«Երբ մենք էինք դուխով, անցանք բոլոր հարվածների ու ճնշումների ճանապարհով, պայքարեցինք: Սա է մեր դուխը եւ այդպես էլ շարունակվելու է»,-նախընտրական հավաքում այսօր հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նա նշեց, որ ՕԵԿ նախընտրական ծրագիրը, որը միտված է լինելու Երեւանի զարգացմանն ու երեւանցու բարեկեցությանը, մանրամասն ներկայացվելու է սեպտեմբերի 10-ին:
ՕԵԿ-ի մշակած առաջնահերթ խնդիրներից նա առանձնացրեց բնակարանաշինությունը եւ քննադատեց «էլիտար» շենքերի կառուցումը. «Ամեն օր տեսնում ենք, որ էլիտար շենքեր են կառուցում, բայց Երեւանում այդքան էլիտա կա՞…Շարքային երեւանցիների համար պետք է բնակարաններ կառուցվեն՝ ոչ թե միայն կենտրոնում, այլեւ մյուս համայնքներում՝ Մասիվում, «Ղռեր»-ում…»: Մյուս խնդիրը, որը լինելու է Շահգելդյանի թիրախում, Երեւանում ապօրինի շինարարությունն է: «Ով իրեն «ֆեոդալ-քյոխվա» է զգում, ապօրինի շինություն է կառուցում»,-նկատեց նա:
ՕԵԿ նախընտրական ծրագիրը ներառելու է նաեւ բազմաբնակարան շենքերի վերելակների անվտանգության ապահովման, տրանսպորտի խնդիրներին առնչվող կետեր. այն առաջարկում է ստեղծել նաեւ կարիերայի զարգացման կենտրոններ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա աշխատանք գտնել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ