Մոսկովյան Կրեմլում այսօր կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, զրույցի սկզբում Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ հայ-ռուսական հարաբերություններն առանձնահատուկ են եղել դարերի ընթացքում. «Այսօր դրանք զարգանում են բոլոր ուղղություններով, հատկապես՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, անվտանգության ոլորտներում»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Չնայած ռուսական եւ հայկական մամուլում, ինչպես նաեւ՝ սոցցանցերում նկատվող վատատեսությանը, կարծում եմ՝ մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ եւ շատ բնական հունով: Երկկողմանի հարաբերություններում մեծ չօգտագործվող ներուժ կա: Վստահ եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում չլուծվող հարցեր չկան»:
Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին փաստել է, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են հետեւողականորեն եւ բոլոր ուղղություններով: Հիշեցնենք, որ սա Պուտին-Փաշինյան երրորդ հանդիպումն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ