«Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները միավորող «Լույս» դաշինքն այսօր սկսեց սեպտեմբերի 23-ի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք»(«Քաղաքացիական պայմանագիր» + «Հանրապետություն» + «Լուսավոր Հայաստան») դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը, ներկայացնելով դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանին՝ ասաց. «Ուզում եմ, որ Արտակ Զեյնալյանն արժանի կերպով գնահատվի: Նա ինձ համար հերոսի կերպար է՝ իրական հերոսի, որը 19 տարեկանում լինելով Բժշկական համալսարանի գերազանց ուսանող՝ ծնողներից թաքուն «փախավ» արցախյան ռազմաճակատ: Հետո ծնողներն իմացան, որը նա վիրավորվել է: Նա այլ վնասվածքներ էլ ունի, որոնց մասին չի խոսում»:
Արամ Սարգսյանի խոսքով՝ Զեյնալյանը երբեք չի շահարկել այն փաստը, որ պատերազմում կորցրել է ոտքը, վիրահատություններ տարել. «Նա ապացուցել է հայրենիքին նվիրավածությունը, երբ ծանր վիրահատությունից հետո կրկին վերադարձել է ռազմաճակատ»: Սարգսյանը նշեց, որ Արտակ Զեյնալյանն անցել է զինվորականի, բժշկի, իրավապաշտպանի, կառավարության անդամի ճանապարհներով. «Չէի ասի, որ նա անթերի է: Նրա հետ հեշտ չէ աշխատելը, նա շատ սկզբունքային է, բայց Երեւանին հենց այդպիսի մարդ է պետք»:
Ըստ Արամ Սարգսյանի՝ եսասիրությունը եւ շահամոլությունը հեռու են Արտակ Զեյնալյանից. «Այնպես, ինչպես ես վստահում էի մեծ եղբորս(նկատի ունի հոկտեմբերի 27-ին սպանված Վազգեն Սարգսյանին), այնպես վստահում եմ Արտակին: Հավատացեք, որ եթե ձեր ձայնը տաք նրան, հետագայում հպարտանալու եք ձեր ընտրությամբ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ