Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով դատարանը որոշում կայացրեց 50 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակել Հայկ Սարգսյանին:
Այս որոշումն ընդունվեց ծափահարություններով. բոլորը դատարանի դահլիճում շնորհավորում էին Հայկ Սարգսյանի մորն ու կնոջը:
Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը որոշման հրապարակումից հետո հայտնեց՝ ուրախ է, որ դատարանը վեր կանգնեց այն մոտեցումներից, որ ի սկզբանե ուներ և նման որոշում կայացրեց:
Դառնալով գրավի չափի՝ ողջամիտ լինելուն, նկատեց. «Նման գործերով, բացառությամբ մեկ-երկու գործերի, 3-5 միլիոն ՀՀ դրամ գրավ է սահմանվել»:
Հայկ Սարգսյանի ազատ արձակման ընթացակարգի վերաբերյալ Երեմ Սարգսյանը պարզաբանեց. «Հայկ Սարգսյանի ընկերները մինչ այս հայտնել էին, որ պատրաստ են վճարել գրավի չափը: Այս պահի դրությամբ հաշվի առնելով գործի հնչեղությունը՝ կարծում եմ՝ գրավի չափը բավականին բարձր է: Երբ վճարումը կատարվի դատարանի դեպոզիտ հաշվին, անդորրագիրը ներկայացնեն քրեակատարողական հիմնարկ, այդ ժամանակ Հայկ Սարգսյանը պետք է ազատ արձակվի:
Երեմ Սարգսյանը հայտնեց՝ այնպես չէ, որ հօգուտ իրենց որոշում է կայացվել. «Լավն այն է, որ անձն ազատ է արձակվել, բայց կալանքը պահպանվել է: Նախորդ դատական նիստին տեղի ունեցած գործընթացները նպաստեցին, որ այսօր այս որոշումը կայացվի»:
Նշենք, որ այս գործով սեպտեմբերի 17-ից կսկսի դատավարությունը: Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ