Առաջին արձագանքը ավտովթարի ժամանակ
Սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես Առաջին օգնության համաշխարհային օր: Դրա նպատակն է բարձրացնել կյանքեր փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև ջատագովել, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին:
Տարեկան ավելի քան 1.25 միլիոն մարդ է մահանում ավտովթարի հետևանքով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն, եթե հետևողական քայլեր չձեռնարկվեն, մինչև 2030 թվականը ճանապարհատրանսպորտային պատահարները մահացության 7-րդ հիմնական պատճառը կդառնան։
Առաջին օգնությունը արդյունավետ և արագ գործողությունների շարքում կենսական նշանակություն ունեցող այն առաջին քայլն է, որն օգնում է կանխել լուրջ վնասվածքները և մեծացնել փրկվելու շանսերը: Այսպիսով, Առաջին օգնության դասընթաց անցնելն ու համապատասխան գիտելիքներ ձեռք բերելն այն արդյունավետ միջոցն է, որ բարձրացնում է ճանապարհային անվտանգության և՝ վթարի դեպքում, պարզ գործողություններ կատարելու վերաբերյալ իրազեկվածությունը։
Արդեն երկար տարիներ է, ինչ Առաջին օգնությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ռազմավարական ուղղություններից է:
ՀԿԽԸ-ն միակն է երկրում, որ Առաջին օգնության Եվրոպական խորհրդատվական կենտրոնի չափանիշներին համապատասխան դասընթացներ է իրականացնում տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար՝ արտակարգ իրավիճակներից և դժբախտ պատահարներից բնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակով: ՀԿԽԸ Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի մասնագետներն իրականացնում են նաև ԱՕ սպասարկում զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ծրագրեր` ուղղված երեխաների անվտանգ վարքագծի դաստիարակմանը:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է Կառավարությանն աջակցող կառույց` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
Հայկական Կարմիր Խաչի ընկերություն