Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց՝ «սեւ» ուժերի մասին, որոնք ԱԺ-ում, «քուչեքում» բանակցում են ՀՀԿ-ականների հետ

Սեպտեմբեր 10,2018 20:22

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնակցելով Էրեբունի համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավային հանրահավաքին, անդրադարձավ ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտնի արտահայտությանը՝ սեւերի եւ սպիտակների մասին եւ ուշագրավ հայտարարություն արեց այսպես ասած «ծախված» քաղաքական ուժերի մասին:

Փաշինյանն ասաց, որ Մարությանի հայտարարությունը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց. «Անկեղծ ասած, ես էլ ասի՝ Հայկ ջան, բեր էդ սեւ-սպիտակը թողենք, բայց ոնց որ Հայկը մի բան գիտեր էն ժամանակ, որովհետեւ այսօր Երեւանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք նաեւ իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ ու էսօր գիտե՞ք ինչ ա տեղի ունենում, էսօր նրանք գնացել են խորհրդարանում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, քուչեքում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, տարբեր ռեստորաններում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, թե բա՝ տղերք կլինի դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարության ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ, որ հաղթենք քաղաքապետի ընտրություններում, ընենց կանենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի,որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա: Այո, այնպիսի ուժեր, ովքեր, իհարկե, հեղափոխության հաղթանակից հետո իրենց հայտարարեցին ամենաթունդ հեղափոխականներ, էդ տենց ա չէ, ամենաուժեղ հեղափոխականները նրանք են, ովքեր հեղափոխությունից մի շաբաթ անց ասում են՝ արա, մենք արինք էդ հեղափոխությունը, մինչեւ էդ կանգնած  հեղափոխության դեմ խոսում էին՝ թե՝ Սերժը լավ ա, ի՞նչ գործ ունեք մեր երկրի կայունությունը խաթարում եք: Հիմա էլ ընկել են ՀՀԿ-ականների զորացրված քաղաքական գործիչների հետ բանակցում են: Տղե՛րք եւ աղջիկներ, եթե ձեր հույսը ՀՀԿ-ի զորացրված ընտրակեղծարարների վրա է, դուք ընդհանրապես ինչի՞ համար եք մասնակցում ընտրությունների: Հրապարակներից հարցազրույցների մեջ իմ անունն են տալիս, հեղափոխության անունն են տալիս, գնում են թաքուն ասում են՝ եկեք հավաքվենք, դրանց քցենք, հեղափոխությունը հեչ անենք»;

Փաշինյանը, դիմելով այդ ուժերին՝ ասաց. «Չի՛ ստացվի, ջախջախիչ պարտություն է ձեզ սպասվում, որովհետեւ ժողովուրդն է ձեզ մատնելու ջախջախիչ պարտության»:

Փաշինյանն ասաց՝ «Մի բան իմացեք՝ մենք, ես ինքս երբեք ու երբեք իշխանությունից չեմ կառչելու: Որ օրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կորոշեն, որ ես այլեւս չպետք է լինեմ իշխանության, 15 րոպե հետո մենք չենք լինի իշխանության: Ո՞վ որ ասում ա, թե ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանը կամ ՔՊ կուսակցությունն ունի իշխանություն, նա ոչինչ չի հասկանում, որովհետեւ ՀՀ-ում իշխանություն ունի միայն հայ ժողովուրդը եւ այլ կերպ երբեք չի լինելու»:

Վարչապետն ասաց, որ ոնց որ թե ապրիլ-մայիսից դասեր չեն քաղել ու հորդորեց՝ «սթափվե՛ք, գժուկնե՛ր, սթափվե՛ք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930