«Առավոտի» զրուցակիցն է Բանակի, կոնվերսիայի եւ զինաթափման հետազոտությունների ուկրաինական կենտրոնի (Centre for Army, Conversion, and Disarmament Studies (Kyiv, Ukraine) փորձագետ, Թբիլիսիի նույն հետազոտական կենտրոնի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Վլադիմիր Կոպչակը:
-Վլադիմիր, ձեր կենտրոնը, որ ամենահայտնիներից մեկն է Ուկրաինայում, Թբիլիսիում բացել է տարածաշրջանային գրասենյակ, որը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում մեր տարածաշրջանի երկրների, ներքին օրակարգի, անվտանգության, տարածաշրջանի երկրների՝ եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցների հետ համագործակցության հարցերի հանդեպ: Ինչպիսի՞ն է թբիլիսյան գրասենյակի առաքելությունը մասնավորապես հայկական ուղղությամբ:
-1999-ից սկսած մեր ոչ կառավարական կազմակերպությունը սիստեմատիկ կերպով զբաղվում է աշխարհաքաղաքականության, պաշտպանական շինարարության, ռազմատեխնիկական համագործակցության հարցերով, ուսումնասիրում է անվտանգության ոլորտը՝ բառի ամենալայն իմաստով: Մենք զբաղվել ենք ժամանակակից կոնֆլիկտների ուսումնասիրությամբ, պատերազմների առանձնահատկություններով, որոնք այսօր ընդունված է անվանել «հիբրիդային»:
2014-ից սկսած, Ղրիմի անեքսիայից հետո մեր կենտրոնի գործունեությունը հայտնի պատճառներով սկսեց արդիական դառնալ ու հետաքրքրել ոչ միայն հայրենական, այլեւ միջազգային կազմակերպություններին: Մենք միջազգային դրամաշնորհային կառույցների հետ աշխատելու նոր փորձառություն ձեռք բերեցինք:
Կարեւոր է, որ անվտանգության ոլորտի, ժամանակակից մարտահրավերների ու ռիսկերի մեր վերլուծությունները լսելի դարձան պետական կառույցներում: Չեմ թաքցնի, ավելի վաղ, մինչ 2014 թ. մեր գնահատականները, այդ թվում՝ կոնկրետ սպառնալիքներին վերաբերվող, ընկալվում էին որպես պարանոյա ու առանձնակի ուշադրության չէին արժանանում: Ժամանակը, սակայն, ամեն ինչ իր տեղը դրեց:
Ի թիվս այլնի, մեր կենտրոնը համագործակցում է այլ ուկրաինացի եւ արտասահմանցի գործընկերների հետ՝ պրոպագանդայի կործանարար ազդեցությանը հակազդելու հարցերով, ինչը տեղեկատվական պատերազմների առանցքային ասպեկտների է: Ինչ վերաբերվում է Հարավային Կովկասին, այդտեղ տարածաշրջանային ներկայացուցչություն բացելու գաղափարը ծնվեց երկու տարի առաջ: Մեզ համար կարեւոր էր բացվելը որպես գիտահետազոտական փորձագիտական կազմակերպության մասնաճյուղ, այլ ոչ թե որպես թղթակցական կետ: Իմիջիայլոց, մենք նման մասնաճյուղի առաքելության դրական փորձ ունենք Պրահայում:
Հարավկովկասյան մասնաճյուղի բազային նախագծերից մեկը տարածաշրջանի սառեցված հակամարտությունների արտացոլումն է ուկրաինական իրականության մեջ: Վրաստանն իր պատմությունն ունի, Հայաստանն Ադրբեջանի հետ՝ իր (խոսքը բնավ չի վերաբերվում զուտ Ուկրաինայում տեղի ունեցածին,այնտեղ եղած իրավիճակին): Մեզ համար կարեւոր է հնչել տարածաշրջանում, եւ արդեն առաջին տպավորությունները ցույց են տալիս, որ ուկրաինական նարատիվներն այստեղ ակտուալ են, սակայն կան բազմաթիվ սխալ կարծրատիպեր, որոնք վերաբերվում են այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում, որը կառուցում է ժամանակակից դեմոկրատական երկիր՝ արտաքին ագրեսիայի պայմաններում:
Թբիլիսիում մեր բացումը չի նշանակում Երեւանից եւ Բաքվից «հեռացածություն», իրականում մասնաճյուղը պետք է դառնա փորձագիտական հարթակ կովկասյան երեք երկրների մասնագետների համար: Նման հարթակի գոյությունը, թերեւս, կարող է ինչ-որ առումով նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, սպառնալիքներին հակազդման ոլորտում փորձի փոխանակմանը: Ի դեպ, իմ կարծիքով, թավշյա հեղափոխությունը Հայաստանի համար ակտուալացրեց դրսի քարոզչությանը հակազդելու կարեւորությունը: Դա տեսանելի է անզեն աչքով:
-Հայտնի է, որ օգոստոսի կեսերին Ուկրաինայի արեւելյան հատվածում շփման գծի երկայնքով լարվածությունն աճել է, իսկ Դոնեցկի Ազգային Հանրապետության լիդերի մահից հետո այդ լարվածությունը տեղափոխվել է արտաքին քաղաքական հարթություն: Ի՞նչ է սպասվում կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում: Եվ որքանո՞վ է Ուկրաինան պատրաստ ֆորս մաժորային զարգացումներին՝ հատկապես երկրում նախագահական ընտրությունների շեմին:
-Չէի ասի, թե այդ «լիդերի» մահը կարող է արտաքին քաղաքականության առումով լարվածություն առաջացնել: Այսպես կոչված նորմանդական ձեւաչափը, որի մասին հայտարարել է Ռուսաստանը, վաղուց արդեն «չաշխատող» տարբերակ է (թեեւ ցանկացած բանակցային հարթակ երբեք ավելորդ չի լինում): Մինսկի ձեւաչափն, ըստ երեւույթին, ոչ ոք չի պատրաստվում հանել օրակարգից: Եվ ի՞նչ տարբերություն, եթե բանակցային սեղանի շուրջ, մեկ մարիոնետը փոխարինվի մյուսով: Նա նույնպես փորձելու է ձեւացնել, պատմելով «քաղաքացիական պատերազմի» ու այլ իրականության մասին: Չէ՞ որ այս կրկեսը, ինչպես նաեւ «Մինսկի» փակուղին, ակնհայտ է, եւ հազիվ թե այդ լիկվիդացումն ինչ-որ բան փոխի:
Ավտոմատ կերպով Կիեւին մեղադրելը ահաբեկչության/սպանությունների մեջ (առանց ակնարկելու որեւէ հետաքննության մասին) սպասելի ռեակցիա է թե Մոսկվայից, թե «ԼԴԱՀ»-ից: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Իմ համոզմամբ, Զախարչենկոյի մահը արդյունք է պսեւդոհանրապետություններում՝ հատուկ ծառայությունների անդամների միջեւ բախումների, որոնք վերահսկում էին ինչ-ինչ գործընթացներ, մասնավորապես ֆինանսական հոսքերի հետ կապված: Մենք ավելի վաղ դա կարող էինք տեսնել «ԼԱՀ»-ում, որի արդյունքում ամեն ինչ բերվեց «ընդհանուր հայտարարի»: Լուգանսկի «առաջնորդը» (խոսքը Լուգանսկի առաջնորդ Իգոր Պլոտնիցկու մասին է-խմբ) սուսուփուս մեկնեց Մոսկվա: Իր Դոնեցկի կոլեգայի հետ դժբախտաբար ամեն ինչ այլ կերպ պատահեց, սակայն դա չի փոխում գործի էությունը: Կրեմլում կատարվածի հետ կապված որոշակի միջամտություն կա: Սեփական քննիչներին Դոնեցկ ուղարկելը արդեն խոսում է դրա մասին…
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի կողմից ցանկացած ֆորս մաժորի (ինչպես նաեւ այլ հարեւանների կողմից սադրանքների), ոչ ոք վաղուց պատրանքների չի հավատում: Հասարակությունը հոգեբանորեն պատրաստ է, մշտապես պատրաստ է եւ ըստ էության կատարելագործվում է ոչ միայն բանակը, այլեւ մյուս կառույցները: Հիշեցնեմ, որ ապրիլի 30-ից ճակատում ու ճակատային գոտում գործում է Միացյալ ուժերի օպերացիան (ՄՈՒՕ), որը իրավաբանորեն փոխարինում է Հակաահաբեկչական օպերացիային (ՀԱՕ):
Ավելի վաղ ընդունվել էր Ապաօկուպացման մասին օրենք, որտեղ հստակ ամրագրված է ագրեսոր երկիրը, Ղրիմի, Լուգանսկի ու Դոնեցկի ժամանակավորապես օկուպացված տարածքների խնդիրները, ամրագրված է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր դերակատարությունը ՄՈՒՕ-ում, նշված են Դոնեցկի եւ Լուգանսկի ռազմաքաղաքացիական վարչակազմերի հստակ ալգորիթմները ճակատում եւ ընդհանրապես իրավիճակի հնարավոր սրման դեպքում:
Ձեզ հետ համաձայն եմ, որ առաջիկա նախագահական ընտրությունները ուկրաինական պետության, պետականության համար որպես այդպիսին հսկայական մարտահրավեր են…Ռուսաստանին անհրաժեշտ է լիակատար վերահսկվող Ուկրաինա՝ Կիեւում քաղաքականապես լոյալ իշխանությամբ: Ճնշում կկիրառվի բոլոր թեկնածուների հանդեպ, որոնք կհավակնեն նախագահի պաշտոնին: Զուգահեռաբար «խաղադրույք» կկատարվի հենց հասարակության մեջ քաոսի, պատերազմի եւ խաղաղության թեմայի շահարկման վրա, ու այս համատեքստում ես չեմ բացառում իրավիճակի կտրուկ սրվելը ճակատում:
Ուկրաինան իրականում կանգնած է ծանր ընտրության առաջ, ոչ մի նորմալ մարդ չի կարող եւ չի ցանկանա հանդես գալ ընդդեմ խաղաղության: Այնուամենայնիվ, իրավիճակային «մեղմացումը» ագրեսորի պայմաններում դե ֆակտո կարող է մեր պատմության մեջ հերթական անգամ հանգեցնել պետականության կորստի; Իմ համոզմամբ, ուկրաինական հասարակությունը լիովին հասունացել է դա ընկալելու համար: Ինչպես նաեւ մշակել է որոշակի իմունիտետ՝ արտաքին սադրանքի եւ քարոզչության հանդեպ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ aravot.am կայքի ռուսերեն բաժնում