Քննիչները ֆիզիկական բռնություն գործադրելու միջոցով
ստիպել են համակարգչով տպագրված ցուցմունքի տակ ստորագրել
Այս տարվա հուլիսին բարձրաձայնվեց զինվորական գործերով կոռուպցիոն բացահայտումներից մեկի մասին: Այն առնչվում էր Զոլաքար գյուղի 18-ամյա բնակիչ Հայկ Մխիթարյանի եւ նրա պապի՝ Միշա Մխիթարանի հետ կատարվածին: Օգոստոսի 12-ին Հայկենց տուն գնացին ոստիկանության Երեւան քաղաքի Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները եւ հեռախոսային քարտի հետ կապված խնդիրների պատրվակով Հայկին տարան բաժին: Ճանապարհին, ինչպես նաեւ ոտիկանության բաժնում նրա նկատմամբ հոգեբանական եւ ֆիզիկական բռնություն գործադրելու միջոցով ստիպել են համակարգչով տպագրված ցուցմունքի տակ ստորագրել, ըստ որի՝ Հայկն իբրեւ թե 2.000 ԱՄՆ դոլար է տվել Արայիկ Անտոնյանին, որպեսզի վերջինս իր համար 6 ամսով տարկետում վերցնի: «Քանի որ Հայկը բնակվել եւ սովորել է Ռուսաստանի Դաշնությունում, հայերեն գրել ու կարդալ չգիտի, տպագրված հարցաքննության արձանագրության տակ ստիպել են, որպեսզի հայերեն գրի՝ առանձին-առանձին արտանկարելով իրենց կողմից գրված հայերեն տառերը»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասում է Արայիկ Անտոնյանի պաշտպանը, փաստաբան Արթուր Գրիգորյանը: «Ինձ տարան գնդապետի մոտ, մի գեր մարդ էր, ասեցին հըլը պատմի տենանք, թե չէ կյանքովդ մեկ գնալու ես փտես բանտում»,- պատմել էր Հայկը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսի 17-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք քննչական բաժնի քննիչ Գ.Հովհաննիսյանի միջնորդությունը՝ թիվ 17856218 քրեական գործով մեղադրյալ Արայիկ Անտոնյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին եւ մերժվել է մեղադրյալի պաշտպանների միջնորդությունը՝ մեղադրյալին կալանքից գրավով ազատելու մասին:
Ի դեպ, նշված քրեական գործի հարուցման հիմքում դրվել է նշյալ բաժնի քրեական հետախուզության պետի տեղակալի հուլիսի 19-ի զեկուցագիրն այն մասին. «օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2018 թվականի հունվարից մինչեւ հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում ոմն Արայիկը քաղաքացի Ա. Տ.-ին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար որպես կաշառք պահանջել եւ ստացել է 19.000 ԱՄՆ դոլար»:
Ըստ պաշտպան Արթուր Գրիգորյանի, օգոստոսի 13-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանի տարածքում ոստիկանության աշխատակիցները հարձակվել են իր պաշտպանյալ Արայիկ Անտոնյանի վրա եւ առանց որեւէ անհրաժեշտության, նրա նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելով՝ նրան բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Պաշտպանական կողմը դատարանում վիճարկել է կասկածյալ Արայիկ Անտոնյանի ձերբակալման իրավաչափությունը: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսի 14-ի որոշմամբ պաշտպանական կողմի նշված բողոքը բավարարվել է՝ Ա. Անտոնյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ եւ կարգադրվել է նրան անհապաղ ազատ արձակել:
«Դատարանն իր նշված որոշման մեջ ձերբակալման ոչ իրավաչափ լինելը հաստատված է համարել այն փաստով, որ Ա. Անտոնյանը ձերբակալվել է 13.08.2018թ. ժամը 19.15-ին, իսկ քննիչի կողմից ներկայացված որպես ականատես վկա Շ. Ղ-ի հարցաքննության արձանագրության ուսումնասիրությամբ պարզվեց, որ վերջինիս հարցաքննությունը սկսվել է ժամը 18:30-ին եւ ավարտվել է 13.08.2018թ., ժամը 21:35-ին: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Արայիկ Անտոնյանը ձերբակալվել է վկայի հարցաքննության ընթացքում, մինչեւ հարցաքննության ավարտը: Ավելին, հարցաքննության ավարտին վկան հրաժարվել է իր ցուցմունքներից եւ չի ստորագրել արձանագրության տակ»,- «Առավոտին» հայտնեց զրուցակիցս՝ փաստաբան Ա.Գրիգորյանը: Ի դեպ, պաշտպանական կողմը դիմել է այս կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությանը, Նոր Նորքի քննիչների եւ կալանավորման միջնորդությունը կատարած քննիչի դեմ, նրանց կողմից կատարված գործողությունների եւ կեղծ ապացույցներ գործում կցելու վերաբերյալ:
ՀՔԾ-ին ուղղված դիմումում մասնավորապես ասվում է. «Օգոստոսի 13-ին Արայիկ Անտոնյանին ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկելիս քրեական հետախուզության աշխատակիցները անձնական խուզարկությամբ նրա մոտից վերցրել են մոտ 400.000 ՀՀ դրամ եւ 2.200 ԱՄՆ դոլար, որոնք հետագայում փոխանցել են քրեական գործը քննող քննիչներին: Դատարանի վերը նշված որոշմամբ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչվելուց հետո քննիչներն իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելով՝ նշված գումարները Արայիկ Անտոնյանին չեն վերադարձրել»: Պաշտպանական կողմը ուշադրություն է հրավիրել առգրավմանն ու խուզարկության վերաբերյալ դատարանի որոշմանը. «Ինչ վերաբերում է բնակարանում դրամական միջոցներ հայտնաբերելու մասով խուզարկության կատարմանը, ապա դատարանն այդ մասով քննիչի միջնորդությունը չի բավարարել, նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը դատարանին չի ներկայացրել այնպիսի տվյալ, որով հնարավոր կլիներ նույնականացնել վերոնշված գումարները: Չնայած դրան, Արայիկ Անտոնյանի բնակարանում խուզարկություն կատարելիս քննիչի կողմից կազմված արձանագրությամբ վերցվել է 6.900 ԱՄՆ դոլար, որն առանց որեւէ իրավական հիմքի մինչ օրս պահվում է եւ նրան չի վերադարձվում՝ ի խախտումն նշված դրամական միջոցների նկատմամբ մեր պաշտպանյալի սեփականության իրավունքի»:
Քննիչը Արայիկ Անտոնյանին որպես մեղադրյալ է ներգրավել այն բանի համար, որ «Արայիկ Անտոնյանն օժանդակել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր, իսկ երկու դեպքում՝ խոշոր չափի կաշառք ստանալուն, ինչպես նաեւ 3 դեպքում օժանդակել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա տարբեր անձանց, վերջիններիս կողմից հանցավոր՝ խաբեության այլ ճանապարհով՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում»: Քննիչ Գ.Հովհաննիսյանի միջնորդության մեջ ակնարկվում է այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է ընտրել, քանի որ ազատության մեջ մնալով՝ Արայիկը կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից եւ կխոչընդոտի գործի քննությանը:
Օգոստոսի 17-ի բողոքարկվող որոշմամբ հղում էր կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ 2017 թվականի հուլիսի 20-ի վճռին, որով արտահայտվել է հետեւյալ դիրքորոշումները. «Հիմնավոր կասկածի շարունակական առկայությունն առ այն, որ ձերբակալված անձը կատարել է հանցանք, շարունակական կալանքի իրավաչափության համար sine qua non (պարտադիր պայման) է, սակայն որոշ ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար։ Նման դեպքերում դատարանը պետք է պարզի, թե արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերով շարունակվո՞ւմ է հիմնավորված լինել ազատությունից զրկելը։ Այն դեպքում, երբ նման հիմքերը «հիմնավոր» են եւ «բավարար», դատարանը պետք է նաեւ համոզվի, թե արդյոք ազգային իրավասու մարմինները վարույթն իրականացնելիս դրսեւորե՞լ են «պատշաճ ջանասիրություն»:
«Մեղադրյալի թաքնվելու վտանգը չի կարող գնահատվել միայն նրան սպառնացող պատժի խստությամբ։ Այն պետք է գնահատել՝ վկայակոչելով մի շարք այլ վերաբերելի գործոններ, որոնք կարող են կամ հաստատել թաքնվելու վտանգի առկայությունը, կամ կարող են այն այնքան չնչին դարձնել, որ դրանով չի կարող հիմնավորվել մինչեւ դատական քննության ավարտը կիրառված կալանքը»,- նշել էր դատարանը: Ըստ պաշտպանական կողմի, ՄԻԵԴ-ն էլ է արձանագրել, որ «հիմնավոր կասկած»-ը պետք է առնվազն պարունակի այնպիսի տարրեր, ինչպիսիք են այդ կասկածի հավաստիությունը եւ բարեխղճությունը: Այն ենթադրում է այնպիսի փաստերի եւ ինֆորմացիայի առկայություն, որը բավարար լինի օբյեկտիվ դիտորդի համար եզրակացնելու, որ շահագրգիռ անձը կարող է կատարած լինի տվյալ հանցագործությունը: Եվրոպական դատարանի վերը նշված դիրքորոշումները իրենց վերահաստատումն են գտել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում:
«Ինչ վերաբերում է Հայկ Մխիթարյանին, ապա նրա մասով առկա է ոչ թե Արայիկ Անտոնյանի, այլ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների եւ նույն շենքում աշխատող քննիչների կողմից մի շարք պաշտոնեական հանցագործություններ կատարելու հիմնավոր կասկած: Արդյունքում, բողոքարկվող որոշման հիմքում, որպես Արայիկ Անտոնյանի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի հիմնավորում, օգտագործվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի հետեւանքով ստացված ցուցմունքը, ինչը անհամատեղելի է նաեւ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության հիմնարար սկզբունքների հետ»,- նշել է բողոքաբեր կողմը:
Ա.Գրիգորյանը միջնորդել էր բեկանել ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսի 17-ի որոշումը եւ դատական ակտը փոփոխել՝ քննիչի միջնորդությունը մերժել, կամ բեկանել նշված դատական ակտի՝ գրավն անթույլատրելի ճանաչելու մասը եւ մեղադրյալ Արայիկ Անտոնյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային միջոց կիրառել գրավ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
08.09.2018