Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր Էրեբունի համայնքում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա իր ելույթը սկսելուց առաջ նախ ճշտեց՝ «Դուխներդ տե՞ղն է, դուխներդ, էդ ամենակարեւորն է», նոր անցավ բուն ելույթին: Ըստ Փաշինյանի, այս ընտրությունները շատ կարեւոր են, որովհետեւ դրանք առաջին ընտրություններն են ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից հետո. «Այս ընտրությունները ստանում են բացառիկ կարեւոր քաղաքական նշանակություն, որովհետեւ այս ընտրություններում ՀՀ քաղաքացին պետք է ընտրական տեղամասերում վերահաստատի այն հաղթանակը, որը նա տարել է Հանրապետության հրապարակում: Եվ ուրեմն այս ընտրություններում խնդիրն ամենեւին էլ այն չէ՝ Հայկ Մարությանն ընտրվելո՞ւ է Երեւանի քաղաքապետ, թե՞ չէ, խնդիրն այն է՝ ժողովուրդը Հրապարակում տարած իր հաղթանակը վերահաստատելո՞ւ է ընտրատեղամասում, թե՞ ոչ»:
Վարչապետն ասաց՝ բոլոր նրանք, ովքեր ուզում են ՀՀ-ում վերահաստատել ժողովրդի իշխանությունը, բոլոր նրանք, ովքեր ուզում են վերահաստատել ՀՀ-ում ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության հաղթանակը, ուրեմն նրանք ընտրական տեղամասերում պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ Հայկ Մարությանի օգտին:
Վարչապետի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքը հանդես է գալիս հատկապես Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուով, որովհետեւ իր համոզմամբ՝ նրա թեկնածությունը ամենաշատն է համապատասխանում այն գաղափարախոսությանը, որն այսօր դրված է ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության հաղթարշավի հենքում. «ՀՀ-ում այլեւս պետք է տեղի ունենա աշխատանքի քարոզչություն, ոչ թե պարապության քարոզչություն, ՀՀ-ում պետք է փոխվի հաջողության մոդելը, պետք է ներդրվի նոր հաջողության մոդել: Հին մոդելի իմաստը այն էր, որ դու որեւէ տեղ հաջողություն ունենալու համար պետք է ունենաս լավ ծանոթ, լավ բարձրաստիճան պաշտոնյա, որին ծառայես ընտրություններում, հնարավորինս շատ կեղծիքներ անես, հետապնդես, ճնշես ժողովրդին ու այդ պատրաստակամությամբ կարիերա անես: Հաջողության նոր մոդելն այն է, որ մարդիկ այլեւս ՀՀ-ում հաջողության են հասնում բացառապես իրենց տաղանդի, աշխատանքի քրտնաջանության, սկզբունքայնության արդյունքում: Այն ժամանակներում, երբ Հայկ Մարությանը պետք է ընտրեր իր հետագա կյանքի ճանապարհը, նա ի՞նչ արեց, նա ոչ թե որոշեց գնալ ծանոթ-բարեկամ փնտրելու, գտնելու, որ մի տեղ մի հատ լավ աշխատանք տան, մի հատ յուղոտ պաշտոն տան, նա վերցրեց տեսախցիկը եւ ինքն իր համար ստեղծեց աշխատանք, ինքը որոշեց իրացնել իր տաղանդը՝ այդ ընթացքում չունենալով որեւէ բարձրաստիճան պաշտոնյա հովանավորի կարիք: Որովհետեւ նա մտածեց, որ եթե ինքը իր տաղանդի հովանավորյալ համարի ժողովրդին, ժողովուրդը կհովանավորի իր տաղանդը: Դուք բոլորդ գիտեք «Կարգին հաղորդումը», մենք տեսնում ենք «Կարգին հաղորդման» այն հատվածը, որը երեւում է էկրաններին: Դա, ըստ էության, հսկայական կազմակերպչական մի աշխատանք է, ծանրագույն մի աշխատանք, որը կատարել է Հայկ Մարությանը՝ ըստ էության ստեղծելով Հայաստանի ամենահաջողակ, ամենահայտնի պրոդյուսերական աշխատանքը, որը ստեղծել է սեփական քրտինքով, որը պոպուլյար է եղել, սիրվել է մարդկանց կողմից: Դա ձեռք է բերվել ոչ թե սրանից- նրանից մուրալու արդյունքում, այլ՝ 24 ժամ աշխատելու»:
Ըստ Փաշինյանի, սա է Հայաստանում հաջողության հասնելու նոր մոդելը, որ պետք չէ հաջողության հասնելու համար քծնել իշխանություններին ու իշխանություններից օգնություն խնդրել, այլ պետք է օր ու գիշեր աշխատել, իրացնել սեփական տաղանդը ու այդ տաղանդն անպայման կբերի արդյունքի, կբերի բարեկեցության:
Փաշինյանն ասաց, որ պետք է գիտակցել այս ընտրությունների բացառիկ նշանակությունը, որովհետեւ այս ընտրություններին, Հայկ Մարությանի օգտին քվեարկողը քվեարկում է հեղափոխության օգտին, քվեարկում է ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու եւ այս ԱԺ-ն լուծարելու օգտին. «Բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելու գաղափարը, մի մարդու նման 70-80 տոկոսով քվեարկեք «Իմ քայլը» դաշինքի օգտին: Դրանով դուք ոչ միայն քվեարկում եք հեղափոխության օգտին, դուք ոչ միայն քվեարկում եք հանուն կոռուպցիայի դեմ պայքարի օրինականության, այլ դրանով դուք մերժում եք Հայաստանում սերմացու գողացող մկների պես թալանածներին՝ առանց բացառության: Այս հեղափոխությամբ դուք ձեր իշխանությունն եք հաստատել փողոցներում եւ հրապարակներում, բայց այս ընտրություններում ՀՀ ժողովուրդը պետք է իր իշխանությունը հաստատի ընտրատեղամասերում…Այս ընտրություններով պետք է լուծել հակահեղափոխության հարցը վերջնականորեն, որ էդ գողացողները իրենց ծակերից դուրս գալու մասին չմտածեն անգամ առաջիկա 5 տարիների ընթացքում եւ ընդհանրապես հավիտյան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ