ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այդքան շատ քննարկվող եկամտային հարկի փոփոխությունը: Փաշինյանի ձեւավորած կառավարությունը, ինչպես ինքն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում, կողմ է համահարթ եկամտային հարկի տարբերակին:
«Սահմանել 23% համահարթ եկամտային հարկ՝ շահութահարկ, պլյուս դիվիդենդի հարկ: Այսինքն՝ բոլոր չափի աշխատավարձերի դեպքում եկամտային հարկը լինի 23%, եւ շահութահարկի, դիվիդենդի հարկի հանրագումարը նույնպես լինի 23%»,- ասել է վարչապետը: Նա նաեւ նշել է, որ խճճված հարկման դեպքում մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների հարկային բեռը չի փոփոխվի, մոտ 360 հազար քաղաքացիներ կան այս չափի աշխատավարձով: «150 հազար դրամ աշխատավարձ ստացողների իրական աշխատավարձն ավելի բարձր է: Նրանք ստվերային աշխատավարձ էլ են ստանում, իսկ համահարթ հարկման պարագայում խթան կլինի, որ ստվերային աշխատավարձերը ստվերից հոսեն դեպի լույս»,- ասել է Փաշինյանը: Եկամտային հարկի մյուս տարբերակը, Փաշինյանի ներկայացմամբ, ոչ թե 150 հազար դրամը սահմանել որպես աշխատավարձի շեմ, այլ 250 հազարը, եւ ըստ այդմ՝ մինչեւ 250 հազար դրամ ստացողները վճարեն 20% եկամտային հարկ, իսկ 250 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները հարկվեն եկամտային հարկի 25%-ի չափով:
Ինչպես որ Փաշինյանն է Ֆեյսբուքում կարեւոր հայտարարություններ անում, այնպես էլ քաղաքացիներն են հենց Ֆեյսբուքում արձագանքում վարչապետի հայտարարություններին: Եկամտային հարկի համահարթ տարբերակի մասին օգտատերերը տարբեր կարծիքներ են հայտնում: Օրինակ՝ օգտատերերից մեկը՝ Աղասի Թադեւոսյանը, ինչպես ինքն է նշում, ճիշտ է, ոչ պրոֆեսիոնալ կարծիք է գրում, բայց դրանք քաղաքացիների մտահոգություններ են:
«Կարդացի մի քանի մեկնաբանություններ եկամտահարկի համահարթեցման հետ կապված։ Դրանք տարբեր են՝ ձախականից սկսած, մինչեւ շատ լիբերալը։ Անկախ ամեն ինչից՝ բոլոր մեկնաբանություններում կա մի էական բացթողում՝ խոսվում է աշխատավարձ ստացողի դիրքից միայն, բայց չի խոսվում այդ աշխատավարձը տվող ձեռներեցների մասին։ Ինձ մտահոգում են մասնավորապես մանր ու միջին ձեռներեցները։ Իրենց հետ ունեցածս նախնական զրույցներից ասեմ, որ ավելի գերադասելի տարբերակ է համարվում աշխատավարձի մինչեւ 250000 դրամ չափը 20% հարկ վճարելը եւ ավելիին՝ 23%-ը։ Խիստ անցանկալի ու մանիպուլյատիվ է համարվում Նիկոլի գերադասած համահարթեցված 23%-ը։ Թափանցիկ աշխատելու համար, այսինքն՝ որ աշխատողներին չթաքցնեն, այլ գրանցեն ու հանգիստ աշխատեն, նույնիսկ 20-ը բարձր է։ Անհրաժեշտ է այն ավելի իջեցնել՝ մինչեւ գոնե 18%։ Ընդհանրապես, մեր կառավարողներին կյանքից կտրված, զուտ կաբինետային ու պետության շահերից բխող հաշվարկներից բացի, միգուցե մեկ-մեկ արժե զրուցել մարդկանց հետ»,- գրում է Թադեւոսյանը։
Օգտատերերից մեկն էլ այսպիսի մտահոգություն է հայտնում. «80 հազար դրամից 23%-ը շատ է… կարծում եմ՝ նաեւ պայմանագրերի տարբեր տեսակների հնարավորություն պիտի տան։ Հասկանում եմ, որ կսկսեն ձեւերով խուսափել հարկերից, բայց երեքամսյա պայմանագիրը նույն ձեւով է հարկվում, ինչ 15 տարվանը։ Միգուցե ամեն տեղ է այդպես, բայց դժվար է 23% տալ»:
Մեկ այլ օգտատեր էլ համահարթ հարկման մոդելի մասին գրում է. «Սա կառավարության առաջին ոչ պոպուլիստական որոշումն է եւ հստակ նշան, որ ՀՀ-ն չի որդեգրում Վենեսուելան որպես զարգացման իդեալ… Պետությունը Մեծ դայակ չէ՛, ոչ էլ Ռոբին Հուդն է, որ իր ֆունկցիան լինի հարստության վերաբաշխումը՝ հարուստներից վերցնենք, տանք աղքատներին: Պետք է թարգել այս բոլշեւիկյան փիլիսոփայությունը»:
«Առավոտի» հետ զրույցում տնտեսագետ Հայկազ Ֆանյանն ասում է, որ ցանկացած հարկային փոփոխություն պետք է հիմնավորված լինի, այսինքն՝ պետք է մշակվեն համապատասխան տնտեսական մոդելներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ցանկացած ազդեցություն գնահատել: «Օրինակ՝ երբ փոփոխվում է եկամտային հարկը, դա ի՞նչ ազդեցություն է ունենալու բյուջեի վրա, եթե իջնի եկամտային հարկը, մարդկանց սպառման ծախսերն են ավելանում, որովհետեւ մարդկանց եկամուտը ավելանում է, եւ ընդհանրապես, մակրոմակարդակով պետք է գնահատել: Բայց հարկային օրենսդրությունը մշակելուց առաջ՝ իմ տեսակետն այն է, որ 2040 թվականի տեսլականը հստակեցնենք, որտեղ ենք ուզում գնալ, եւ Հարկային օրենսգիրքը մի գործիք է, որը մեզ կտանի դեպի այդ»,- ասում է տնտեսագետը: Նա նաեւ նկատում է՝ մենք ունենք 2014-2025 թվականների ռազմավարական զարգացման ծրագիր, եթե դա եւ հետեւաբար միջնաժամկետ ծախսային ծրագրերը պետք է վերափոխվեն, այս ամենը մենք պետք է հստակեցնեինք. «Վերջում անդրադառնայինք Հարկային օրենսգրքին, հետո որոշեինք՝ եկամտայի՞ն հարկն ենք կրճատում, շահութահա՞րկը, թե՞ ԱԱՀ-ն»:
Ֆանյանն ասում է՝ ինքը կողմնակից է համահարթ հարկման համակարգին, երբ նույն դրույքաչափն է կիրառվում՝ անկախ եկամտի մակարդակից. «Որովհետեւ սոցիալական անհավասարություն չկա, եթե մեկը 1 միլիոն դրամ է ստանում, ապա եկամտային հարկը համապատասխան գումարի չափով կլինի, մյուսը՝ 200 հազար դրամ, կրկին դրան համապատասխան: Պրոգրեսիվ հարկմանը կողմնակից չեմ: Բայց պետք է մշակել մակրոտնտեսական մոդելներ, որի հիման վրա հնարավոր կլինի գնահատել կոնկրետ հարկատեսակների ազդեցությունը բյուջեի, տնտեսության եւ հասարակության տարբեր խավերի վրա»:
Համահարթ հարկման մեխանիզմն իսկապե՞ս կարող է ստվերային աշխատավարձերը վերացնել, եւ ինչպես Փաշինյանն է ասում՝ ստվերից կհոսեն դեպի լույս, եթե աշխատողների մոտ աշխատանք կորցնելու մտավախություն կա, ի վերջո աշխատատեղերի խնդիր կա, արդյո՞ք նրանք կգնան գործատուի հետ առճակատման եւ կստիպեն ամբողջ աշխատավարձը գրանցել: Մեր այս հարցերին ի պատասխան՝ Ֆանյանն ասում է. «Զարմանում եմ այն մարդկանց ոգեւորվածության վրա, որոնք խոսում են, որ ստվերից մարդիկ դուրս կգան հարկային դրույքաչափի կրճատումով: Ստվերում են նրանք, ովքեր բիզնեսի սեփականատեր չեն, նրանք հիմնականում չգրանցված աշխատողներ են: Համահարթեցումը կգործի այն մարդկանց մոտ, որոնք եւ բիզնեսի սեփականատեր են, եւ գրանցված են տնօրեն: Ստվերից դուրս բերելու միակ գործուն մեխանիզմը եկամտային հարկի նվազեցումն է, որովհետեւ երբ եկամտային հարկից ուղղվում էր հիփոթեքային վարկի տոկոսի մարմանը, մեխանիզմը հստակ գործում էր: Շատերը ստիպում էին գործատուին, որպեսզի լրիվ աշխատավարձը գրանցեն: Այսինքն՝ պետք է հստակ մեխանիզմներ դրվեն, դա կարող է վերաբերել առողջապահության ծախսերի նվազեցմանը, երեխայի կրթության ծախսի նվազեցմանը եւ այլն: Ինքնին հարկային դրույքաչափերի նվազեցումը, տեսականորեն, հնարավոր է որոշակիորեն այդ ստվերը կրճատի, բայց գործուն մեծ ազդեցություն չի կարող լինել: Համոզմունք ունեմ, որ ազդեցությունը եկամտային հարկի կրճատման եւ ստվերի միջեւ շատ մեծ չի կարող լինել»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
08.09.2018