«ՀՀ-ում հանքարդյունաբերությունը, նոր հանքերի շահագործման համար նախատեսվելիք «ներդրումները» մեր երկրի համար ապագա չեն: Վարչապետն ինքն է շեշտել, որ չեն շարունակելու նախորդ կառավարության քաղաքականությունն առ այն, որ հանքարդյունաբերությունը ՀՀ զարգացման հիմքերից է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության հայտարարությանը, թե Ամուլսարի շուրջ վերջին իրադարձություններն անվերականգնելի հարված են հասցնում ՀՀ ներդրումային մթնոլորտին եւ տնտեսությանը, ասաց հանքավայրի շահագործման դեմ պայքարող բնապահպան, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը:
Հիշեցնենք՝ հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել՝ ոչ պատշաճ բնապահպանական փորձաքննություն կատարելու փաստի հիման վրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ օրերս հայտարարել է, որ սպասում են միջազգային փորձագետների գնահատականներին: «Ես այդ ամենը չեմ համարում ներդրում: Դրանք շահույթ են հանքարդյունաբերողի համար, իսկ իրականում ենթադրում են ժամանակավոր աշխատատեղեր եւ որոշակի գումարների մուտք, որը չի կարելի երկարատեւ ներդրում համարել»,- համոզմունք հայտնեց Լեւոն Գալստյանը: Նրա խոսքով՝ ներդրումներից խոսելուց առաջ պետք է մտածել, որ Ամուլսարի շահագործմամբ վտանգվում են ՀՀ կարեւորագույն ջրային աղբյուրները եւ համաշխարհային համբավ ունեցող Ջերմուկ առողջարանային քաղաքը:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ»
08.09.2018