Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենակարեւորը՝ ես Երեւանի փեսա եմ». Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի մեկնարկը՝ հանրահավաքով

Սեպտեմբեր 10,2018 16:25

Երեւանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի մեկնարկն այսօր Ազնավուրի հրապարակում եղավ՝ հանրահավաքով, որից հետո նա քայլարշավ իրականացրեց Հյուսիսային պողոտայում:

Րաֆֆի Հովհաննիսյանը նախ մի քանի լեզուներով ողջունեց երեւանցիներին ու ասաց, որ սեպտեմբերի 23-ին Երեւանի իշխանությունը վերադարձվելու է ժողովրդին: Նա նշեց, որ այս օրերին տարբեր տեսակետներ կհնչեն, շատ ընդհանրություններ կլինեն մոտեցումների, անգամ ծրագրային դրույթների միջեւ, ինչը նորմալ է, որովհետեւ բոլորը գիտեն, թե երեւանցիների խնդիրները որոնք են՝ վերելակներից սկսած՝ մինչեւ աղբահանություն, քաղաքաշինություն. «Ես կասկած չունեմ, երբ բոլոր խոստումները դուք մաղեք՝ ներդրումների խոստումներ, բյուջեն ավելացնելու հանձնառություններ, դուք պիտի տեսնեք, թե որն է այդ հավաքականը, այդ թիմը, այդ ժառանգությունը, որը միացնելու է մեր անցյալն ու ապագան ժպիտով, ոգով: Մենք այդ հանձնառությունը վերցնելու ենք մեր վրա: Մենք ունենալու ենք ազատ, արժանապատիվ, առաջատար Երեւան, համաշխարհային քաղաք, որը մրցակցելու է բոլոր քաղաքների հետ միասին եւ դառնալու է լիդեր մայրաքաղաք»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Մեզ պիտի տեսնեք բնական վիճակի մեջ, ոնց որ ես այսօր տնից քրտնելով քայլեցի ներքեւ, տրանսպորտով, մեզ մոտ ոչ մի արհեստական բան պիտի չտեսնեք»:

 

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, «Ժառանգության» պայքարի հետագիծը ոչ ոք չունի՝ սկզբունքային, արդար, շիտակ:

Նա մի քանի ծրագրային դրույթ ներկայացրեց. «Մենք ներդրումներ բերելու ենք նաեւ եվրոպական կառույցներից, «Ժառանգությունը» պայքարող կուսակցությունների մեջ միակն է, որը հանդիսանում է ԵԺԿ անդամ, մենք այդ ֆոնդերի տեղը գիտենք, այդ անձանց գիտենք, այդ գործիքակազմը կա, որով կարող ենք Երեւան բազմաթիվ գրանտային ծրագրեր բերել: «Ժառանգությունը» բերելու է շատ ցածր տոկոսադրույքներով վարկեր, «Ժառանգությունը Երեւանի քաղաքացուն բերելու է քաղաքապետարան: Մեկ պատուհանը չէ, որ կոռուպցիայի դեմ պայքար է, այլ՝ իրական թափանցիկ աշխատանքը, երեւանցին պետք է հնարավորություն ունենա իր հուզող հարցերով մոտենա ցանկացած պատասխանատու անձի: Քաղաքապետ, տեղակալներ պարտադիր ամեն շաբաթ պետք է քաղաքացիների ընդունելություն ունենան եւ դա նույնիսկ պետք է հեռարձակվի՝ ըստ քաղաքացիների ցանկության»:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք մտադիր են Երեւանում «Թումո»-ի նման նոր կենտրոն կառուցել: Նա ասաց, որ երբ գետը հոսում է, ինքնամաքրվում է, երբ կանգնում է, լճանում է ու սկսում է կողքը գարշահոտ տարածել. «Մենք զարգացնելու ենք Երեւանը, Երեւանը զարգանալու է դեպի հյուսիս: 1 մլրդ դոլար աշխատանք պահանջող ծրագիր այս պահին արդեն դրված է սեղանին, մինչ այդ պարտադիր գույքագրում ենք անելու: Երեւան քաղաքը պետք է ամբողջովին վերլուծվի: Մենք մեծ խնդիրներ ենք ունեցել այս ժամանակահատվածում հատկապես տնտեսության առումով, բազմաթիվ ձեռնարկություններ կան, որ կարող են վերագործակվել, աշխատատեղերով ապահովել: Պրոգրեսիվ գույքահարկ պետք է մտցվի Երեւանում ու ստացված գումարները սոցիալական շինարարություն կարող ենք ուղարկել: Բոլոր քայլերը պետք է անենք, որ Երեւան քաղաքը դառնա գիտելիքահենք, սիլիկոնային քաղաք այս տարածաշրջանում: Մենք նորագույն տեխնոլոգիաներ պետք է մտցնենք դպրոց: Մանկապարտեզներ պետք բացենք, այսօր ՀՀ-ում համալսարան ընդունվելը ավելի հեշտ է, քան թե մանկապարտեզում ազատ տեղ գտնելը»:

Նա խոսեց նաեւ էլեկտրատրանսպորտի, մետրոյի նվազագույնը մեկ կայարան կառուցելու մասին: Արմեն Մարտիրոսյանը, ներկայացնելով «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, հիշեցրեց, որ նա հայրենադարձ է եղել, ԱՄՆ-ի փափուկ կյանքը թողել ու եկել է ՀՀ. «Րաֆֆի Հովհաննիսյանը մարդ է, ով իր երեխաների համար դույլերով ջուր է բարձրացրել անլույս սենյակ, մեր նման ապրել է 90-ականների կյանքով»:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը նրա համար շնորհակալություն հայտնեց կնոջը՝ տիկին Արմենուհուն՝ ասելով. «Ես ոչ միայն նոր երեւանցի եմ՝ արդեն 30 տարի քաղաքում, ոչ միայն թեկնածու եմ քաղաքապետի, այլ ամենակարեւորը՝ ես Երեւանի փեսա եմ, Վարդաշենի, Արեշի, Մալաթիա-Սեբաստիայի փեսա եմ եւ շատ եմ կարեւորում, որ Արմենուհին եղել է կողքս, ինքը օրհնում է մեր ընտանիքը, Երեւանի երեխաներին ու մեզ բոլորիս իր ներկայությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930