Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին քննադատում է կոլխոզային հոգեբանության, մանիպուլյացիա անելու համար (տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2018 19:14

Ինչպես հայտնել ենք, այսօր «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ասուլիս էր հրավիրել:

Նա նեղսրտել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն համեմատում է իր երկու ընկերների հետ, որոնք համաձայնել են բաց ռեժիմով դուրս գալ, իսկ ինքը չի ստորագրում փաստաթղթերն ու չի համաձայնում: Նա ասաց, որ իր ընկերները լավն են, որովհետեւ Սովետական միության ժամանակ էլ են լավը եղել. «Վարդան Վարդանյանը 21 տարի ծառայել է հայկական բանակում, վիրավորվել է, ի տարբերություն ինձ, դրա համար ինձանից լավն է: Սովետական միության ժամանակ իրեն ԿԳԲ-ն զորակոչել էր ԿԳԲ-ի զորքերում ծառայելու, ես 80 թվին իմ 4 ընկերների հետ կարողացանք պիստալետ ճարել, որ սահմանը խախտելով անցնենք Թուրքիա, Գեւորգ Չաուշի պես իբր ֆիդայական կռիվ սկսենք:  Ես համոզված եմ, եթե իմ ընկերը Ֆինլանդիայի սահմանում չլիներ, թուրքական սահմանում լիներ, կգնդակահարեր նաեւ ինձ, որովհետեւ ինքը ազնիվ քաղաքացի է եղել, հավատարիմ ու անդավաճան, այ էդքան ինձանից լավն ա: Լիպարիտ Պետրոսյանը, որը էլի 28 տարվա հայրենասեր, լավ ընկեր է, ավելի լավն է: Եթե Վարդան Վարդանյանին սովետական պետությունը վստահում էր ԿԳԲ-ի զորքերում պաշտպանել Ֆինլանդիայի սահմանը, Լիպարիտ Պետրոսյանին զորակոչել էին բանակ՝ վստահելով երկրի համար մեկ պոստը: Ինքը զորակոչվել էր՝ պաշտպանելու Լենինի դամբարանը, այ էդքան լավ տղա ա եղել իմ լավ ընկերը: Ես էդ ժամանակ մի ընկերոջս հետ մտածում էի, օրինակ՝ Լենինի դամբարանը կուզեի պայթեցնեի, գիտեի, որ դա անհնար է, ընկերոջս հետ որոշել էինք Երեւանի Լենինի հրապարակի Լենինի արձանը պայթեցնել: Քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանին հարցրեք: Մենք դրա մասին մտածում էինք 79-ին: Եթե ես ուզենայի Լենինի դամբարանը պայթեցնել, իմ ընկեր Լիպարիտ Պետրոսյանը կպայթեցներ ինձ՝ հանուն Լենինի դամբարանի պաշտպանության, այ էդքան լավ տղայա՝ ազնիվ, նվիրված…Մի բան էլ ասեմ՝ Լիպոյին ու Վարդանին մնում էր 5,5 ամիս, իրանց կալենդարը լրանում էր պատժի, իրենց էլ հասնում է 6 ամսվա արձակուրդ, արձակուրդն էլ լրանար, իրանք կարող ա 20 օր առաջ ազատվեին: Երբ Նիկոլն ինձ առաջարկեց, ինձ 1.5 տարի պատիժ կար»:

Ըստ Շանթ Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանի համեմատությունը ցույց է տալիս, որ նա կոլխոզային հոգեբանություն ունի. «Համարում եմ դա սխալ ու դիտողություն եմ անում, նույն Սերժի կիրառած տեխնոլոգիան է անում»:

https://www.youtube.com/watch?v=7SWpPokHIBA

Նիկոլ Փաշինյանը խոսել էր բաց ռեժիմի մասին, որն առաջարկվել է Շանթ Հարությունյանին ընդունել, ինչը չի ընդունվել: Հարությունյանն ասաց. «Տարածում են, իբր ինձ ազատել են, ես չեմ ազատվում: Եթե ինձ բանտից ազատեին, էս մարդիկ ինձ մի րոպե ավել չէին կարա պահեին: Կարող է ես ինֆարկտ ստանամ, մեռնեմ, նրանց բռնեն-դատեն: Չի ազատվել՝ թեւերը ոլորեք, բանտից տարեք դուրս: Սուտ ա դա, խաբեություն: Ասում են՝ վարչապետն ա իրա կողմնակիցների մոտ տենց բան տարածում…Բաց ռեժիմը ազատություն չի: Երբ որ մենք արդարացում ենք պահանջում, մենք նկատի ունենք արդարադատություն: Ես ինչ ասում եմ՝ դա էլ նկատի ունեմ, ասում եմ՝ տանձ ուրեմն տանձ է, գանձ մի՛ հասկացեք: Երբ որ ասում եմ՝ արդարացում, նկատի ունեմ արդարադատություն, ու բոլոր նրանք, ովքեր ասում են՝ է, ի՞նչ արդարացում, թող հելնի, էդ մասսա կոչվածը թող իմանա, որ ինքը ճնշում ա ինձ՝ իմ արդարությունը պահանջելուն, ինքը ուզում ա, որ էս երկրում անարդարադատությունը շարունակվի: Երբ որ Սերժն իր թիմակիցներով միակողմանի արդարադատություն էր անում, անարդարադատության այդ կիրարկումը ռեժիմի կողմից դրսեւորվում էր ամեն ոլորտում, այս շերտը, որը Նիկոլին է պաշտպանում ու մեր արդարադատության պահանջին ասում է՝ ոչ,, ներում խնդրի, հելի, ի՞նչ արդարադատություն, իրանք նույն մարդիկ են, ինչ Սերժի թիմը, պռոստո ռեսուրս չունեն, որ լկտիությամբ անեն էդ անարդարադատության ճնշումները, ուղղակի քյասիբ են, պաշտոն չունեն, ֆեյսբուքում են անում էդ ստորությունը»:

Շանթ Հարությունյանն ասաց, որ իր տիպի մարդու համար բաց ռեժիմով կալանքը տանելն անընդունելի է ու բացատրեց, թե ինչու: Նա ասաց, որ ձմռանը, օրինակ, դժվար կլիներ ներկայանալ ՔԿՀ, բացի այդ, ինքը ռեժիմային մարդ չի, չի կարող ռեժիմով սահմանված այդ կարգերը պահպանել ու ուղիղ ճիշտ ժամանակին ՔԿՀ ներկայանալ, ստորագրություն թողնել. «Դա նենց չի, որ ազատություն էր: Պիտի անպայման 3 հատ նառուշենի անեմ, նորից գամ բա՞նտ, հենա նստած եմ: Ես ոչ աշխատանք ունեմ, ոչ բան ո՞նց պիտի Մասիվից նստեմ տաքսի, գամ: Պրակտիկ առումով հարմար չի»:

Երկրորդ պատճառը, թե ինչու չի ուզում բաց ռեժիմից օգտվել, Շանթ Հարությունյանն ասաց, որ իրավունք չունի ընտրություններին մասնակցել՝ ոչ ընտրել, ոչ ընտրվել: Շանթ Հարությունյանը մտավախություն ունի նաեւ, որ եթե ինքը բաց ռեժիմով ազատության մեջ լինի, այսպես ասած «գլխին կսարքեն» ու դրան կնպաստի Կրեմլը. «Ժողովուրդն ինձ փողոցում կտեսնի, կասի ինչի՞ ընտրություններին չի մասնակցում, կասեն՝ երեւի 1 տոկոս ձայն չունի, դրա համար, էլ չեն ասի, որ պատժի տակ ա, չի կարա: Ես ԿԳԲ-ին էդ շանսը տամ, որ ինքը տենց մանիպուլյացիա՞ անի, սկի էդ շանսը չեմ տվել՝ մանիպուլյացիա են անում, ասում են՝ ազատում ենք, դուրս չի գալիս»:

Շանթ Հարությունյանը քննադատեց վարչապետին այն խոսքի համար, որ չի միջամտում դատական իշխանության կայացրած որոշումներին. «Ասում ա՝ չեմ միջամտելու, թե չէ կնմանվեմ նախորդ ռեժիմին: Նախորդ ռեժիմին նմանվելու համար միջամտությունը չի ցուցիչ լինելու, միջամտություն անել բոլորն էլ իրավունք ունեն, պռոստո հարց ա՝ միջամտել ապօրինություն անելո՞ւ համար, թե՞ արդարության համար: Ինքը երեւի չի հասկացել, որ քաղաքական միջամտությունը ոչ թե սխալ է, այլ ապօրինի միջամտությունն է սխալ: Սրանք չի կարում տարբերի, կամ էլ միտումնավոր հերթական մանիպուլյացիան  է անում: Հիմա եթե ինքը չի միջամտում, էդ ո՞նց եղավ, որ Քոչարյանի Մարտի 1-ը բացեցին, քննիչները մի օր արդարադատ դառան, հելան ասին՝ պարոն Փաշինյան, ինչ լավ ա, որ չես միջամտում, մենք միշտ ուզում էինք Քոչարյանին ձերբակալեինք, Սերժը միջամտո՞ւմ էր:

Չէ՛: Նիկոլ Փաշինյանն ա ասել…Նիկոլն ասել է՝ վերանայեք, հետաքննություն, էդ 10 տարվա գործը կարան վերանայեն՝ հետաքննությամբ, մեր գործը, որը 5 տարի առաջ ա եղել, Օսիպյանը բացահայտ ասել ա, որ օպերատիվ է եղել, մեզ որպես խուլիգան ձերբակալել են, չե՞ն անում: Նիկոլը ճիշտ ա անում, որ բացում ա սարքոցիները, բա թող սա էլ բացի, թե՞ тут помню, тут не помню, որը իրա հետ քաղաքական շահագրգռություններ կա, ուզում ա բացի, որը չէ՝ չէ»:

https://www.youtube.com/watch?v=0RCW7k457GE&feature=youtu.be

 

https://www.youtube.com/watch?v=HFkd5m6Sw7g

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930