Լրահոս
Օրվա լրահոսը

«Միտինգային մանիպուլյացիաները» հայ-ռուսական հարաբերություններում կարող են կործանարար լինել». Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 10,2018 16:12

«Կա մեծ գայթակղություն՝ արտաքին հարաբերությունները դարձնել ներքաղաքական օրակարգի մաս: Այս գայթակղության մեջ իշխանությունը, գործող կառավարությունը մեղադրում է ընդդիմությանը: Այնուհանդերձ, իշխանությունն իր բարձրացրած հարցերով լեգիտիմացնում է ընդդիմության հարցադրումների ի հայտ գալը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` պատասխանելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին վերաբերող հարցին:

«Եկեք հասկանանք, թե ինչ խաղի կանոններով ենք խաղում: Եթե խաղում ենք այն խաղի կանոններով, որ ՀՀ ներքին գործերն են դրանք, ապա ինչո՞ւ է վարչապետը խոսում դրա մասին Մոսկվա կատարած այցի ընթացքում: Չէ՞ որ նա լեգիտիմացնում է նույն Լավրովի հայտարարությունները: Ժամանակին մերժելով դրանք, հիմա, փաստորեն, նույն սյուժեն է թելում, նույն խաղն է խաղում եւ նույն օրակարգն է առաջ տանում: Ես կարծում եմ, շատ կարեւոր է ՀՀ արտաքին քաղաքականության մեջ որոշել դաշտերը: Խաղի կանոնները պետք է լինեն հստակ եւ տեղեկատվական, ինչպես կասեր Ռուբեն Վարդանյանը, միտինգային մանիպուլյացիաներն այս հարցում ոչ միայն անթույլատրելի են, այլեւ կարող են պարզապես կործանարար լինել»,- ասաց նա:

Առհասարակ Արմեն Աշոտյանը շատ կարեւոր է համարում, որպեսզի ՀՀ իշխանությունները հայ-ռուսական հարաբերություններին իրենց հավատարմությունն ապացուցելու նախկինում արված հայտարարությունները չեղարկելու համար, այնուհանդերձ, մնան ՀՀ ազգային պետական շահերի շրջանակներում: «Նիկոլ Փաշինյանի անդրադարձը «Զինուժի» հարցազրույցում`տեսեք, Ռոբերտ Քոչարյանին ազատել ենք, միայն ընդգծում է այն հանգամանքը, ինչից պաշտոնական քարոզչությունը՝ վարչապետի գլխավորությամբ, մինչեւ մոսկովյան այցը փորձում էր հրաժարվել, կամ, համենայնդեպս, տպավորություն ստեղծել, թե այդպիսի օրակարգային հարց չկա: Մենք բոլորս միասին պետք է պահանջենք կառավարությունից ու վարչապետից՝ լինել մաքսիմալ ազնիվ հասարակության, պետական մարմինների հետ»:

Արմեն Աշոտյանը իշխանություններին հորդորում է`հայ-ռուսական հարաբերություններում արտաքին քաղաքականության հետ կապված մանիպուլյացիաներ, բառախաղեր, տեղեկատվական օպերացիաներ չիրականացնել, որովհետեւ դրանց կյանքը շատ կարճ է եւ միայն ընդգծում է խնդրի գոյությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930