Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի բացառվում, որ սափրիչի վարսավիրի մոտ մտնեմ, անցած անգամ իմ վարսավիրը նեղվեց». Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը

Սեպտեմբեր 10,2018 17:16

Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրված «Ժառանգություն» կուսակցությունն այսօր քարոզարշավը սկսեց Շառլ Ազնավուրի հրապարակում՝ հանրահավաքով:

Ավագանու թեկնածու Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ նախկինում, երբ տեսնում էին, որ չեն կարողանում իրականացնել իրենց ծրագրերը, պատկերացումները, այդ թվում Երեւանի զարգացման հարցում, երազում էին կառուցել մի նոր քաղաք՝ Երեւանից դուրս, մի առաջադեմ կենտրոն: Բայց նախկին իշխանությունները դա թույլ չէին տա, ավելի հեշտ էր հեղափոխություն անել, ուստի հիմա ուրախ են, որ այդ ծրագիրը կարող են իրագործել Երեւանում:

Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ երբ նայում է ավագանու թեկնածուների ցուցակները, մականունավորներ առաջին տասնյակում չկան, չկան նաեւ օդիոզ դեմքեր. «Դա նշանակում է, որ շատ դրական, պոզիտիվ էներգիայով ավագանի կարող ենք ձեւավորել քաղաքապետարանում»: Ըստ Խուրշուդյանի, լավ կլինի, որ քաղաքապետ լինի Րաֆֆի Հովհաննիսյանը, որովհետեւ ե՛ւ փորձի տեսակետից, ե՛ւ լեզուների տիրապետման առումով ընդունելի քաղաքապետ կլինի. «Եթե ուզում եք ունենալ արդիականացված նոր քաղաք, ուրեմն պետք է ընտրեք Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե ուզում եք ունենալ արտաքին լավ կապեր, հեղինակություն, այդ կապերը ներգրավելու հնարավորություն, ուրեմն պետք է ընտրեք «Ժառանգությանն» ու Րաֆֆի Հովհաննիսյանին ու եթե ուզում եք ունենալ ժպիտով ավագանի, որտեղ հարգանք կա, ուրեմն էլ չասեմ, թե ում պետք է ընտրեք՝ որպես քաղաքապետ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը քայլարշավ իրականացրեց Հյուսիսային պողոտայում, Թումանյան փողոցում:

Նա լրագրողների հետ զրույցում խոսելով 2013-ի հետընտրական իրավիճակի մասին, երբ շարունակաբար հանրահավաքներ էին լինում ու այդպես էլ որեւէ արդյունք չեղավ, ասաց, որ 5 տարի անց երիտասարդությունը պարզապես ժայթքեց. «Մենք հարթակից ասում էինք՝ հայ ժողովուրդ, չկա փրկիչ, ես ձեր փրկիչը չեմ, դուք ինքներդ պետք է իջնեք հրապարակ ու ձեր իրավունքներին տեր կանգնեք»:

Հարցին՝ հեղափոխությունից հետո քաղաքական ասպարեզում մարդիկ ուզում են տեսնել նոր դեմքեր, ինչո՞ւ «Ժառանգություն» կուսակցությունից դուք առաջադրվեցիք, սերնդափոխություն ձեր կուսակցությունում չի՞ եղել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեզ մոտ տեւապես նոր դեմքեր են, մի քիչ տարիքով, բայց նոր դեմք են, որովհետեւ մեզ մոտ սերնդափոխությունը վաղուց է տեղի ունեցել եւ մենք ունենք լիդերներ ամբողջ քաղաքական դաշտում եւ մեր ներսում՝ «Ժառանգությունում» ունենք հրաշալի առաջնորդներ, կուսակցության նախագահ: Արմեն Մարտիրոսյանը երկու ընտրություններում ցուցակները ղեկավարել է»:

Նա ասաց, որ եթե ավագանու իրենց ցուցակը նայենք, կտեսնենք, որ սերնդափոխություն կա. «Երիտասարդության, ոգեւորության, զգացմունքի կողքը պիտի լինի նաեւ փորձառությունը»:

Հարցին՝ որո՞նք են եղել ձեր քաղաքական սխալները, ի՞նչ հետեւություն եք արել նախորդ ընտրություններից եւ այս անգամ ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեծ հաշվով սխալները բոլորինն են, մենք մեր սխալները կիսել ենք հանրության հետ: Ձեր հարցը ենթատեքստ ունի, ես ժպիտով կպատասխանեմ,, որ յուրաքանչյուր ընտրություն տարբեր է»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ոչ մի ուժ չզորակցեց, ի տարբերություն իրենց, որ միշտ զորակցել են ուրիշներին. «Ես անցած ընտրություններին 11-րդ տեղում էի ցուցակում, կողմնակից էի կոնսոլիդացիայի: Եթե նախկին իշխանության թիրախավորված հարվածը չլիներ գեներալ Բաբայանի նկատմամբ, լրիվ այլ կլիներ արդյունքը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքին հայտարարեց, որ այս քարոզարշավին «սփեշըլ» ինչ-որ բան չի լինելու, իրենց բնական վիճակի մեջ են լինելու: Aravot.am-ի հարցին՝ այսինքն, չսպասե՞նք, որ այս քարոզարշավին էլ պատահական վարսավիրանոցներ կմտնեք՝ մազ կտրելու, կամ հացի փռեր կմտնեք, ինչպես նախկին ընտրությունների քարոզարշավին էիք անում՝ նա պատասխանեց. «Դա բնական է, ոչ մեկը ինձ համար սցենար չի գրել, սա բնական է: Չի բացառվում, որ սափրիչի վարսավիրի մոտ մտնեմ, անցած անգամ իմ վարսավիրը նեղվեց, որովհետեւ Էրեբունի մտա մի լավ հայրենակցի մոտ: Այդ բնականությունը կարող եք տեսնել: Պիտի նորից փողոցով քայլենք, ողջունենք մեր համաքաղաքացիներին, քննադատենք, քննադատվենք, հասկացնենք, որ բաց շփման կողմնակից ենք, համարում ենք, որ այդ բացությունը անհրաժեշտ է նոր Երեւանին»:

«Ժառանգության» կարգախոսն է՝ «ժպտա՛»: Մենք հետաքրքրվեցինք՝ դուք ասում եք ժպտա, բայց հումորի ասպարեզից է ձեր մյուս մրցակիցը, հիմա ո՞վ է ավելի շատ ժպտալ տալու՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ իրենք, ճիշտ է, աստղ չեն, բայց իրենց համաստեղությունը կարող են ստեղծել Երեւանի քաղաքապետարանում:

Մանրամասները ավելի ուշ՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930