Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Շիրակի մարզում այդպես դեֆիցիտ բժիշկները

Սեպտեմբեր 10,2018 11:30

Շիրակի մարզում ամենապահանջված, սակայն դեֆիցիտ մասնագիտություններից մեկը բժշկինն է։ Մի քանի տարի է՝ Զբաղվածության պետական գործակալության պաշտոնական էջում գերակշռող տեղ են զբաղեցնում բժշկի թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները։ Երեկ էլ Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված աշխատանքի 11-րդ տոնավաճառի ժամանակ ականատես եղանք, որ մի առաձին տաղավարում նստած էին Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները, որոնք փորձում էին տեղում կադրեր փնտրել։ Այս բուժհաստատությունը մեծ թվով բժիշկների կարիք ունի՝ քիթ-կոկորդ-ականջաբանի, նյարդաբանի, հոգեբույժի, ինֆեկցիոնիստի, նեոնատոլոգի։
Նկատենք, որ Մարալիկի առողջության կենտրոնը կարեւոր նշանակություն ունի Անիի տարածաշրջանի համար, սպասարկում է 17 համայնքների, մարզպետարանի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ բնակչության ընդհանուր քանակը 6943 է։

Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար Ամալյա Ադամյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ Մարալիկ բժշկական կենտրոնից բացի, տարբեր բժիշկների, այդ թվում մանկաբույժի կարիք ունի նաեւ Գյումրին։ «Առավոտ»-ը հետաքրքրվեց՝ մի՞թե պատճառը ցածր աշխատավարձն է, որ տարիներ շարունակ հայտարարություն են տալիս, սակայն արձագանքողներ գրեթե չեն լինում։

«Բժիշկների առումով կարող եմ մեկ հանգամանք նշել. հատկապես երիտասարդները, որոնք ավարտում են բուհը, ձգտում են Երեւանում գտնել աշխատանք։ Մարզերում մի քիչ դժվարանում ենք կադրեր գտնել, բայց հիմա մենք մի ծրագիր ունենք, օրինակ՝ այլ վայրում աշխատանք գտնելու դեպքում փոխհատուցում ենք տրամադրում տան վարձի, կոմունալ ծախսերի, նույնիսկ մեկ տարի աշխատավարձի չափով հավելավճար են ստանում բժիշկները։ Եվ հիմա մեր ուշադրության կենտրոնում հատկապես բժիշկներն են, բանակցում ենք այլ վայրից մեր քաղաք բժիշկներ հրավիրելու համար։ Հույս ունենք, որ գոնե այս ծրագրի շրջանակում մի քանի բժիշկների թափուր տեղերը կհամալրվեն», -ասաց Ամալյա Ադամյանը։
Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանից էլ հետաքրքրվեցինք, թե բժիշկներն արտագաղթե՞լ են, որ նման պահանջարկ կա բժշկական կենտրոններում։ Պաշտոնյան ասաց. «Չեմ կարող ասել ֆիզիկապես որտեղ են գտնվում, բայց բժշկական մասնագիտությունների առումով մենք խնդիրներ ունենում ենք, մանավանդ հեռավոր մարզերում։ Երբ նայում ես աշխատավարձերը, բոլորը ցածր են՝ 50, 55, 60, 70, մաքսիմալ 80 հազար դրամ։ Սա շահագրգռող չէ, որ բժիշկներն աշխատեն, այն էլ բժիշկ մասնագիտությամբ, դուք պատկերացնում եք լավ բժիշկը ինչ աշխատավարձ կարող է ունենալ, ինչ աշխատանք կարող է անել»։

Գարիկ Սահակյանը եւս պարզաբանեց, թե մարզերում աշխատելու դեպքում ինչ փոխհատուցում կարող են ստանալ։ «Այլ վայր աշխատանքի տեղավորման դեպքում ունենք որոշ ծախսերի փոխհատուցման ծրագիր, դա միայն մարզերին է վերաբերում, եթե օրինակ՝ Գյումրիում, Աշոցքում կամ Ամասիայում ունենք բժշկական մասնագիտության թափուր տեղ ու չի լրացվում բազմիցս, այդ ժամանակ մենք կարող ենք Աշտարակից կամ Երեւանից մարդ հրավիրել, որը որ ուզում է գնալ Աշոցքում աշխատելու։ Եթե 70 հազար դրամ է նախատեսված իր աշխատավարձը, մենք մեկ տարվա ընթացքում մինիմալ աշխատավարձով ավելացնում ենք իր աշխատավարձը, կոմունալ ծախսերն ենք փոխհատուցում, փոխհատուցում ենք իր տրանսպորտային ծախսերը մինչեւ Աշոցք կամ Ամասիա, իր ընտանիքի անդամների տրանսպորտային ծախսերը, եթե ուզում է ընտանիքով տեղափոխվել։ Տարվա ընթացքում չորս անգամ իր մշտական բնակության վայր գնալ-գալու ծախսերն ենք փոխհատուցում։ Այսինքն՝ կարելի է ասել, մենք 1-2 տարի իրենց օժանդակում ենք, որպեսզի կարողանան մնալ, աշխատել եւ, այսպես ասած, շահավետ վիճակ լինի, բայց, իհարկե, սա կարեւոր խնդիր է, որը որ պետք է լինի պետության ուշադրության կենտրոնում»,- ասաց մեր զրուցակիցը։

Մարալիկի առողջության կենտրոնի կադրերի բաժնի տեսուչ Մխիթարյան Օֆելյան էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց տոնավաճառի շրջանակներում չհաջողվեց որեւէ դիմումատու գտնել։ Նա նշեց, որ իրենց տնօրենն այս պահին պատրաստ է նաեւ եկող բժիշկների բնակարանային խնդիրները լուծել։ Մեր հարցին՝ ինչո՞ւ չեն գալիս աշխատելուգ տեղա՞նքն է հեռու, թե՞ աշխատավարձն է ցածր, վերջինս ասաց, որ հաստիքացուցակում համատեղությամբ աշխատելու դեպքում 0,25 դրույք կարող են տրամադրել բժշկին ՝ 33 հազար դրամ աշխատավարձով, բայց եթե հաջողվի գտնել համապատասխան մասնագետների, որոնք կդառնան հիմնական աշխատողներ, պայմանները կքննարկվեն ու աշխատավարձը շատ ավելի բարձր կլինի։

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ»

08.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930