Լրահոս
Օրվա լրահոսը

Դայակներին կսովորեցնեն փրկարարների հետ շփվելու հմտություններ, բանակի, հայրենիքի մասին դասեր կտան

Սեպտեմբեր 10,2018 13:00

Մինչեւ տարեվերջ Հայաստանում կկազմակերպվի
դայակների վերապատրաստման առաջին դասընթացը

Այսօր Հայաստանում քիչ չեն դայակները՝ աշխատող ծնողների երեխաներին խմանող անձինք, սակայն Հայաստանում չկան դայակների եւ խնամակալների վերապատրաստման հաստատություններ: Ավետիս Վարոսյանը համախոհների հետ որոշել է իրականացնել «People Care Service» («Մարդկանց խնամքի ծառայություն») նախաձեռնությունը, որի նպատակն է պատրաստել մարդու լիարժեք խնամքն ապահովող մասնագետ:

Ավետիս Վարոսյանի խոսքով՝ դայակների եւ խնամակալների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար իրենք խորհրդակցել են բազմաթիվ մասնագետների հետ, եւ արդյունքում որոշվել է կազմակերպել եռամյա դասընթացներ՝ 200 ակադեմիական ժամ, որի միջոցով ապագա դայակները կստանան անհրաժեշտ գիտելիքներ՝ խնամքի մասնագիտացված ծառայություններ մատուցելու համար: Մինչեւ այս տարվա վերջ կկազմակերպվի առաջին դասընթացը:

Դասընթացներում ներառված են մարդու կենցաղի բոլոր հարթությունները. առաջին օգնություն, ոստիկանության, շտապօգնության, «911» ծառայության՝ փրկարարների հետ շփվելու հմտություններ, արտակարգ իրավիճակներում խուճապի չմատնվելու եւ ճիշտ վարք դրսեւորելու կարողություններ, մանկավարժների, մանկաբույժների, մանկական հոգեբանների, հոգեւորականների, սննդաբանների դասեր, բանակի եւ հայրենիքի մասին դասեր: «Մեր նպատակն է մարդկանց մեջ փոխել դայակի մասնագիտության ընկալումը, փոխել այսօրվա իրականությունը: Դայակը մասնագիտություն չէ, որով զբաղվում ես այն դեպքում, երբ անելու այլ բան չունես: Այսօր դայակ եւ խնամակալ են աշխատում մարդիկ, որոնք չունեն եկամտի այլ աղբյուր: Մենք դայակ-խնամակալ մասնագիտությունը կբերենք տեսանելի հարթակ, եւ շատ կանանց եւ տղամարդկանց համար կլինի ցանկալի աշխատանք»,- ասաց Ավետիս Վարոսյանը:

Այսօր Հայաստանում հենց այդ վիճակն է: Մարդիկ աշխատանք են կորցրել եւ դայակ են աշխատում, ապրուստ հոգալու՝ ապրելու համար: Այս մարդիկ չեն կարող վճարովի դասընթացների մասնակցել: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Ավետիս Վարոսյանն ասաց, որ սահմանվելու են հստակ ու խիստ չափանիշներ, որոնց համապատասխանող անձանց համար կվճարի «People Care Service»-ը: Այս մարդիկ կներառվեն ծառայության հաստիքացուցակում եւ կսպասարկեն ծառայության պատվերները: Նախաձեռնության հեղինակները մտադիր են համագործակցել բանկերի հետ՝ դայակների վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ցանկություն ունեցողների համար անտոկոս վարկեր տրամադրելու եւ համաֆինանսավորմամբ աշխատելու նպատակով:
Վերապատրաստման ցանկություն ունեցող անձանց համար տարիքային սահմանափակում չկա, բայց հաշվի է առնվում ամեն ինչ, այդ թվում՝ ֆիզիկական վիճակը՝ քաշը, հասակը: «Մենք դայակին ուղարկում ենք ոչ թե աշխատանքի, այլ ծառայության: Երեխան օրվա մեծ մասը անցկացնում է դայակի եւ ոչ ծնողների հետ: Դայակը պիտի դաստիարակի մեր երկրի ապագա քաղաքացուն՝ երկրի հենասյունը: Իրավունք չունենք ծառայության ուղարկելու մեկին, որը թեկուզ փոքր անվստահություն ունի սեփական փորձառության եւ գիտելիքների մեջ: Մեր դայակի աշխատանքային շաբաթը 5-օրյա է: Վեցերորդ օրը՝ գիտելիքի օր: Մեր հաստիքային բոլոր դայակները ամեն շաբաթ օր 5 ակադեմիական ժամ վերապատրաստվելու են: Մեր հաստիքացուցակից դուրս դայակները կարող են վճարել եւ մասնակցել այս դասընթացներին՝ թարմացնել գիտելիքները»,- ամփոփեց Ավետիս Վարոսյանը:

Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ»

08.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930