«Այս ավագանու ընտրությունները պատմական են, քանի որ առաջինն են հեղափոխությունից հետո: Այս ընտրություններում կերեւա՝ որքանո՞վ է փոխվել Հայաստանը, եւ քաղաքացին որքանո՞վ կարող է իր կամքն արտահայտել ազատ եւ թափանցիկ ընտրություններում»,-սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ռեֆորմիստների» կուսակցության քարոզարշավի մեկնարկային միջոցառմանն այսօր հայտարարեց կուսակցության ղեկավար, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:
«Մասնակցում ենք ընտրություններին՝ հաղթելու եւ Երեւանը կառավարելու նպատակով: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր քաղաքը չբաժանենք «սեւ»-ի եւ «սպիտակ»-ի, որ անհանդուրժողականություն չլինի: Մենք չենք մտել քաղաքականություն՝ թշնամիներ փնտրելու համար, մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին»,-նշեց նա:
Վահան Բաբայանը կոչ հղեց ընտրապայքարին մասնակցողներին. «Պետք չէ պաշտոնների համար ուրանալ ընկերությունը: Քաղաքականությունն այն բանը չէ, որի համար Երեւանը կարելի է կիսել տարբեր մասերի»:
Ապա ներկայացնելով «Ռեֆորմիստների» քաղաքապետի անկուսակցական թեկնածու՝ կինոռեժիսոր Արտակ Ավետյանին՝ Վահան Բաբայանն ընդգծեց. «Նա քաղաքապետի միակ թեկնածուն է, որը չի զբաղվել եւ չի զբաղվում քաղաքականությամբ: Նա հաջողել է արվեստի, կինեմատոգրաֆիայի եւ շինարարության ոլորտում: Նրան շատ բարդ է քննադատելը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ