ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը սեպտեմբերի 10-ին կայացած ասուլիսում ասաց, որ հավատացել ենք, թե ունենք շատ լուրջ գիտություն, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում:
«Իրականում պիտի փաստենք, որ մեր գիտությունը շատ ծանր հիվանդ վիճակում է գտնվում, եւ դրա մեղավորները այն գիտնականներն են ու մասնագիտական խորհրդի նախագահները, որոնք քայլ չեն ձեռնարկել դա շտկելու ուղղությամբ, այլ իրենց համար ստեղծել են կոմֆորտ միջավայր, շարունակել ղեկավարել իրենց հեղինակության բարձրացման համար»,-ասաց ԲՈԿ նախագահը:
Նրա խոսքերով, «Երբ ակադեմիկոսը լինելով մասնագիտական խորհրդի նախագահ, խորհրդի կազմում ընդգրկում է 60 տարեկանին մոտ դոկտորների, ապա այս գիտությունների դոկտորների մոտ իմ կողմից հասկանալի, բայց չարդարացվող հոգեբանական պրոցես է տեղի ունենում…
Նրանք արդեն գիտությունների դոկտոր են, այսպես ասած` կյանքի վերջին փուլն են թեւակոխում, եւ այստեղ մի ախորժելի բան կա` ակադեմիկոսը ցմահ ստանում է ակադեմիական կենսաթոշակ` 150000-200000 դրամի կարգի: Փաստորեն, դա լուծում է նրա ապահով ծերության հարցը: Նրանք սկզբունքորեն կողքի դնելով իրենց սկզբունքայնությունը` սկսում են քայլեր գործադրել, որպեսզի դրան հասնեն: Իսկ ակադեմիկոս դառնալը ինչ-որ բան ապացուցելով չէ, ուղղակի ակադեմիկոսներն ուզում են, որ այս մարդն ընդգրկվի իրենց ընտանիքի մեջ: Ստացվում է, որ պետք է ստիպված ակադեմիկոսներին հաճոյանաս, որ դառնաս ակադեմիկոս»:
Մանրամասները ` տեսանյութում` քիչ անց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ