Ինչպես հայտնի է, Շիրակի դատախազությունում աղմկոտ բացահայտումներ էին կատարվել մարզի տարբեր տեղանքների սոցիալական ծառայություններում տեղի ունեցած չարաշահումների, կոռուպցիոն փաստերի վերաբերյալ։
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի (լուսանկարում) հանձնարարությամբ 6 քրեական գործեր էին հարուցվել մարզի վարչական տարածքում գործող սոցծառայությունների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություններ ստանալու և խարդախությամբ գումարներ հափշտակելու համար։
Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի դատախազն ասաց․ «Նշված քրեական գործերով դատախազության անմիջական հսկողությամբ կատարվում են անհետաձգելի և բազմածավալ քննչական ու դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Այս պահին նշված քրեական գործերով արդեն իսկ մեղադրանքներ են առաջադրվել 11 անձի, որպես կասկածյալներ հարցաքննվել և ներգրավվել են 3 անձ։ 11 անձի պաշտոնավարությունները դադարեցվել են, որոնցից 7-ինը՝ դատախազների որոշմամբ։ Գործով անցնող մյուս անձանց պաշտոնավարությունները դադարեցնելուն ուղղված գործողությունները գտնվում են ընթացքի մեջ։
Մեղավոր անձանց կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 5 միլիոն 112 հազար ՀՀ դրամ գումարը։ Պետությանը պատճառված և դեռևս չվերականգնված գումարները վերականգնելու ուղղությամբ, դատախազների հանձնարարությամբ, վարույթն իրականացնող քննիչների կողմից կատարվում են անհրաժեշտ գործողություններ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ