Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը հորդորեց՝ ոնց ցանկանում եք, այդպես էլ ընտրեք, Նաիրա Զոհրաբյանը՝ կաք միայն դուք, ձեր խիղճն ու սթափ մոտեցումը

Սեպտեմբեր 10,2018 17:00

«Ես կարող եմ առանց անհարմար զգալու, բաց ճակատով նայել ձեր աչքերին, որովհետև ես ամաչելու բան չունեմ: Վստահ կարող եմ ասել, որ որպես պատգամավոր առավելագույնս իրացրել եմ ձեր վստահությունը»,- Նուբարաշենում ԲՀԿ-ի քարոզարշավի մեկնարկին հայտարարեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Իսկ թե ինչու են քարոզարշավը սկսում Նուբարաշենից, Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց՝ Նուբարաշենը Երևանի աղետի գոտիներից է:

Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին ու իր թիմին քաղաքապետի թեկնածությունն իրեն վստահելու համար ու միևնույն ժամանակ վստահեցրեց. «Մենք այնպիսի քաղաքական թիմ ունենք, որ մեզնից մի քանիսը կարող են վերցնել Երևան քաղաքի կառավարման պատասխանատվությունը: Բայց երբ նման վստահության արժանացա ես, սա իսկապես աննկարագրելի պատասխանատվություն է: Ես պատասխանատու մարդ եմ, դուք գիտեք, որ ցանկացած պատասխանատվություն թեկուզ կյանքի գնով ես պիտի հասցնեմ ավարտին, քանի որ դա ինձ համար պատվի հարց է»:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ ցանկացած պաշտոնից ու հարստությունից ավելին է այն, երբ փողոցում մի տատիկ կամ պապիկ ձեռքը դնում է ուսիդ ու ասում՝ հալալ է քեզ:

Նաիրա Զոհրաբյանը չի պատրաստվում լինել կաբինետային քաղաքապետ, չի պտտվելու թիկնապահներով. «Ես ամեն օր, ամեն ժամ լինելու եմ հասանելի, ձեր կողքին, ինչպես այսօր եմ: Ինձ համար երևանցու մեծ կամ փոքր խնդիր չկա: Ես չեմ ունենալու թիկնապահներ, քանի որ երևանցու հետ թիկնապահների բարիկադով չպետք է շրջել: Դուք եք հուշելու այս կամ այն խնդիրը ինչպես ճիշտ լուծել: Երևանից այլևս որևէ մեկը որևէ լումա չի գողանալու: Հարյուր անգամ ավելի պինդ ու ուժեղ եմ լինելու ուժային կառույցներից: Երևանում էլ ԱԱԾ պետք չի լինելու, եթե քաղաքապետն անկաշառ է, նրան հնարավոր չէ կաշառել, ուրեմն նրանից ներքև  որևէ մեկն անգամ չի համարձակվի որևէ լումա վերցնել»:

Նաիրա Զոհրաբյանն անկեղծացավ՝ որպես լրագրող, քաղաքացի, պատգամավոր հուսահատվել է, արտասվել, մտածել, թե հնարավոր չէ մեր երկրում որևէ բան փոխել, այնուհետև հայտարարեց. «Այս անգամ պիտի հավատաք, որ ձեր քվեն իրապես ուժեղ է. կան մարդիկ, որոնք մտածում են, թե ոչինչ չի փոխվելու. կաք միայն դուք, ձեր խիղճն ու սթափ մոտեցումը»:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ մեր երկրից որևէ տեղ չի գնալու, այնուհետև հավելեց. «ԲՀԿ-ն լեգեոներ քաղաքական ուժ չէ, քանի որ մենք ապրելու ենք մեր հողում, մենք նայելու ենք ձեր աչքերին և մենք ամեն ինչ անելու ենք, որ ձեր աչքերը ժպտան, ժպտա, սիրելի նուբարաշենցի»:

Ելույթ ունեցավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա հիշեցրեց՝ զգուշացրել է իր քաղաքական ուժի ներկայացուցիչներին չսևացնել մրցակիցներին: Գագիկ Ծառուկյանը նշեց՝ որոշողը ժողովուրդն է, ում էլ ընտրի, իրենք աջակցելու են, սակայն պատասխանատվություն է կրելու այն ուժը, որը կհաղթի:

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Մենք գործի մարդ ենք, մենք ոչ մեկիցդ չենք նեղանալու, եթե ձեր ձայնը մեզ չտաք: Մենք ունենք հնարավորություններ իրականացնելու ծրագրեր»:

Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց՝ բարեգործությամբ երկիր չես կառուցի, բարեգործությունը իր հոգու հանգստության համար է, որ մարդն ուզում է մի բան անել իր երկրի զարգացման համար. «Հարկավոր են ծրագրեր, ներդրումներ, որ ներգաղթ լինի: Օրենքներ պիտի փոխվեն, պայմաններ լինեն, որ ներդրող լինի, գնացածներն էլ հետ գան»:

Ելույթի ավարտին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Ոնց ցանկանաք, այդպես էլ ընտրեք, ապրողը դուք եք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ԲՀԿ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930