Այսօր Ազգային ժողովը, համաձայն Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ կետի, պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի նախագահին:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր է դեռևս հունիսի 5-ից, երբ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրեց իր հրաժարականի դիմումը:
Հուլիսի 12-ին ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի հերթական ընտրություն: Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 7 ձայնով: Հատկանշական է, որ այդ ընտրությունից մոտ մեկ ամիս առաջ, հունիսի 7-ին ԲԴԽ-ի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահի նույն թափուր տեղի համար կազմակերպած ընտրության ընթացքում նույն Երվանդ Խունդկարյանը ստացել էր ընդամենը 2 ձայն, այնուհետև իրականացված երկրորդ փուլում՝ 4 ձայն:
Այս իրավիճակը չափազանց մտահոգիչ է մի քանի պատճառով.
նախ՝ լրջագույն խնդիր է ԲԴԽ-ի գործունեության զրոյական թափանցիկությունը և ստվերային պայմանավորվածությունների վերաբերյալ կասկածները:
Երկրորդ՝ Երվանդ Խունդկարյանի օգտին տրված ձայները մի քանի քվեարկությունների ընթացքում 2-ից հասնում են 7-ի, ինչը թափանցիկության զրոյական պայմաններում ստվերային պայմանավորվածությունների ուղղակի ցուցիչ է:
Երրորդ՝ Վճռաբեկ դատարանը (իր այսօրվա կազմով), տարիներ շարունակ լինելով դատական համակարգի առողջացման և արդարադատության բարելավման առանցքային պատասխանատուն, ոչ միայն ձախողել է այդ առաքելությունը, այլ, ըստ մի շարք զեկույցների, այդ թվում՝ ՄԻՊ-ի 2013թ. արտահերթ զեկույցի դատական համակարգում հանդիսացել է բազմաշերտ կոռուպցիոն սխեմաների ներդրման և բարգավաճման օրրան, ըստ էության, վերացնելով Հայաստանի Հանրապետության իրավական պետության բովանդակությունը: Միամտություն կլինի ենթադրելը, որ դատավորների այդ կազմից որևէ մեկը տեղյակ չի եղել հիշյալ զեկույցում արտացոլված հանգամանքներին, հատկապես, երբ խոսքը Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի, ըստ տարբեր աղբյուրների, մտերիմը հանդիսացող Երվանդ Խունդկարյանի մասին է:
«Թավշյա» հեղափոխությունից հետո առավել ցայտուն դարձավ հատկապես դատական համակարգի բարեփոխումների այն խորության անհրաժեշտությունը, որի առջև կանգնած է պետությունը: Այսօր Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ունի բացառիկ հնարավորություն արտահայտելու իր դիրքորոշումն այս հարցում:
Ելնելով դատական համակարգի առողջացման օրհասական անհրաժեշտությունից՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շեշտադրում է, որ այս փուլում Ազգային ժողովն ունի դատական համակարգում բարեփոխումների մեկնարկ տալու համար բավարար գործիքակազմ և Ազգային ժողովից է կախված, թե դատական համակարգում փոփոխություններն ինչ ուղղությամբ կընթանան:
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ արդարադատության համակարգը մեծապես վտանգված է, քանի որ մեր երկրի բարձրագույն դատական ատյանում` Վճռաբեկ դատարանում, շարունակում են պաշտոնավարել դատավորներ, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել քաղաքական դրդապատճառներով բազմաթիվ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և այլ հիմնարար իրավունքների խախտումների գործընթացներին : Պարկեշտություն ունենալու դեպքում, այդ դատավորներն առնվազն պետք է հետևեին Արման Մկրտումյանի օրինակին:
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը դիտարկում է նաև օգոստոսի 17-ի հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության կոնտեքստում և, հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի ընտրության գործընթացը և դրա կապակցությամբ ստվերային համաձայնությունների հանգամանքը, հորդորում է ԱԺ-ին չքվեարկել ԲԴԽ-ի կողմից առաջադրված Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանի օգտին՝ պարտադրելով այդ գործընթացը կազմակերպել արդարության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքներին համապատասխանող ընթացակարգով: Այդպիսի ընթացակարգն ի զորու կլինի բարձրացնել ինչպես այդ գործընթացի, այնպես էլ դատարանների նկատմամբ հանրային վստահության մակարդակը:
Իսկ որ ավելի կարևոր և արդիական է, այդ քայլով Ազգային ժողովը չափազանց կարևոր և անհրաժեշտ ուղերձ կհղի դատական համակարգին՝ խթանելով վերջինիս և հատկապես՝ Վճռաբեկ դատարանի առողջացումը:
Հակառակ դեպքում, եթե ժողովրդավարության և հաշվետվողականության սկզբունքների բացակայությամբ առաջադրված թեկնածուն, որն ի պաշտոնե մասնակցել է նախորդ արատավոր գործընթացներին և կրում է նախորդ ողջ խնդրահարույց ժառանգությունը, արժանանա ԱԺ-ի խմբակցությունների հավանությանը, ապա դա կվկայի կա՛մ այդ խմբակցությունների՝ դատական համակարգի բարեփոխման ծայրահեղ անհրաժեշտությունը չգիտակցելու փաստը, կա՛մ վկայությունը կլինի այնպիսի ստվերային պայմանավորվածությունների, որոնց հիմքում ընկած է նախորդ ոչ ժողովրդավարական իշխանության ժառանգությունը պահպանելու ձգտումը: Այս պարագայում առաջադրված թեկնածուի ընտրությունը կարող է դիտարկվել որպես հարված արդարադատության համակարգի առողջացմանը:
Ուստի, հաշվի առնելով վերը նշվածը, վստահ ենք, որ Ազգային ժողովում կա բավարար քաղաքական կամք՝ այսօրինակ հարցերում հավատարիմ մնալու իշխանության թևերի հակակշռման և զսպման սահմանադրական իր առաքելությանը՝ ցուցաբերելով սկզբունքայնություն և սահմանելով ժողովրդավարական այնպիսի չափանիշներ, որոնց հետ անխուսափելիորեն հաշվի կնստեն իշխանության մյուս թևերը՝ գործելով ժողովրդավարության լավագույն ավանդույթներին և սկզբունքներին համահունչ:
Հակառակը պարզապես ի չիք կդարձնի ժողովրդի հաղթանակը ոչ ժողովրդավարական իշխանության նկատմամբ:
Սույն հայտարարությունը բաց է միանալու համար:
Իրավունքի Եվրոպա միավորում