Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Հետաքրքիր կլինի՝ Երեւանի քաղաքապետը հայտնվի Փարիզում, Մոսկվայում՝ ղարաբաղյան բանակցային պրոցեսից հարց տան, չիմանա ինչից խոսի»:

Սեպտեմբեր 10,2018 17:46

«Եթե ես լինեմ Երեւանի քաղաքապետ՝ նույն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար վերարտադրվելու պրոցեսն ավելի բարդ է լինելու, քան նրանց դեպքում, ովքեր փորձ չեն ունեցել հակադրվելու Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին»,-այսօր այս մասին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Երեւանի ավագանու ընտրությունների «Երեւանցիներ» կուսակցություններ դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը: Թե՝ ո՞ւմ նկատի ունի պարոն Զուրաբյանն, ասելով՝ փորձ չունի, արդյոք «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին, Aravot.am-ի այս հարցին ի պատասխան, Զուրաբյանն ասաց. «Ոչ մեկին: Ես ինձ նկատի ունեմ, ասում եմ հետեւյալը՝ հակադրվելով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին՝ ես անցել եմ ճանապարհ, անցել եմ բանտով»:

Պարոն Զուրաբյանն ասաց, որ կան ավագանու թեկնածուներ, որոնք ունեն անցած լուրջ քաղաքական ճանապարհ. «Ես ցավում եմ, որ որեւէ մեկը խոսում է, ենթադրենք ինչ-որ բանի մասին, ու փորձում է ասել՝ այսօր, այսօր, երեկ… Այսօր-երեկ, օրինակ, մեր հեղափոխական պրոցեսի մասնակիցների մի ստվար հատված, տարիքի առումով նույնիսկ, երեւի թե իր միակ քաղաքական ակցիան է եղել ինչ-որ փողոց փակելը»:

Մանրամասն՝ տեսանյութում 

Aravot.am-ը Զուրաբյանից հետաքրքրվեց՝ վարչապետ Փաշինյանը մասնակցելու է, ինչպես ինքն է հայտարարել, օրինական ճանապարհով ավագանու «Իմ քայլը» թեկնածուների քարոզարշավին՝ սատարելով Հայկ Մարությանին. արդյոք սա վարչական լծակի չարաշահում է, եւ արդյոք Փաշինյանը կրկնում է մի բան, ինչը նախկինում քննադատում էր, երբ նախորդ իշխանություններն էին անում: Ի պատասխան մեր հարցի, Զուրաբյանն ասաց՝ «Ես գտնում եմ, որ մեզ մոտ շատ երիտասարդ իշխանություն է, վերից՝ վար, որը ինչ-որ ճանապարհ պիտի անցնի, պիտի անի սխալներ, ճիշտ քայլեր: Ուզում եմ շատ փիլիսոփայորեն սրան մոտենալ: Քաղաքացիական պայմանագիրն ունի թեկնածու, որին բոլորը պետք է պաշտպանեն: Ձեզ էլ կոչ եմ անում շատ պաշտպանել իրեն, որովհետեւ դրա կարիքն ունի: Բայց մի բան պետք է նկատի ունենաք՝ ընտրում եք մարդու, որը պետք է ունենա քաղաքական անցած ճանապարհ: Նկատի ունեմ՝ ինձ համար շատ հետաքրքիր կլինի, որ Երեւանի քաղաքապետը լինելով նաեւ քաղաքական գործիչ, հայտնվի Փարիզում, Մոսկվայում կամ ասենք՝ Նյու Յորքում եւ ղարաբաղյան բանակցային պրոցեսից իրեն մի 2 հարց տան, բայց ինքը ընդհանրապես չիմանա ինչից խոսի»:

Ապա պարոն Զուրաբյանը մեկ այլ օրինակ բերեց. Ասենք՝ վիրաբույժ է եւ երբեք վիրահատություն չի արել, մեկ էլ հանկարծ մարդու օրգանիզմը բացված մատուցում են իրեն. ի՞նչ պետք է անի. «Թվացյալ շատ հեշտ է, խորհրդականներ կան, օգնականներ, բայց սա բավարար չէ: Վիրաբույժը այն է, ով այդ պահին պետք է որոշում կայացնի, օգնականը չի որոշում կայացնողը»:

Զուրաբյանի խոսքերով՝ յուրաքանչյուր գործով պետք է զբաղվեն մարդիկ, ովքեր տիրապետում են դրան, այլ ոչ թե մարդիկ, ովքեր լավն են:

Մանրամասն՝ տեսանյութում

Արարատ Զուրաբյանն ասաց, որ ցանկություն չունի որեւէ հակադրվելու, բայց վստահ հայտարարեց՝ «Ես գտնում եմ, որ մենք կարող ենք ավելի լավ կառավարել Երեւանը, համոզված եմ, որ դա կանենք շատ որակյալ, մենք ոչ պակաս հայրենասեր ենք, քան ցանկացած այլ քաղաքական թիմի ներկայացուցիչը, մենք ոչ պակաս ազնիվ ենք, ոչ պակաս իրազեկ, ոչ պակաս պայքար ենք մղել մեր երազանքների Հայաստանի համար»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930