Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Օմսկում մեկնարկած «Գրան Պրի» վարկանիշային մրցաշարում, որը հեծանվասպորտում «Էլիտ ռաունդի» կարգավիճակ ունի, այսինքն մասնակցում է մարզաձեւի էլիտան՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ եւ մեդալակիրներ, այսօր երկրորդ հաղթանակը տոնեց:
Օմնիումի սկրեչ մրցաձեւում հաղթելուց հետո կազմակերպիչները հեծանվորդներին մոտ 35 րոպե հանգստանալու հնարավորություն էին տվել, որից հետո մեկնարկեց տեմպո մրցաձեւը՝ 40 շրջան, 35 եզրագծով:
Էդգարն այստեղ էլ զարմացրեց բոլորին: Նա հաղթեց 10 շրջանում՝ 5-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ, 22-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ եւ մեկ շրջան առավելությամբ մեկ օրում երկրորդ անգամ բարձրացավ պատվո պատվանդանի 1-ին աստիճան:
Այժմ հեծանվորդները հանգստանում են երեք ժամ, որից հետո կտրվի նաեւ սկրեչ մրցաձեւի եւս երկու մեկնարկ (դուրս գալով եւ միավորներով): Հիշեցնենք, որ այս երկուսը Էդգար Ստեփանյանի նախասիրած մրցաձեւերն են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ