Մոտ 2 ժամ առաջ տեղացած կարկուտը վնասներ է հասցրել Լոռու մարզի Դսեղ համայնքին: Հավկիթի մեծությամբ կարկուտը 15 րոպեի ընթացքում հողին է հավասարեցրել գյուղացու ամբողջ տարվա չարչարանքը: Վնասվել են ոչ միայն տնամերձ հողատարածքները, այգիները, այլ նաեւ տանիքներն ու լուսամուտները. «Ձվի չափից մեծ կարկուտ էր գալիս: Կար ձվի չափ էր, կողքից էլ մի քանի հատ կպած՝ տձեւ կարկուտ էր:
Ամբողջ համայնքում տեղաց կարկուտը, իսկ առանձին հատվածներում շատ ավելի ուժեղ էր: Նույնիսկ ծառեր է կոտրել, տներ վնասել»,- Aravot.m-ի հետ զրույցում ասաց Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը:
Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ մարզպետարանում արդեն տեղյակ են, իսկ համայնքապետարանն այս պահին վնասի չափերն է հաշվարկում.
«Դիմել եմ մարզպետարան, իրենց մոտ գրանցել են, առաջարկել են հանձնաժողով կազմել, վնասի չափը հաշվարկել եւ իրենց ներկայացնել: Հիմա այդ հարցերով ենք զբաղված: Առայժմ դիտարկումներ եւ տնային այցելություններ ենք իրականացնում: Շրջում ենք ավելի շատ վնասներ կրած թաղամասերում»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ