Aravot.am-ը մասնագիտական խորհուրդները ցրած ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից հետաքրքրվեց` կարո՞ղ է նշել վատ իմաստով ռեկորդակիր մի քանի մասնագիտական խորհուրդ կամ նման խորհուրդների նախագահների անուններ տալ:
Ի պատասխան՝ պարոն Գոգյանը նշեց, որ չկա խորհուրդ, որ բոլոր չափանիշներով ամենավատն է, սակայն խնդրահարույց է մասնավորապես տնտեսագիտության ոլորտը:
«Հայաստանում գոյություն ունի 5 տնտեսագիտության խորհուրդ` ԵՊՀ-ում, Տնտեսագիտական համալսարանում, Կառավարման ակադեմիայում, Սլավոնական համալսարանում եւ Ագրարային համալսարանում: Դրանց բոլորի մեջ կան միջանձնային կոնֆլիկտներ: Կախված տեսակետից եւ ճաշակներից` տարբեր խորհուրդներում, հիմնականում ԵՊՀ եւ Տնտեսագիտականի, հավաքվել են ու ներքին պրոցեսներ են տեղի ունենում, որոնց մասին բոլորս էլ շատ բան ենք լսել: Հիմա իրեղեն ապացույցներ չեմ անի, բայց կասեմ, որ ձեւավորման հիմքի խախտումներ կան:
Աբսուրդ է, սակայն ստացվում է, որ ամենաճիշտ ձեւավորվածը կարծես թե Ագրարային համալսարանի խորհուրդն է, որը զուտ տնտեսագիտական ուղղվածություն չունի…Ինձ համար շատ անհասկանալի պրոցեսներ են տեղի ունենում նաեւ մանկավարժականի խորհուրդներում, որովհետեւ գիտական թեմաները, ընդդիմախոսների կարծիքները, որ կարդում ես, տպավորություն է ստեղծվում, թե այդ ատենախոսությունները տարբերվում են միայն գրված տեքստով, այլ ոչ թե բովանդակությամբ»:
Սմբատ Գոգյանը տարակուսանք հայտնեց. «Ինձ համար նաեւ անհասկանալի է, թե ինչպես Վանաձորի պետական համալսարանը կարող է լինել այդքան ատենախոսության առաջատար կազմակերպություն: Արդյոք մարդիկ հասցնո՞ւմ են այդքան ատենախոսություն կարդալ, որպեսզի կարծիք գրեն»:
Մանրամասները ` տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ