Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վստահ է՝ Հայաստանում սինգապուրյան հրաշքը հնարավոր չէ կիրառել։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Անանյանը Սինգապուր իր այցից հետո է եկել նման եզրահանգման։ Ըստ Անանյանի, այդ երկրում օրենսդրության մեջ մի կարեւոր նշանաբան կա՝ սինգապուրյան մարմինը՝ իրենց ազգը, իրենց հարկերը:
Սինգապուրում, ըստ Անանյանի, հարկ վճարելը շատ կարեւոր իրադարձություն է, եւ հայրենասիրություն։ Իսկ Հայաստանում, ինչպես ասաց Անանյանը, ՊԵԿ-ը դեռ չի հասել այդ մակարդակին եւ գաղափարախոսությանը. «Մեզ մոտ ուրիշ նշանաբան ունենք։ Կա այնպիսի կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները որեւէ ձեւով ուզում են խուսափել հարկ վճարելուց։ Մենք Սովետական միությունից ունենք քարշ տված ժառանգություն՝ պետությանը խաբելը հարգանքի արժանի է»։
ՊԵԿ նախագահը մի օրինակ բերեց մշակույթի ոլորտից, թե ինչպես են հայտնի անձինք հարկերը թաքցնում, այս ոլորտում հարկեր թաքցնելու սովորույթ կա. «Մենք ունենք սիրված երգիչներ ու երգչուհիներ, նրանք հայրենասիրական երգեր են գրում ու կատարում, բայց որեւէ երգիչ-երգչուհի տարեկան եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել։ Տիգրան Մանսուրյանը ժամանակին հայտարարագրեր ներկայացրել է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ