Լրահոս
Օրվա լրահոսը

«100 օր անց «Սերժի ժամանակ ինչու այդպես չէր» հեշթեգն այլեւս ակտուալ չէ». Արմեն Աշոտյան

Սեպտեմբեր 10,2018 15:39

«Եթե մի գեղեցիկ, խելացի աղջկա, որը դեռ ամուսնացած չէ, ասում են՝ դու պետք է պսակվես, ինքը ի՞նչ պետք է ասի, այո՞, եթե չգիտի ում հետ, ով է այդ մարդը»,- սա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի պատասխանն է հարցին`ինչո՞ւ ՀՀԿ-ն չի ցանկանում, որ սահմանադրական փոփոխություններ լինեն: «Օրինակը շատ կենցաղային էր, բայց շատ տիպիկ, որովհետեւ սահմանադրական փոփոխություններ կոչվածը, եթե բացառապես նպաստելու է գործող իշխանությունների վերարտադրությանը, ապա կրկնում են այն արատավոր պրակտիկան, որի մեջ նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր մեզ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը` հավելելով. «Եթե սահմանադրական փոփոխությունները տալու են պետության զարգացման հնարավորություն, ապա խորհրդարանական հանրապետության մոդելից որեւէ մեկը, անգամ գործող կառավարությունը իր հանրային ելույթներում չի հրաժարվել: Սահմանադրությունը փոխել վերարտադրվելու համար, կարծում եմ, բնորոշ է Ադրբեջանին, Թուրքմենստանին, այն երկրներին, որտեղ սահմանադրությունները փոխվում են վերարտադրության համար»:

Արմեն Աշոտյանն այլ առիթով կխոսի այն մասին, որ ՀՀԿ-ն էլ Սերժ Սարգսյանի վերարտադրության համար էր սահմանադրություն փոխում: Այժմ հայտարարում է` սահմանադրությունները չեն կարող փոխվել՝ ելնելով այս կամ այն անձի քաղաքական նկրտումներից ու ցանկություններից. «Իրականում իշխանությունը խնդիր ունի այս բարձր լեգիտիմությունը, որը դեռ գոյություն ունի հենց վարչապետի անձի շուրջ, ուղղելու բարեփոխումներին, ժողովրդավարության կայացմանը: «Մարդիկ սիրում են ինձ» կարգախոսով փորձել քանդել պետության հիմքերը, սեփական քաղաքական շահերով թելադրել պետության ապագան, առնվազն անպատասխանատու է, եթե չասեմ, նաեւ վտանգավոր»:

Արմեն Աշոտյանը կարծում է, որ բազմաթիվ խնդիրների մեջ «խրված» Նիկոլ Փաշինյանը փորձում է իր հաջողություններն ամրագրել՝ բացառապես պայքարելով նախկինի ուրվականների դեմ. «Այդ մարտավարությունը տապալված համարենք, որովհետև 100 օր անց, կարծում եմ, «Սերժի ժամանակ ինչու այդպես չէր» հեշթեգն այլեւս ակտուալ չէ»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ չի բացառվում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն նաեւ այս տարի, Արմեն Աշոտյանը հեգնեց. «Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն այնքան հագեցած ու հոգնեցուցիչ այց է ունեցել, այնքան լարված է եղել այդ այցի ընթացքում եւ հետո, որ երեւի թե մոռացել է, որ երկրում կա ՀՀ գործող Սահմանադրություն եւ իր քաղաքական ցանկությունները պետք է ինստիտուցիոնալիզացնել բացառապես Սահմանադրության շրջանակներում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930