Վեցերորդ գումարման խորհրդարանի աշնանային չորրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի օրակարգում պետական մարմինների անդամների վեց ընտրության հարց կա:
Նիստի մեկնարկին «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը գործընկերներին հորդորեց`հետաձգել Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը մինչեւ չորեքշաբթի, քանի որ խմբակցությունների ներկայացուցիչների եւ դաշինքի առաջարկած թեկնածուի միջեւ հանդիպումներ են տեղի ունենալու:
Հիշեցնենք, այս պաշտոնը պատկանում է «Ծառուկյան» դաշինքին: Խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի`մանդատը վայր դնելուց հետո, այդ պաշտոնը թափուր է: Խմբակցությունում քննարկվում էր Սերգեյ Բագրատյանի թեկնածությունը, ավելի ուշ ընտրությունը կանգնեց Տիգրան Ուրիխանյանի վրա:
Խորհրդարանն այսօր քննարկեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարց: ԱԺ ՀՀԿ խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Նախկին կարգով ԿԲ խորհրդի անդամին նշանակում էր ՀՀ նախագահը, այժմ կարգը փոխվել է, խորհրդի անդամներին նշանակում է խորհրդարանը` ֆինանսավարկային հանձնաժողովի առաջարկով։
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն իր խոսքում նկատեց, որ Մարտին Գալստյանը մեր պետության բրենդներից մեկը դարձած Դիլիջանի դպրոցի առաջին տնօրենն է։ Հանձնաժողովը միաձայն «կողմ» է քվեարկել նրա թեկնածությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ