«Այս ամիսներին փորձել եմ ուսումնասիրել մասնագիտական խորհուրդներում տիրող վիճակը, բարձրացված բոլոր խնդիրներն այն մասին, որ կան կոռուպցիոն սխեմաներ, գործընթացներ, երբ որակը չի վերահսկվում, տիրում են կամայական պրոցեսներ: Ցավոք, եկել եմ այն եզրակացության, որ այդ հարցերի մեծ մասն իրականություն է:
Այժմ ԲՈԿ-ում կա 60 մասնագիտական խորհուրդ, որոնց ճնշող մեծամասնությունը ձեւավորվել է կարգի խախտումով, մինչդեռ գոյություն ունի կառավարության կողմից հաստատված կանոնակարգ, թե ինչպես պետք է ԲՈԿ-ի գործընթացները տեղի ունենան, եւ նրա դրույթների մեջ սահմանված չափանիշները, որոնց պետք է բավարարեն գիտնականները, որպեսզի ընտրվեն մասնագիտական խորհուրդներում»,- սեպտեմբերի 10-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը:
Նա ասաց, որ վերը նշված պատճառներից ելնելով` ինքը սեպտեմբերի սկզբին ստիպված է եղել դադարեցնել մասնագիտական խորհուրդներում ատենախոսությունների պաշտպանության ընդունելու գործընթացը` մինչեւ հստակ պատկեր ունենալը, թե որ մասնագիտական խորհուրդն ինչ չափով չի համապատասխանում իրականությանը:
«Վիճակն այնպիսին է, որ եթե մենք օրենքն ամբողջ խստությամբ կիրառենք խորհուրդների վրա, ապա միգուցե մեկ կամ երկու մասնագիտական խորհուրդ մնա, որը կբերի գիտական աստիճանաշնորհման համակարգի կոլապսի: Դրա համար ստիպված եղանք մեղմացուցիչ լուծում գտնել: Եվս երկու շաբաթ կհետաձգվի ատենախոսությունների պաշտպանության ընդունելու կարանտինը, որի ընթացքում ավելի մանրակրկիտ հետազոտության արդյունքում կորոշենք, թե որ խորհուրդներն են բուժման ենթակա եւ որոնք` ոչ ու գլոբալ փոփոխության ենթակա»,-ընդգծեց ԲՈԿ նախագահը:
Մանրամասները` տեսանյութում
ԲՈԿ նախագահը հավելեց, որ բազմաթիվ աղմկահարույց դեպքերը, որոնց մասին լսել ենք նախկինում, հենց նման բաների արդյունքում են տեղի ունեցել. «Երբ մասնագիտական խորհրդում ընդգրկում ես մի մարդու, որն իրավունք չուներ, բայց նրա կողքին կան եւս 2-3 արժանիներ, որոնք նույնպես չեն համապատասխանում չափանիշներին, սակայն նրանց չես ընդգրկում, ու այստեղ հարց է առաջանում, թե ինչու այդպես տեղի ունեցավ»: Գոգյանի ձեւակերպմամբ, տվյալ պարագայում կամայականության պահ կա, երբ ասում են, դու չես բավարարում չափանիշներին, քեզ չենք ընդունում, բայց մյուսը չի բավարարում` ընդգրկում են խորհրդի կազմում, այն դարձնելով ավելի կառավարելի:
Մանրամասները ` տեսանյութում`
Սմբատ Գոգյանը հավելեց, որ մշտական մասնագիտական խորհուրդները, որոնք գործում էին երեք տարով, իրենց սպառել են, որովհետեւ դրանց նախագահների մեծամասնությունը դառնալով նախագահ` ստանձնում է մեծ հեղինակություն, որովհետեւ «մոդա թելադրողն» է դառնում` չստանձնելով ոչ մի պատասխանատվություն: Նրա համոզմամբ, մասնագիտական խորհուրդներում քննարկումներ գրեթե չեն կայանում, մարդիկ ընդամենը գալիս են քվեարկելու ու գնալու:
Նա որոշ օրինակներ բերեց. «Դեպքեր կան, երբ ատենախոսությունը գրված է հայերեն, բայց ընդդիմախոսը ռուս է, եւ երբ հարցնում եմ խորհրդին, թե ինչպե՞ս է ընդդիմախոսը կարդացել հայերեն ատենախոսությունը, պատասխանում են` դե սեղմագիրը ռուսերեն գրել ենք, կարդացել է: Դա ինձ համար անհասկանալի բացատրություն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ