Aravot.am-ը աղմուկ հանած առանձնատան սեփականատեր Աղասի Դանիելյանից հետաքրքրվեց` ինչու ավելի վաղ չէր բարձրաձայնում, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այժմ բնակվում է իր առանձնատանը, եւ իրեն չեն վճարել խոստացված 900 մլն դրամ գումարը:
«Իսկ ո՞վ ասաց, որ հիմա եմ բարձրաձայնում, ես միշտ էլ բարձրաձայնել եմ այդ մասին, ուղղակի այն ժամանակ ձայնս տեղ չէր հասնում, իսկ հիմա հասնում է»,- ասաց Դանիելյանը:
Մեր դիտարկմանը, որ ինքը եղել է բանակի մատակարարներից մեկը, իսկ նման հնարավորություն ունեին միայն արտոնյալները, այդ ինչպե՞ս չի կարողացել իր խնդրի մասին տեղեկացնել «վերեւներին», Աղասի Դանիելյանը պատասխանեց. «Ես վաղուց բանակի մատակարար չեմ, եւ երբեք էլ արտոնյալ կարգավիճակում չեմ եղել: Ես 3 տարի է, նույն բիզնեսով եմ զբաղվում, ինչով զբաղվել եմ` եւ նախորդ հասարակարգի ժամանակ, եւ հիմա»:
Ինչ վերաբերում է բանակի մատակարար լինելու արտոնության` ոչ ամեն մեկին տրվելուն, մեր զրուցակիցը այս կերպ մեկնաբանեց. «Քանի որ էլեկտրոնային է դարձել, այդքան ազդեցություն չեն կարող ունենալ, առանձնապես բարդություն չի ներկայացնում, հաղթելը հեշտ է»:
Մեր զրույցի ժամանակ 2012թ. բանակին մատակարարված գոմեշի մսի աղմկահարույց պատմությանն էլ անդրադարձ եղավ, որի առիթով քրեական գործ էր հարուցվել:
«Ես գոմեշի մսի պատմության հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել»,-շտապեց հավաստիացնել Աղասի Դանիելյանը:
Կրկին դառնալով առանձնատան գործին, նա ասաց. «Ես բոլոր դատական ատյաններով այս հարցն անցկացրել եմ, ոստիկանության իմ մերժումների համար 3 ատյաններով նորից պայքարել եմ, միշտ գրել եմ բոլոր նախագահներին, վարչապետներին, դատական 2 քաղգործ եմ ունեցել, երեք ատյաններով անցել եմ…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ