Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զինուժին» տված հարցազրույցում խոսեց ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին:
Հարցին՝ ակնհայտ է, որ մեր երկրի ամենակարեւոր մարտահրավերներից մեկը ղարաբաղյան հիմնախնդիրն է, մի կողմից խաղաղ հանգուցալուծումը շատ մշուշոտ է, մյուս կողմից ռազմական հանգուցալուծումը աղետալի է ամբողջ տարածաշրջանի համար, ի՞նչ կարծիք ունեք դուք՝ վարչապետը պատասխանեց. «Ռազմական նոր բախումը մարտահրավերներով հղի է ոչ միայն տարածաշրջանի համար, տարածաշրջան ասելով՝ եթե Հարավային Կովկասը նկատի ունեք, շատ ավելի մեծ՝ ընդհուպ մինչեւ Եվրոպա: Վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի շրջանակներում դա էլ էինք քննարկում, թե ինչպիսի մեծ մարտահրավեր կարող է առաջացնել ողջ Եվրոպայի համար, եթե այստեղ ռազմական բախում տեղի ունենա: Պատերազմի անթույլատրելիության վերաբերյալ կա ըմբռնում ամբողջ առաջադեմ աշխարհում եւ իմ տպավորությամբ դա կարելի էր նկատել նաեւ կանցլեր Մերկելի՝ Բաքվում արած հայտարարությունից»:
Ինչ վերաբերում է բանակցություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իրավիճակը հետեւյալն է բանակցային գործընթացում՝ կառավարությունը ծանոթանում է այն ժառանգությանը, որը ստացել է, դա բավականին ծավալուն աշխատանք է: Պետք է տեղի ունենա ժառանգության գնահատում ու որոշում կայացվի, թե ինչ հիմքի վրա է ընթանալու բանակցային գործընթացը…Բանակցային գործընթացի ընդհանուր կոնտեքստը հասկանալու համար դա օգտակար է: Պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել բանակցային գործընթացի ամենավերջին փուլերում ու դա ընդունելի՞ է, թե՞ այնուամենայնիվ, բանակցությունները պետք է սկսել ինչ-որ նոր կետից, կամ գոնե սրբագրումներ ու փոփոխություններ պետք է արվեն: Սա է այսօրվա գործընթացը եւ այսօր կարծես թե միջնորդները, միջնորդ երկրները ընդունում են, որ հարցն այսպիսի փուլում է գտնվում»:
Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշման մասին վարչապետն ասաց. «Առաջինը պետք է արձանագրենք, որ ես, լինելով վարչապետ, լիազորված եմ բանակցել ՀՀ անունից՝ Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում, լիազորված չեմ բանակցել ԼՂՀ անունից այն պարզ պատճառաբանությամբ, որ ՀՀ-ում իշխանության ձեւավորմանը Արցախի ժողովուրդը չեն մասնակցում, նրանք ունեն իրենց սեփական ընտրական, պետական համակարգը, պետական ներկայացուցիչները, ովքեր պետք է բանակցեն Արցախի անունից: Սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք ԼՂՀ բանակցային գործընթացին մասնակցել, ասում ենք, որ պատրաստ ենք ամենաէֆեկտիվ ձեւով մասնակցել գործընթացին»:
Հարցին՝ կա՞ տեսական հնարավորություն, որ Ստեփանակերտը երբեւէ վերադառնա բանակցային սեղան՝ Փաշինյանը պատասխանեց, որ իրականում այնքան էլ արտասովոր չէ այդ հարցը, որքան փորձ է արվում ներկայացնել: ԵԱՀԿ միջնորդների մի քանի հայտարարություններում Արցախի դերակատարման մասին նշվում է ու իր խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունների համատեքստում է. «Ղարաբաղի հարցը որեւէ մեկը չի կարող մտածել, որ հնարավոր է լուծել առանց ԼՂՀ ժողովրդի դիրքորոշման հստակ ձեւակերպման: Մեր իրականության մեջ շատ է խոսվել այն մասին, որ այս կամ այն իշխանությունը, այս կամ այն կառավարությունը այսպիսի լուծումների է գնում, թաքուն դավադրութունների է մասնակցում: Ես այսպիսի թեզի գոյությունը աբսուրդ եմ համարում, որովհետեւ կարծում եմ, որ ինչպես Ղարաբաղի հարցը հնարավոր չէ լուծել առանց Արցախի ժողովրդի հստակ դիրքորոշման ու կամարտահայտության, այնպես էլ առանց ՀՀ ժողովրդի հստակ դիրքորոշման ու կամարտահայտության: Կուլիսներում կարելի է խոսել, քննարկել, սուրճ խմել, ամեն ինչ, բայց եթե խոսում ենք լուծման մասին, չի կարող լինել լուծում՝ առանց մեր ժողովրդի հստակ կամարտահայտության»:
Նա նորից կրկնեց այն, ինչ հանրահավաքում էր ասել՝ օգոստոսի 17-ին՝ «Եթե բանակցային գործընթացի ընթացքում կձեւավորվի մի այնպիսի տարբերակ, որ ես ինքս կգտնեմ, որ արժե այդ տարբերակի մասին մտածել, եթե ունենամ բավարար փաստարկներ, որ դա լավ տարբերակ է, հաջորդ գործողությունը կլինի դա հայ ժողովրդին ներկայացնելը:
Նա ասաց, որ երբ ասում են՝ որ հերթական վարչապետը գնաց Փարիզում կամ այլ տեղ մկրատը ձեռքին ղարաբաղյան հարցը լուծելու, դա աբսուրդ է, նման բան չի կարող լինել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ