները միավորող «Լույս» դաշինքի առաջնորդներից Էդմոն Մարուքյանը (ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար):
Հիշեցնենք, որ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանն է:
Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ՝ շատ քաղաքացիներ գուցե համակրեն որեւէ թեկնածուի, սակայն մտածեն, թե ընտրություններին մասնակցելը կարեւոր չէ. «Հնարավոր է՝ այս ընտրություններում քաղաքացիների կողմից ցածր մասնակցություն լինի, այդ պատճառով քաղաքացիական գիտակցություն ունեցող ակտիվ անձանց կոչ եմ անում հանրայնացնել ընտրությունների կարեւորության հարցը»:
Էդմոն Մարուքյանը կոչ արեց քվեարկել «Լույս» դաշինքի օգտին. «Որովհետեւ խավարն ինքնին գոյություն չունի, այն լույսի բացակայությունն է: Այդ լույսը մենք բերում ենք քաղաքականություն, որը պետք է երջանիկ դարձնի մարդկանց կյանքը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ