Երեւանի ավագանու թեկնածու դաշինքներն ու կուսակցությունները քննարկում են մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրները
Տիգրան Պողոսյան, «Երկիր Ծիրանի. «Մեր կուսակցությունն առաջարկում է՝ ամբողջ տրանսպորտային համակարգում պետք է ներառված լինեն եւ ավտոբուսները եւ տրոլեյբուսները եւ մետրոները, որպեսզի ավելի օպտիմալ իրականացվի երթեւեկությունը: Վճարումների համակարգում լինելու է կենտրոնացում՝ քարտային համակարգի կիրառում, որը լինելու է ոչ թե ժամավճարային, այլ լիցքավորվող համակարգ, ինչպես բջջային հեռախոսն են լիցքավորում: Քարտային համակարգերն առանձնացվելու են ըստ սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամների: Ուսանողների համար լինելու են տարբեր գնային ցուցակներ, բայց չեն գերազանցելու մեկ անձի համար 100 դրամը: Կլինեն նաեւ անվճար քարտեր: Վերագործարկվելու է Նորք-Մարաշից Կենտրոն ճոպանուղին, ինչպես նաեւ ստեղծվելու են Նոր Նորքից եւ Սարի Թաղից Կենտրոն ճոպանուղիներ: Մասնագետների հետ խորհրդակցությունների միջոցով կարելի է վերսկսել մետրոյի դեպի Աջափնյակ տանող ուղու շինարարությունը եւ գործարկել»:
Արթուր Եղիազարյան, ՀՅԴ. «Կարծում եմ, տրանսպորտային խնդիրը պետք է երթեւեկության հետ միասին մեկ ռազմավարության մեջ լուծվի, որպեսզի դրանց մեջ հակասություն կամ մեկը մյուսի կրկնություն չլինի: Պետք է ապագային նայել: Պետք է հնարավորինս բեռնաթափել քաղաքը: Այն տրանսպորտային միջոցները, որոնք գալիս են մարզերից, դրանց համար Երեւանամերձ տրանսպորտային հանգույցներում, ասենք մետրոյի «Գործարանային» կայարանի հատվածում լուծումներ տրվեն: Այսինքն, այդ տրանսպորտները բեռնաթափվեն եւ կապվեն քաղաքային տրանսպորտի համակարգին: Ավտոբուսները եւ տրանսպորտային մյուս միջոցները պետք փոխկապակցված լինեն մետրոպոլիտենի հետ: Կարելի է գեղեցիկ խոսել, խոստանալ եւ չանել: Մետրոպոլիտենի լուրջ ցանց ստեղծելու համար լուրջ միջոցներ են պետք: Կարծում ենք, իրականանալի է «Աջափնյակ» կիսատ կառուցված կայանը: Կա նաեւ այլընտրանքային մոտեցում: Ասենք, Չարբախից վերգետնյա ճանապարհով առանց թունելների՝ մի քանի կամուրջներով մետրոն բերել Հարավ-Արեւմտյան զանգված, որտեղ 130 հազար բնակչություն կա: Սա լուծելի տարբերակ է: Տրանսպորտի սակագների հետ կապված, քաղաքապետարանը պետք է հաշվի առնի, որ կան սոցիալապես խոցելի խմբեր եւ դրանց համար որոշակի արտոնություններ սահմանի: Բայց այդպես ծանրաբեռնվում է համակարգը պահելու խնդիրը, որի համար նույնպես պետք է այլընտրանքային լուծումներ գտնել: Օրինակ, ավելի թանկ տրանսպորտ՝ ավելի շատ ծառայություններ: Ասենք, ամառվա շոգ պայմաններում՝ օդորակիչներով տրանսպորտ, որպեսզի մարդն ընտրության հնարավորություն ունենա:
Անպայման նաեւ երթեւեկության հարցը պետք է լուծել, ստեղծել էստակադաների համալիր, անել այնպես, որ ճանապարհները իրար քիչ խաչվեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի