Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք ներդրումների շատ մեծ ցանկություն հայտնողներ, սարսափելի շատ»

Սեպտեմբեր 10,2018 12:00

Արծվիկ Մինասյանը հորդորում է երկնքից մանանա չսպասել,
ցանկությունը մի բան է, ներդրում անելը՝ մեկ այլ բան:

Վարչապետը բազմաթիվ անգամ ուղերձներով հանդես եկավ՝ հրավիրելով Հայաստան ներդրումների: Նա ասաց, որ ներդրումները մեր երկրում երաշխավորվում են, լավ միջավայր կա: «Առավոտի» հետ զրույցում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հարցին՝ դուք ներդրումների լուրջ հոսք այս ընթացքում նկատե՞լ եք, վարչապետի հորդորը տեղ հասնո՞ւմ է՝ պատասխանեց. «Միջավայրը ստեղծված է հիմա, բայց մեր խնդիրն է դա վերածել ինստիտուցիոնալ համակարգի: Դա նշանակում է նաեւ նոր օրենքների ընդունում: Դրա համար մենք չափազանց կարեւորում ենք նաեւ 2-3 նախաձեռնություններ, որ գտնվում է հիմա կառավարությունում: Մեկը պետություն-մասնավոր հատվածի համագործակցություն է, որը երկարաժամկետ առումով ներդրողներին տալիս է երաշխիքների համակարգ, երկրորդը «Ներդրումների պաշտպանության օրենքն» է, երրորդը՝ արտադատական կարգով գործարարների շահերի պաշտպանության համակարգն է եւ ամենակարեւոր հարցերից մեկը ներդրումների երաշխիքային նոր համակարգի ներդրումն է: Ասեմ, որ ունենք շատ մեծ ցանկություն հայտնողներ, սարսափելի շատ»:
Հարցին՝ ներդրումների սարսափելի ցանկություն ունեն, բայց սպասո՞ւմ են դեռ, ի՞նչն է խանգարում, որ անեն՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Սպասելու խնդիրը չի: Խնդիրն այն է, թե այդ մեծածավալ ցանկություններից որոնք են, որ իրատեսական են թե՛ ներդրողի տեսակետից, թե՛ մեր ինստիտուցիոնալ համակարգի տեսակետից: Այսպես որ գնահատելու լինենք, նվազագույն ցանկությունների թիվը 1 մլն եւ ավելի է: Չեմ ուզում շատ ավելի մեծ բաներ ասել, բայց այդպիսի ցանկություն հայտնողներ կան, բայց մենք իրատեսականն ենք գնահատում այս պահին՝ 240 մլն է, դա տեսանելի ապագայում իրատեսական է երկու կողմերի ակտիվ գործողությունների արդյունքում: Մենք պատրաստ ենք ամբողջ կառուցվածքով աջակցել, որ այդ ծրագրերն իրականանան: 240 մլն-ը խիստ իրատեսական է, կարող է նույնիսկ ավելանալ, բայց չպակասել»:

Հարցին՝ գոհացնո՞ղ է այդքան ներդրումների ծավալը՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այնքանով, որ ցանկությունները համընկնում են կառավարության հայտարարած գերակայությունների հետ, միանշանակ՝ այո: Չպետք է սպասել միանգամից երկնքից մանանա, հարկավոր է ամենօրյա քրտնաջան աշխատանք, որպեսզի լավ, դրական հակակոռուպցիոն միջավայրը վերածվի նաեւ ինստիտուցիոնալ համակարգի»:

Երեկ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում բյուջեի առաջին կիսամյակի կատարման հաշվետվությունը քննարկելիս կառավարության անդամները հայտարարեցին, որ կիսամյակի կտրվածքով մոտ 176 տոկոս աճել է, դա նշանակում է 76 տոկոս աճ: Երեք հիմնական ոլորտում են արվում ներդրումներ՝ էլեկտրականություն ու գազի գոլորշի, գյուղատնտեսություն եւ տրանսպորտ, ընդ որում, էլեկտրականություն եւ գազի գոլորշու ճյուղի ներդրողները ՀԷՑ-ն ու «Գազպրոմն» են:
ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովում պարոն Մինասյանը հայտարարեց, որ Հարկային նոր օրենսգրքի շուրջ չափազանց թեժ ու չափազանց սկզբունքային քննարկումներ են ընթանում. «ՊԵԿ-ի մեր գործընկերների հետ միասին մարզերում եւ Երեւանում իրականացրել ենք շուրջ 16 հանրային լայն հանդիպումներ, որին մասնակցել են մոտ 500 խոշոր, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որ ինչքան հնարավոր է բիզնեսի մտահոգությունները լսենք»:
Հարցին՝ հիմնական շեշտադրումները հայտնի են հարկային նոր օրենսդրության՝ եկամտահարկն իջեցնել, միկրոբիզնեսի շեմ սահմանել ու ազատել հարկերից, կոնկրետ ձեր տարաձայնությունը ինչո՞ւմ է կայանում: Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Թույլ տվեք հիմա դա չբարձրաձայնեմ, որովհետեւ դա աշխատանքային էթիկայի տեսակետից առնվազն ճիշտ չէ: Այն, ինչ վարչապետը հայտարարել է, այո, երկու-երեք կարեւոր սկզբունքային համաձայնություն կա արդեն, բայց մեր նպատակը, որպես էկոնոմիկայի նախարարություն, առաջնորդվել տնտեսական ակտիվությունը խթանելու, խրախուսելու, նաեւ կայուն զարգացում ապահովելու սկզբունքով՝ առանց անտեսելու շրջակա միջավայրը, առանց անտեսելու սոցիալական ներառականությունը եւ առանց րոպեական շահը գերադասելու»:

Մենք հարցրեցինք՝ դուք մտավախություն ունեք, որ գուցե ինչ-որ պոպուլիստական քայլեր արվեն, բայց կայունությո՞ւնը վտանգվի դրա արդյունքում՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ես նկատի ունեմ եւ մտավախություն ունեմ այն մասով, որ որեւէ մի ոլորտը չգերակայի մյուսի նկատմամբ: Երբ մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ արդյունաբերություն ասելով՝ պետք է հասկանանք ամեն ինչ ավիրել՝ դա ընդունելի չէ, որովհետեւ թե՛ ներկա, թե՛ ապագա սերունդը ավելի մեծ բեռ է կրելու հետո այդ երեւույթները վերացնելու համար: Եվ համակարծիք չեմ ծայրահեղ մյուս դրսեւորման հետ, որ որեւէ ձեւով չկպնենք, որովհետեւ դա կարող է ընկալվել, դիտարկվել կամ մեկնաբանվել՝ որպես ծառը կամ ծաղիկը տեղափոխելու գործողություն: Մեր քաղաքացիների համար պետք է կայուն կենսագործունեության միջավայր ստեղծել՝ ունենալով աշխատատեղ, ունենալով ապագայի նկատմամբ տվյալ վայրում ապրելու հեռանկար եւ առողջապահական, սոցիալական, աշխատավարձերի առումով ընդունելի մակարդակի վարձատրության համակարգ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

08.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930