Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը ավագանու ընտրություններում կպայքարի առանց չարախոսությունների ու բամբասանքների

Սեպտեմբեր 10,2018 20:15

«Երեւանի կառավարումը պետք է լինի կոլեգիալ, այսինքն՝ ավագանիների որոշումները պետք է շատ ավելի լայն լինեն եւ նրանք պետք է ունենան մեծ իրավասություններ»,-այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Օրինաց երկիր» կուսակցության ավագանու ընտրություններում ընտրական ցուցակը գլխավորող կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

ՕԵԿ-ն իր քարոզարշավը մեկնարկեց քայլերթով, ապա Մոսկվա կինոթատրոնի հարեւանությամբ հանրահավաք անցկացրեց՝ ներկայացնելու ծրագրերը: Պարոն Շահգելդյանն ասաց, որ իրենց համար սկզբունքային հարցերից է լինելու ֆինանսական թափանցիկությունը:

Նրա խոսքով, ՕԵԿ-ի ծրագիրը մշակվել է հաշվի առնելով արտասահմանի փորձը, Երեւանի հիմնախնդիրները եւ հասարակական կազմակերպությունների, փորձագետների հմտություններն ու առաջարկները:

Մհեր Շահգելդյանը կարեւորեց բնակարանաշինության հարցը. «Այսօր երիտասարդների մեծ մասը ձգտում է Երեւան, բայց մարդիկ չունեն բնակարաններ, բայց դրա հետ մեկտեղ Կենտրոնը խեղդվում է բարձրահարկ շենքերի կառուցմամբ: Մենք առաջարկում ենք սոցիալական բնակարանաշինություն»:

Նա թվարկեց բոլոր այն կենտրոնական փողոցները, որոնք խիտ կառուցապատում ունեն, մինչդեռ ծայրամասերում դատարկություն է:

«Պետք է վերացվեն անօրինական շինությունները Երեւանի կենտրոնում, որոնք անմիջականորեն սպառնում են մեր քաղաքացիների շահերին: Հյուսիսային պողոտայի, Կոզեռնի, Ալավերդյանի վրա խնդիրներ կան, քաղաքացին չպետք է տուժի, վերջիվերջո շինարարությունը պետք է լինի այլ թաղամասերում էլ, այնտեղ էլ են մարդիկ ապրում նրանք կարիք ունեն կանաչ ճարտարապետություն պետք է լինի»,-ասաց պարոն Շահգելդյանը: Ըստ նրա, կարեւոր հարցերից են ենթակառուցվածքները:

Նա նաեւ ասաց, որ պայքարի ելած քաղաքական ուժերին հարգում են եւ փոխադարձ հարգանքի ու պատկառանքի վրա պետք է կառուցել քարոզարշավը:

Ավագանու մյուս անդամները նշեցին, որ իրենց պայքարը լինելու է առանց չարախոսությունների ու բամբասանքների:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930