Ջերմուկի առողջարաններից մեկում հանգստանալու էի մեկնել: Նոր էի մտել սենյակ, երբ դուռը թակեցին: Բացեցի այն և առջևս կանգնած տեսա սպիտակ խալաթով բուժքրոջը, որը սիրալիր բարևելուց հետո, ինձ հրավիրեց բժշկի մոտ:
Իր աշխատասենյակում բժշկուհին ուշադիր լսեց իմ գանգատները, ապա դարակից հանելով առողջարանային գրքույկի թարմ օրինակը՝ նշումներ կատարեց այնտեղ և տվեց ինձ:
Շնորհակալություն հայտնելով ուշադիր վերաբերմունքի համար, ցտեսություն ասացի ու դուրս եկա:
Վերադառնալով սենյակ, բացեցի գրքույկը, ծանոթացա օրվա ռեժիմին ու բուժական նշանակումների ժամանակացույցին:
Քիչ հետո ճաշարանում էի: Մաքուր ու հարմարավետ սրահում ընտրեցի իմ նախասիրած ուտելիքները և սկսեցի վայելել դրանք, որից հետո դուրս եկա զբոսնելու:
Ճեմուղով քայլելիս հանկարծ հետևիցս լսեցի անգլերեն խոսակցություն:
Երբ հետ նայեցի նրանցից բարձրահասակը կոտրտված անգլերենով հարցրեց.
-Do you speak English?
-Yes, I do,-ասացի ես:
Զբոսաշրջիկներ էին, մեկը՝ իտալացի, մյուսը՝ ամերիկացի: Սկսեցինք զրուցել: Իմ շփումը հիմնականում իտալացու հետ էր, քանի որ, նա էլ ինձ նման դժվար էր անգլերեն հաղորդակցվելու բառեր գտնում: Նրանք հիացած էին Հայաստանի բնության ու տեսարժան վայրերի գեղեցկությամբ: մարգարտյա Սևանա լիճը, Տաթևի վեհաշուք վանքի համալիրը իր ճոպանուղով, Շաքիի սքանչելի ջրվեժը, Գառնու հոյակերպ տաճարը, հինավուրց Զվարթնոցը, անկրկնելի Խոր վիրապը ցնցել էին նրանց, հատկապես զարմացած էին Երևանի ճարտարապետությամբ ու թանգարանների բազմազանությամբ: Իսկ հայերի բացառիկ հյուրասիրության մասին ոգևորությամբ պատմեցին, հիշելով, թե ինչպես հեռավոր գյուղերից մեկում, տեղի բնակիչները իրենց ճոխ հյուրասիրեցին՝ առանց դրամ վերցնելու: Դժգոհություն հայտնեցին հասարակական զուգարանների վիճակից ու աղբակույտերի առկայությունից:
Բաժանվելուց առաջ, ամերիկացին, որը ավելի զուսպ էր զրույցի ընթացքում, ինձ մեկնեց իր այցեքարտը, որի վրա հետո իմ առանձնասենյակում կարդացի ”National Bank State Tennessee, vice-president Tor Wander”.
Առողջարանային հագեցած օրերը մոտեցան ավարտին, մեկնեցի ավտոկայան: Ավտոբուսում իմ կողքին սիրունատես մի աղջիկ նստեց, զրույցի բռնվեցինք:
-Բարև ձեզ,-ասացի:
-Здравствуйте,-պատասխանեց ռուսերենով ժպիտը դեմքին:
-Ты армянка?
-Конечно.
-Հայաստանցի չե՞ս:
-Ոչ,-արդեն հայերենով պատասխանեց նա:
Մեր զրույցը շարունակվեց ամբողջ ճանապարհին: Նա հիացած էր Հայաստանի բնության բացառիկ գեղեցկությամբ, տեսարժան վայրերի գրավչությամբ, հայրենակիցների բացառիկ բարյացկամությամբ :
Ավտոկայանից հրաժեշտ տվեցինք իրար, իսկ հաջորդ օրը զանգահարեցի և հրավիրեցի օպերային ներկայացման:
Առաջին իսկ րոպեներից, նա կլանված ըմբոշխնում էր ներկայացումը, մերթընդմերթ էլ հայացքը տեղափոխում առաստաղից կախված հսկա ջահերի, ճարտարապետական խոյակների, դահլիճում նստածների վրա:
Ներկայացումը ավարտվեց, զրուցելով հասանք Հանրապետության հրապարակ, որտեղ հյուրանոցի համար էր վարձակալել:
Հրապարակը մեզ դիմավորեց իր գիշերային գեղեցկությամբ, երաժշտական շատրվանների շլացուցիչ փայլատակումներով:
Բարի գիշեր մաղթելուց առաջ, հարցրի թե ինչն է նրան բերել Հայաստան:
-Ես ծնվել ու մեծացել եմ Ղազախստանում, ծնողներս վաղուց են այստեղից տեղափոխվել: Վերջերս ընդհարվեցի նրանց հետ, ես ուզում եմ, որ մենք Հայաստան վերադառնանք, օտար եմ զգում այդ հողում, իսկ նրանք հակառակում են: Մեկ ամիս առաջ, նրանցից գաղտնի, ինքնաթիռի տոմս գնեցի, եկա Երևան, հետո զանգահարեցի, տեղյակ պահեցի նրանց, որ չանհանգստանան: Շրջեցի Հայաստանով մեկ, իսկ վերջում հանգրվանեցի Ջերմուկում: Երեկ զանգահարեցի մայրիկիս, շատ էի կարոտել մերոնց, ներողություն խնդրեցի վշտացնելու համար, խոստացա, որ կվերադառնամ տուն միայն մի պայմանով, որ հետ գանք մեր նախնիների երկիր, Հայաստան, այստեղ ինձ ապահով ու հանգիստ եմ զգում:
Հաջորդ օրը մենք հանդիպեցինք օդանավակայանում:
Նա ջերմորեն փաթաթվեց ինձ, շնորհակալություն հայտնեց իրեն օպերա-հրաշքի հետ առաջին անգամ ծանոթացնելու համար, քրոջ նման համբուրեց ու արցունքներն աչքերին վազեց դեպի ուղևորատար անցուղին, հետո շուռ եկավ, ձեռքով արեց, ապա թաց աչքերը սրբելով, անհետացավ իմ տեսադաշտից:
Հիպնոսացած կանգնել և ձեռքի շարժումով պատասխանում էի նրան ու մտածում, թե ինչպես անծանոթ այդ աղջիկը հեռավոր Ղազախստանից ինձ այդպես արագ հարազատ ու բարեկամ դարձավ:
«Մինչ վերադարձ»,-բարձրաձայնեցի ես ու մտախոհ մեկնեցի տուն:
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ