Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ զանգ տվեց` ասաց` կարո՞ղ է, Մամիկոնիչ, հանկարծ Կարենին վնասեն». Արտաշես Գեղամյանը հիշեց 2004 թվականը

Սեպտեմբեր 10,2018 14:07

Վարկավորման շուկայում այսօր կան միջնորդ կազմակերպություններ, որոնք, ինչպես ծովահեններ, քաղաքացիներին որսում են, երբ այս կամ այն բանկը մերժում է քաղաքացուն, նույն բանկից իրենք վարկ են վերցնում ու 30% վարկավորմամբ միջնորդված տրամադրում: Այս մտահոգությունն այսօր խորհրդարանում բարձրաձայնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` դիմելով ԿԲ խորհրդի անդամի թեկնածու Մարտին Գալստյանին: Պատգամավորին հետաքրքրում էր`այդ կազմակերպությունները լիցենզավորվա՞ծ են, թե՞ ոչ: Նա հետաքրքրվեց նաեւ բանկերում վարկերի տոկոսներից:

Մարտին Գալստյանն ասաց, որ վերջին տարիներին թե վարկերի, թե ավանդների տոկոսադրույքները էապես նվազել են եւ այդ մասին պաշտոնական տարբեր հաղորդագրություններ են եղել: Նվազել է նաեւ բանկերի կողմից շահույթ ստանալու եկամտաբերությունը: Մարտին Գալստյանն այստեղ ռիսկ է տեսնում` բանկերի շահույթը կարող է բավարար չլինի բիզնեսի համար:
Իսկ միջնորդավորված վարկավորմանը նա բացասական է վերաբերվում, բայց չգիտի`այդ ընկերությունները լիցենզավորված են, թե`ոչ. «Եթե օրինականության դաշտից դուրս են գործում՝ դրանցով օրինականություն հաստատող մարմինը պետք է զբաղվի»:

Թեկնածուն կարծում է, որ բավարար գիտելիքներ ունի, որոնք կկարողանա ներդնել եւ արդյունավետ կիրառել`ոլորտում:

Ազգային ժողովն այսօր քննարկեց նաեւ Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության հարցը: ՀՀԿ-ի կողմից առաջադրված եւ միակ թեկնածուն Կարեն Կարապետյանն է, որն ըստ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի, ունի այն մասնագիտական որակները, որ իրականացնի պատասխանատու առաքելությունը. «Կարեն Կարապետյանը մեծ փորձ ունի Վերահսկիչ պալատում աշխատանքի, այն թույլ կտա նոր պաշտոնում լիիրավ ներդնել իր կարողությունները»:

Կարեն Կարապետյանն «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր, լուսահոգի Ալեքսան Կարապետյան որդին է: Նրա հասցեին դրվատանքի խոսքեր շռայլեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը:

«2004 թվականին մենք դուրս էինք եկել հանրահավաքի: Ցավում եմ, որ հարգարժան Արամ Սարգսյանը էստեղ չի: Դաժանորեն հանրահավաքը ցրվեց: Դե կյանք է, էդպես էլ է լինում… ինչեւէ, Ալեքսան Կարապետյանին կալանավորեցին: Կալանավորեցին, բայց հնարավորություն տվեցին զանգ տալու: Որ զանգ տվեց`ասաց`կարո՞ղ է, Մամիկոնիչ, հանկարծ Կարենին վնասեն: Ասացի`ո՞վ վնասի Ալիկ ջան: Ասում ա`դե Հաշվեքննիչ պալատում է աշխատում, էն ժամանակ այլ կերպ էր անվանումը: Ասացի`դա բացառվում է: Բացառվում է, որովհետեւ, երբ արդեն մի քանի ամիս այդտեղ էր աշխատում, ղեկավարությունն ասել էր`բացառիկ պրոֆեսիոնալ անձնավորություն է»,- ասաց Արտաշես Գեղամյանը` կարծիք հայտնելով, որ խորհրդարանը միաձայն կհաստատի այս թեկնածությունը եւ կրկնակի պարտավորվածություն կդնի Կարենի վրա, քանզի սա ոչ միայն իր պատվի խնդիր է, այլ հոր վառ հիշատակի վերահաստատումը:

Քվեարկությունները կկայանան վաղը, փակ-գաղտնի ռեժիմով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930