Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորը հավակնում է ճանաչվել 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Սեպտեմբեր 10,2018 16:53

Վանաձորում երիտասարդների զբաղվածության ու ժամանցի կազմակերպման խնդիրը տարիներ շարունակ մնում է ակտուալ: Վանաձորցի երիտասարդները հատկապես դժգոհում են, որ աշխատատեղերի բացակայության հետ միասին, քաղաքում չկան նաեւ ժամանցի վայրեր՝ իրենց առօրյան փոքր-ինչ հետաքրքիր կազմակերպելու համար:

-Ավարտել եմ Վանաձորի պետական համալսարանը: Մասնագիտությամբ հոգեբան եմ: Բայց իմ մասնագիտությամբ աշխատանք չգտնելու պատճառով, երկրորդ մասնագիտությունն եմ սովորում՝ դիմահարդար: Հիմա նման մասնագիտություններն ավելի շատ պահանջարկ ունեն: Հուսով եմ, որ մի քանի ամսից դիմահարդարի աշխատանք կգտնեմ: Իսկ ժամանցի վայրերի մասին խոսք անգամ չի կարող լինել: Մի քանի այգի ու սրճարան ունենք քաղաքում: Ամեն անգամ նույն վայրը գնալն արդեն ձանձրալի է դառնում: Գիտեմ, որ ինչ-որ չափով էլ մեզնից է կախված՝ օրը հետաքրքիր կազմակերպելը: Բայց կարծում եմ պետք է նաեւ նախապայմաններ լինեն,- ասում է Անի Մելիքյանը:

Երիտասարդների հետ համակարծիք է նաեւ Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, կրթության եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Գոռ Բադյանը. «Ես համամիտ եմ, որ ժամանցային վայրերը շատ քիչ են: Բայց համայնքը չի կարող ունենալ համայնքապատկան ժամանցի կենտրոններ: Մենք ունենք մշակույթի տներ, դպրոցներ եւ այլն, բայց դա չի կարելի համարել լիարժեք ժամանցի վայր: Այսինքն, մենք պետք է փորձենք մասնավոր սեկտորն էլ ակտիվացնենք, որպեսզի երիտասարդների ժամանցն ավելի ակտիվ ու ժամանակակից լինի»:

Գոռ Բադյանը տեղեկացրեց, որ երիտասարդների համար հետաքրքիր ծրագրեր, հանդիպումներ եւ այլ միջոցառումներ իրականացնելու նպատակով, Վանաձորը նույնպես մասնակցում է «2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին: Մրցութային փաթեթը կազմելիս ծրագրեր եւ առաջարկություններ են ներկայացրել քաղաքում գործող մոտ 30 կազմակերպություններ: Ծրագրում ներառված են՝ քաղաքային, մարզային ու հանրապետական միջոցառումներ, հանդիպումներ, քննարկումներ, որոնք կեզրափակվեն տարբեր համերգային ծրագրերով: Բաժնի պետի խոսքով, հաղթելու եւ «2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ճանաչվելու դեպքում, այլ ծրագրեր էլ ունեն, որոնք ուղղված կլինեն երիտասարդների զարգացմանը. «Եթե հաջողվի, որ հաղթենք, միայն այդ 3 միջոցառումները չեն լինելու: Թե՛ համայնքային, եւ թե՛ պետական բյուջեի ֆինանսավորմամբ լինելու են շատ այլ միջոցառումներ, գիտական ժողովներ, բազմապիսի հանդիպումներ, համերգներ: Լինելու են նաեւ փող հայթայթման հմտությունների վերաբերյալ հանդիպումներ, որտեղ կհյուրընկալվեն բնագավառի առաջատարները: Պետք է փորձենք երիտասարդներին սովորեցնենք նաեւ այդ հմտությունը, որը որ շատ կարեւոր է մեզ համար»:

Փաթեթն արդեն ներկայացրել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն: Արդյունքները պարզ կլինեն 2 ամսից:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930