«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում հրավիրած ասուլիսում ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասաց, որ ժամանակին, երբ իրեն Մարտի 1-ի գործով զանգվածային անկարգություններ հրահրելու համար դատել են, դատել են կոնկրետ այն խոսքերի համար, որն ինքը չի ասել, այլ իրականում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Շանթ Հարությունյանն ասաց, որ որպես հանցագործության տարրեր պարունակող կարող է ընկալվել իր ելույթի վերջին մասը, որն ինքը չի ասել. «10 տարի անցել է, չեմ ասել ով ա ասել, հիմա ասում եմ, որովհետեւ Նիկոլն էլ դեպուտատ չի: Ելույթի հատված կար, երբ գործը փակում էին նոյեմբերին, որ ուղարկեին դատարան, ասացին՝ ստորագրի: Ասացի՝ շառ եք անում, ստեղ ելույթում բաներ կան, որ ես չեմ ասել: Ասացին՝ բա դե ասա, ո՞վ ա ասել, ասի՝ քո արեւին բա՞ն ես ջոկել, եթե ԿԳԲ-ում չեմ ասել, քե՞զ պիտի ասեմ: Ոչ թե ասեք ով ա ասել, այլ դատարանում բերեք իմ ելույթների ձայնագրությունները, ապացուցեք, որ էդ մասը ես եմ ասել…Մի մարդու ասածը բերել դնել ուրիշի ասածի վրա…Ես ենթադրում եմ, որ իրանք շահագրգռություն են ունեցել՝ Նիկոլ Փաշինյանի վիճակը թեթեւացնել, կարող ա արել են, որ ես կասկածեմ Նիկոլի վրա, դա էլ ԿԳԲ-ի ձեռագիր ա, ես չգիտեմ, բայց որ ինձ եկել ասում եք՝ Նիկոլը համաներումն ընդունեց, դու չընդունեցիր՝ հա, ես չընդունեցի, ինձ տարան գժանոց դրա համար, հետո էլ չստորագրեցի: Մարտի 1-ի գործով համաներում եղավ, ես չընդունեցի, ինձ տարան գժանոց, եթե ես մի անգամ էնքան եմ տառապել հրաժարվելուց, ձեզ թվում ա՝ երկրորդ անգամ այլեւս կփորձեմ չհրաժարվե՞լ: Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ես, չարաշահելով իմ լիազորությունները, իմ ընկեր Շանթին ասում եմ ազատեք անհապաղ, գան ասեն՝ դուրս արի, ես դուրս եմ գալու, հո չե՞մ ասելու էդ ապօրինություն ա: Եթե հիմա հանում են բաց ռեժիմով, թեւերս ոլորեն, դուրս հանեն՝ դուրս եմ գալու, այլընտրանք չունեն, բայց էն, որ իրանք իմ հետ պիտի համաձայնություն կայացնեն՝ թող մոռանան բոլորը…Հիմա թող Նիկոլ Փաշինյանը իմանա, Մարտի 1-ին ինձ մեղադրանք են ներկայացրել՝ նաեւ իր ելույթի հատվածը վերագրելով ինձ: Դա նույնն ա, որ ես երկու հոգու հետ էթամ կռիվ անեմ, երեք հոգու դանակահարեմ, փախնեմ, նրանց բռնեն, դանակահարության էպիզոդը դնեն նրանց վրա, հետո տենամ ամնիստիա ա, գամ հանձնվեմ: Ամբողջ ՀՀ-ում քրեական հանցագործությունները փակելը սենց ա եղել, մեկը փախել ա, մյուսի վրա սպիսատ են արել, նոր եկել են էն մյուսները»:
Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի, բայց հիմա պետք է ոչ թե իրեն բաց ռեժիմ առաջարկի, այլ նախ իր արժանապատվությունը պահի. «Սա իր արժանապատվության հարցն ա, պիտի ասի՝ հլը տենամ էդ ովքե՞ր են եղել, որ իմ ելույթը վերագրել են Շանթին, էդ տղեն 3 տարի տանջվել ա, 2 տարի բանտում, մի տարի՝ գժանոցում: Ես ավելի լավ ա 3 տարի բանտում լինեի, քան թե էդ մի ամիսը գժանոցում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ