Aravot.am-ի հարցին, թե ձեր մատնանշած խնդիրները՝ բարեփոխված տրանսպորտ, մետրոյի կայարանների ավելացում, նոր ոռոգման ցանցի հիմնում, հին վերելակները նորերով փոխարինելու ծրագիր եւ այլն, մեծ գումարների հետ են կապված եւ ավագանու գրեթե բոլոր թեկնածուները ասում են՝ պետք է այս անենք, այն անենք, սակայն չեն նշում, թե ինչ միջոցներով ու ինչպես են իրագործելու այդ ծրագրերը, «Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Անահիտ Թարխանյանը պատասխանեց,որ Երեւանն ունի արտաբյուջետային միջոցներ, որոնք այսօր թերի են հավաքագրվում, բացի այդ, «Երեւանի հանրությունը» մտադիր է մայրաքաղաքը զարգացնել վարկերի, ներդրումների ու բյուջեի խնայողությունների միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում
Այսօր տիկին Թարխանյանը եւ ցուցակի այլ թեկնածուներ «Փաստարկ» ակումբում ներկայացրին Երեւանը զարգացնելու իրենց ծրագիրը:
Տիկին Թարխանյանն ասաց, որ այսօր մայրաքաղաքի կենտրոնը երթուղագծերի սխալ դասավորման հետեւանքով գերբեռնված է, մինչդեռ կարելի է այնպես անել, որ հասարակական տրանսպորտը կենտրոնը շրջանցող ճանապարհներով երթեւեկի:
«Ծայրամասերը թեր զարգացած են, չեն հանդիսանում մարդակենտրոն, հետաքրքրություն չներկայացնող տարածքներ են: Կանաչ գոտիները, որոնք պարտադիր պետք է ձեւավորված լինեին ծայրամասային կենտրոններում, ձեւավորված չեն: Եթե ուզում ենք խոսել քաղաքի համաչափ զարգացման մասին, պետք է խոսենք քաղաքաշինական լուրջ ծրագրերի մասին»:
Հարցին, թե տղամարդակենտրոն հասարակություն ունենալով, ինչպե՞ս է գնահատում իր շանսերը, տիկին Թարխանյանը պատասխանեց, որ 21-րդ դարում կին-տղամարդ տարբերությունն այլեւս արդիական չէ եւ այդքան էլ այնպես չէ, որ մեր երկրում կանանց տեղ չեն տալիս ղեկավար պաշտոններում: Տիկին Թարխանյանը պատմությունից մեջբերումներ արեց, երբ հայ տիկնայք բարձր դիրք ու տղամարդկանց կողմից հարգանք վայելող թագուհիներ են եղել:
Քաղաքապետ ընտրվելու դեպքում էլ Անահիտ Թարխանյանը ծրագրում է լուծել մետրոյի կայարանների ավելացման հարցը, որը, սակայն, նրա խոսքով, նախկին իշխանությունների կողմից սխալ կառուցապատման թույլտվություններ տալու պատճառով այսքան ժամանակ մի շարք վայրերում, որտեղ արդեն իսկ թունելները փորված են, որոշակի աշխատանքներ տարված են, չի կարող կյանքի կոչվել:
«Հալաբյան փողոցին կից գտնվող մետրոյի կայարանը, պարզվում է սխալ կառուցապատման պատճառով չի շարունակվում, հենց թունելի, մետրոյի գծի շարունակության վրա մեծահարուստները տներ են կառուցել»,-ասաց տիկին Թարխանյանը՝ նշելով, որ, եթե ուզում ենք այդտեղ մետրոկայարան ունենալ, ապա այդ տների հարցը պետք է լուծվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ